Երեմիա 6։1-30

6  Փախէք, ով Բենիամինի որդիք, Երուսաղէմի միջիցը, եւ Թեկուէումը փող հնչեցրէք, եւ Բեթաքարմայի վերայ նշան բարձրացրէք. որ չարիք է յարձակուել հիւսիսից եւ մեծ կոտորած։  Ես լռեցնում եմ վայելչագեղ եւ փափկացեալ Սիօնի աղջկանը։  Նորա մօտ գալիս են հովիւներ եւ իրանց հօտերը, նորա դէմ վրաններ են կանգնեցնում շուրջանակի, ամեն մէկը արածեցնում է իր բաժնումը։  Սուրբ պատերազմ որոշեցէք նորա դէմ, վեր կացէք, որ վեր գնանք կէս օրին. վա՜յ մեզ, որ օրը դարձել է, եւ երկարացել են երեկոյեան ստուերները։  Վեր կացէք, որ վեր գնանք գիշերով, եւ կործանենք նորա պալատները։  Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Փայտ կտրեցէք եւ պատնէշ կառուցէք Երուսաղէմի դէմ. այս քաղաքին այցելութիւն պիտի լինի, բոլոր նորա միջինը զրկանք է։  Ինչպէս որ ջրհորը բղխում է իր ջուրերը, նոյնպէս էլ նա բղխում է իր չարութիւնը. նորանում զրկանք եւ յափշտակութիւն է լսվում, իմ առաջին կան միշտ ցաւ եւ հարուած։  Խրատուիր, ով Երուսաղէմ, որ հոգիս քեզանից չ’բաժանուի, որ քեզ աւերակ երկիր չ’շինեմ անբնակ։  Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Բոլորովին ճռաքաղ պիտի անեն որթի պէս Իսրայէլի մնացորդին. ձեռքդ դարձրու քաղողի պէս դէպի կողովը։ 10  Ո՞ւմ ասեմ եւ վկայեմ, որ լսեն. ահա նորանց ականջը անթլփատ է, եւ չեն կարող լսել, ահա Տիրոջ խօսքը նորանց համար անարգանք եղաւ, նորանից չեն ախորժում։ 11  Սակայն Տիրոջ բարկութիւնովը լիքն եմ, յոգնած եմ տանելուցը։ Թափիր տղերանց վերայ դրսումը եւ երիտասարդների բոլոր խմբի վերայ. որովհետեւ մարդն էլ կնկայ հետ պիտի բռնուին, ծերը՝ տարիները առածի հետ։ 12  Եւ նորանց տները պիտի ուրիշների անցնեն, ագարակներն ու կանայքն միասին. որ իմ ձեռքը պիտի երկարացնեմ երկրի բնակիչների վերայ, ասում է Տէրը։ 13  Որովհետեւ նորանց պզտիկիցը մինչեւ նորանց մեծը, բոլորն էլ շահի ագահ են. եւ մարգարէիցը մինչեւ քահանան բոլորն էլ ստաբաններ են։ 14  Եւ իմ ժողովրդի աղջկայ վերքը բժշկում են թեթեւ կերպով, ասելով՝ Խաղաղութիւն, խաղաղութիւն. քանի որ խաղաղութիւն չ’կայ։ 15  Մի՞թէ ամաչում են պղծութիւն անելիս, ոչ ամաչել են ամաչում, ոչ պատկառել գիտեն. դորա համար պիտի ընկնեն ընկնողների հետ, եւ ես նորանց այցելելիս պիտի գլորուին, ասում է Տէրը։ 16  Այսպէս է ասում Տէրը. Կանգնեցէք ճանապարհներին եւ տեսէք եւ հարցրէք վաղեմի ճանապարհներից, թէ արդեօք որն է լաւ ուղին, այն ժամանակ գնացէք նորանով. եւ դուք հանգստութիւն կ’գտնէք ձեր հոգիների համար։ Բայց նորանք ասում են՝ Չենք գնում։ 17  Եւ ձեզ վերայ դէտեր նշանակեցի, թէ Ուշադիր եղէք փողի ձայնին, բայց նորանք ասում են՝ Ուշադիր չենք լինում։ 18  Ուրեմն լսեցէք, ով ազգեր, եւ իմացիր, ով ժողով, նորանց միջինը։ 19  Լսիր, ով երկիր, ահա ես այս ժողովրդի վերայ չարիք եմ բերելու, նորանց խորհուրդների պտուղը. որ ուշ չ’դարձրին իմ խօսքերին, եւ իմ օրէնքն էլ մերժեցին։ 20  Ի՞նչու Սաբայից կնդրուկ գայ ինձ համար, եւ անուշահոտ խնկեղէգը՝ հեռու երկրից. ձեր ողջակէզները ընդունելի չեն, եւ զոհերը ինձ հաճելի չեն։ 21  Վասն որոյ այսպէս է ասում Տէրը. Ահա ես խոշեր եմ դնում այս ժողովրդի համար. եւ նորանցով պիտի գլորուին հայրերը եւ որդիքը մէկտեղ, դրացին եւ նորա հարեւանը պիտի կորչեն։ 22  Այսպէս է ասում Տէրը. Ահա մի ժողովուրդ է գալիս հիւսիսի երկրիցը, եւ մի մեծ ազգ է դուրս գալիս երկրի ծայրերիցը։ 23  Աղեղ եւ նիզակ են բռնած, անգութ են եւ չեն ողորմիլ, նորանց ձայնը գոռում է ծովի նման, եւ ձիերի վերայ են հեծնում, շարուած են պատերազմի մարդկանց պէս քեզ դէմ, ով Սիօնի աղջիկ։ 24  Նորա լուրը լսեցինք, մեր ձեռքերը թուլացան, ցաւը բռնեց ծննդականի երկունքի պէս։ 25  Դուրս մի գնաք արտերը եւ ճանապարհին մի կանգնէք, որովհետեւ թշնամիի սուրը կայ. վախ է շուրջանակի։ 26  Ով իմ ժողովրդի աղջիկ, քուրձ հագիր, եւ մոխրում թաւալուիր. միամօրի սուգ արա՝ դառնակսկիծ կոծ, որ յանկարծակի պիտի գայ կործանողը մեզ վերայ։ 27  Ես քեզ իմ ժողովրդի մէջ փորձող եմ շինել իբրեւ մի բերդ, որ իմանաս նորանց ճանապարհը եւ փորձես։ 28  Նորանք ամենքը կամակոր ապստամբներ են, բանսարկութեամբ վարուողներ են՝ պղինձ եւ երկաթ. նորանք ամենքն էլ ապականիչ են։ 29  Փուքսը այրուեցաւ, կրակիցը վերջացաւ կապարը, զուր է հալեցնում հալեցնողը. որովհետեւ չարերը չ’ջոկուեցան։ 30  Խոտան արծաթ են կոչելու նորանց, որովհետեւ Տէրը մերժեց նորանց։

Ծանոթագրություններ