Երեմիա 9։1-26

9  Երանի՜ թէ գլուխս ջուր լինէր, եւ աչքերս՝ արտասուքի աղբիւր. եւ ես լաց կ’լինէի ցերեկ եւ գիշեր իմ ժողովրդի աղջկայ սպանուածների վերայ։  Ո՜հ թէ ինձ անապատի մէջ ուղեւորների իջեւան տային. եւ ես կ’ձգէի իմ ժողովուրդը եւ կ’գնայի նորանց մօտից, որովհետեւ նորանք ամենքը շնացողներ են, խաբեբաների խումբ են։  Եւ նորանք լարում են իրանց լեզուները սուտի համար իբրեւ իրանց աղեղը, եւ ոչ թէ ճշմարտութեամբ եւ քաջանում երկրի վերայ, որովհետեւ մի չարութիւնից դուրս են գալիս մտնում միւսը, եւ ինձ չեն ճանաչում, ասում է Տէրը։  Ամեն մարդ զգուշանայ իր ընկերիցը, եւ ամենեւին մէկ եղբօր մի ապաւինէք, որովհետեւ ամեն եղբայր խաբում է խաբեութեամբ եւ ամեն ընկեր ման է գալիս բանսարկութեամբ։  Եւ ամեն մարդ նենգում է իր ընկերին, եւ ճշմարտութիւն չեն խօսում, սովորեցրել են իրանց լեզուն սուտ ասելու, անիրաւութիւն անելով յոգնում են։  Քո բնակութիւնը խարդախութեան մէջ է. խարդախութեան համար չեն ուզում ինձ ճանաչել, ասում է Տէրը։  Դորա համար Զօրաց Տէրը այսպէս է ասում. Ահա ես նորանց պիտի հալեցնեմ եւ նորանց փորձեմ, որովհետեւ էլ ի՞նչպէս անեմ ես իմ ժողովրդի աղջկայ հետ։  Մահաբեր նետ է նորանց լեզուն՝ նենգութիւն է խօսում իր ընկերի հետ, իսկ իր սրտումը դարան է պատրաստում նորան։  Սորանց համար ես նորանց չ’այցելե՞մ, ասում է Տէրը. կամ մի այսպիսի ազգից իմ հոգին վրէժ չ’առնէ՞։ 10  Սարի մասին բարձրաձայն պիտի լաց լինեմ եւ ողբամ, եւ անապատի արօտների համար կոծ անեմ, որովհետեւ այրուել են, անցնող չ’կայ, եւ խաշինքների ձայն չեն լսում, երկնքի թռչուններիցը մինչեւ անասունը փախան գնացին։ 11  Եւ ես Երուսաղէմը պիտի անեմ փլատակների դէզեր՝ չագալների բնակարան. եւ Յուդայի քաղաքների ամայի պիտի շինեմ որ բնակող չ’լինի։ 12  Ո՞վ է այն իմաստուն մարդը, որ սա հասկանայ. եւ այն՝ ինչ որ խօսել է Տիրոջ բերանը դէպի նորան, եւ պատմէ այն, թէ երկիրը ի՞նչու համար է փչացել, եւ այրուել անապատի պէս, որ անցնող չ’կայ։ 13  Եւ Տէրն ասեց. Նորա համար որ թողեցին իմ օրէնքը որ ես դրել էի նորանց առաջին, եւ իմ ձայնը չ’լսեցին եւ նորանում չ’վարուեցան։ 14  Այլ գնացին իրանց սրտի կամակորութեան ետեւից, եւ այն Բահաղների ետեւից, որ իրանց հայրերը սովորեցրին իրանց։ 15  Սորա համար այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես այս ժողովրդին օշինդր եմ ուտեցնելու, եւ լեղի ջուր եմ խմեցնելու։ 16  Եւ նորանց պիտի ցրուեմ ազգերի մէջ, որոնց ոչ իրանք գիտէին, ոչ իրանց հայրերը, եւ նորանց ետեւից պիտի սուրն ուղարկեմ, մինչեւ որ նորանց վերջացնեմ։ 17  Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մտածեցէք եւ լալկան կանայք կանչեցէք, որ գան, եւ այս բանում վարպետ կնիկների ետեւից մարդ ուղարկեցէք, որ գան։ 18  Եւ շուտով գան եւ մեզ վերայ բարձրացնեն ողբը, եւ մեր աչքերը արտասուք թափեն, եւ մեր արտեւանունքներից ջուրեր յորդեն։ 19  Որովհետեւ Սիօնից ողբի ձայն լսուեցաւ՝ Ինչպէ՜ս կործանուեցանք, շատ ամաչեցինք. որովհետեւ ձգեցինք երկիրը, ըստ որում դէն էին գցել մեր բնակարանները։ 20  Ուրեմն, ով կանայք, լսեցէք Տիրոջ խօսքը, եւ ձեր ականջն ընդունէ նորա բերանի խօսքը, եւ ձեր աղջկերանցը ողբ սովորեցրէք, եւ ամեն մէկ կին իր ընկերին՝ լաց։ 21  Որովհետեւ մահը վեր ելաւ մեր պատուհանները, մտաւ մեր պալատները, որ բնաջինջ անէ երեխային փողոցից, երիտասարդներին՝ հրապարակներից։ 22  Ասիր թէ Տէրն այսպէս է ասում. թէ Մարդկանց դիակները վայր պիտի ընկնեն ինչպէս աղբը՝ դաշտի երեսի վերայ, եւ ինչպէս խուրձերը՝ հնձողի ետեւին, որ ժողովող չ’լինի։ 23  Այսպէս է ասում Տէրը. Իմաստունը իր իմաստութիւնովը չ’պարծենայ, եւ զօրաւորը իր զօրութիւնովը չ’պարծենայ, հարուստը իր հարստութիւնովը չ’պարծենայ. 24  Այլ սորանով պարծենայ, ով որ պարծենում է, թէ հասկանում եւ ճանաչում է ինձ, որ ես եմ Տէրը, որ երկրի վերայ ողորմութիւն, իրաւունք եւ արդարութիւն եմ անում, որ ես սորանց եմ հաւանում, ասում է Տէրը։ 25  Ահա օրեր կ’գան, ասում է Տէրը, որ պիտի այցելեմ բոլոր թլփատուածներին եւ անթլփատներին, 26  Եգիպտոսին եւ Յուդային եւ Եդովմին, եւ Ամմոնի որդկանցը եւ Մովաբին, եւ բոլոր մօրուքների ծայրը կտրողներին, որ բնակվում են անապատումը. որովհետեւ բոլոր ազգերը անթլփատ են, բայց բոլոր Իսրայէլի տունը անթլփատ է սրտով։

Ծանոթագրություններ