Եփեսացիներ 5։1-33

5  Արդ նմանող եղէք Աստուծուն ինչպէս սիրելի որդիներ:  Եւ սէրով գնացէք, ինչպէս որ Քրիստոսն էլ մեզ սիրեց, եւ իր անձը մեզ համար մատնեց, պատարագ եւ զոհ Աստուծոյ անոյշ հոտ լինելու.  Բայց պոռնկութիւն եւ ամեն պղծութիւն, կամ ագահութիւն թող չ’անուանուի ձեզանում՝ ինչպէս սուրբերին կ’վայելէ:  Եւ գարշութիւն, կամ յիմար խօսքեր, կամ խեղկատակութիւն, որ չեն վայելում. այլ մանաւանդ գոհութիւն:  Որովհետեւ սա գիտէք, որ ոչ մի պոռնիկ, կամ պիղծ, կամ ագահ, որ կռապաշտ է՝ ժառանգութիւն չ’ունի Քրիստոսի եւ Աստուծոյ արքայութիւնումը:  Ոչ ով թող չ’խաբէ ձեզ դարտակ խօսքերով. որովհետեւ այս պատճառով էլ՝ Աստուծոյ բարկութիւնը գալիս է անհնազանդութեան որդիների վերայ:  Ուրեմն մասնակից մի լինիք նորանց:  Վասնզի մի ժամանակ խաւար էիք, իսկ հիմա լոյս էք Տէրումը. լոյսի որդիների պէս գնացէք:  Որովհետեւ Հոգու պտուղը ամեն բարութիւնով է, եւ արդարութիւնով, եւ ճշմարտութիւնով: 10  Փորձեցէք թէ ինչ է հաճոյ Տիրոջը: 11  Եւ մասնակից մի լինիք խաւարի անպտուղ գործերին. այլ մանաւանդ յանդիմանեցէք: 12  Որովհետեւ նորանց միջումը ծածուկ գործուածները խօսքով ասելն էլ ամօթ է: 13  Բայց ամեն բան՝ լոյսիցը յանդիմանուած՝ յայտնի է լինում. վասն զի ամեն բան՝ որ յայտնի է լինում, լոյս է: 14  Սորա համար էլ ասում է. Վեր կաց, ով քնած, եւ վեր կանգնիր մեռելներից, եւ Քրիստոսը կ’լուսաւորէ քեզ: 15  Արդ նայեցէք թէ ինչպէս զգուշութեամբ վարուիք. ոչ թէ ինչպէս անխելքներ, 16  Այլ ինչպէս իմաստուններ. գնեցէք ժամանակը. որ օրերը չար են, 17  Նորա համար մի լինիք անմիտ, այլ իմացէք թէ ինչ է Տիրոջ կամքը: 18  Եւ մի արբենաք գինով, որ նորանում անառակութիւն կայ, այլ լցուեցէք Հոգով, 19  Խօսելով ձեր մէջ սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով, երգեցէք եւ սաղմոսեցէք ձեր սրտերումը Տիրոջը: 20  Ամեն ժամանակ ամեն բանի համար գոհացէք Աստուածանից եւ Հօրիցը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը: 21  Իրար հնազանդ եղէք Աստուծոյ վախովը: 22  Կանայք, հնազանդեցէք ձեր մարդկանցը ինչպէս Տիրոջը: 23  Մարդը կնոջ գլուխն է՝ ինչպէս Քրիստոս էլ եկեղեցու գլուխը, եւ ինքն է մարմնին Փրկիչը: 24  Բայց ինչպէս եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպէս էլ կանայք՝ իրանց մարդկանցն ամեն բանի մէջ: 25  Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, ինչպէս Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն եւ իր անձը մատնեց նորա համար. 26  Որ նորան սրբացնէ՝ մաքրելով ջրի աւազանովը՝ խօսքով. 27  Որ իր առաջին փառաւոր կանգնեցնէ եկեղեցին, որ չ’ունենայ մի արատ կամ խորշոմութիւն կամ ուրիշ բաներ, որ սուրբ եւ անարատ լինի: 28  Այսպէս պէտք է մարդիկ սիրեն իրանց կանանցը, ինչպէս իրանց մարմինները. ով որ իր կնոջը սիրում է, իրան է սիրում: 29  Վասնզի ոչ ով իր անձը չէ ատել, այլ կերակրում է եւ պահպանում է նորան. ինչպէս Տէրն էլ եկեղեցին: 30  Որովհետեւ նորա մարմնի անդամներն ենք, նորա մարմնիցը եւ նորա ոսկորներիցը: 31  Սորա համար մարդը կ’թողէ իր հօրը եւ մօրը, եւ իր կնկան կ’յարէ եւ երկուսը մէկ մարմին կ’լինին: 32  Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի եւ եկեղեցու վերայ եմ ասում: 33  Սակայն դուք էլ մի ըստ միոջէ ամեն մէկն իր կնկանը թող այնպէս սիրէ ինչպէս իր անձը. եւ կինը վախենայ իր մարդիցը:

Ծանոթագրություններ