Զաքարիա 11։1-17

11  Բաց արա դռներդ, ով Լիբանան, եւ կրակը լափէ քո եղեւինները։  Թող ողբայ մայր ծառը, որովհետեւ ազնուականները կողոպտուել են. թող ողբան Բասանի կաղնիները, որովհետեւ իջել է անմատչելի անտառը։  Հովիւների ողբալու ձայնը գալիս է, որովհետեւ կողոպտուել է նորանց փառքը, գալիս է կորիւնների մռնչելու ձայնը, որովհետեւ կողոպտուել է Յորդանանի շքեղութիւնը։  Այսպէս է ասում իմ Տէր Աստուածը.  Արածացրու մորթուելու հօտը, որոնց առնողները մորթում են ու յանցաւոր չեն. եւ որոնց ծախողները ասում են. Օհնեալ լինի Տէրը որ հարստացայ. եւ նորանց հովիւները չեն գթալու նորանց վերայ։  Որովհետեւ այլ եւս չեմ գթալու երկրի բնակիչների վերայ, ասում է Տէրը, եւ ահա ես մարդկանց իրար ձեռը պիտի գցեմ եւ իր թագաւորի ձեռը, եւ նորանք պիտի զարկեն երկիրը, եւ պիտի չ’փրկեմ նորանց ձեռիցը։  Եւ ես արածեցրի այն մորթուելու հօտը, այսինքն հօտի թշուառները, եւ ես երկու գաւազան առայ, մէկին կոչեցի Գեղեցկութիւն* եւ միւսին կոչեցի Կապեր, եւ արածեցրի հօտը։  Եւ փչացրի երեք հովիւներին մէկ ամսում, որովհետեւ սիրտս վրդովուել է նորանց վերայ, եւ նորանց սրտերն էլ ինձանից էին զզուել։  Եւ ես ասեցի. Ձեզ չեմ հովուելու, մեռնողը թող մեռնէ, եւ փչանողը փչանայ. եւ մնացածները թող մէկզմէկի միս ուտեն։ 10  Եւ ես վեր առայ իմ գաւազանը՝ Գեղեցկութիւնը, եւ կոտրեցի նորան, որ ցրեմ իմ ուխտը, որ արել եմ բոլոր ազգերի հետ։ 11  Եւ նա քանդուեցաւ նոյն օրը, եւ այսպէս ճանաչեցին հօտի խեղճերը, որ սպասում էին ինձ, թէ սա Տիրոջ խօսքն է։ 12  Եւ ես նորան ասեցի. Եթէ հաճելի է ձեր աչքին, տուէք իմ վարձքը, իսկ եթէ ոչ, թող տուէք. եւ նորանք կշռեցին իմ վարձքը երեսուն արծաթ։ 13  Եւ Տէրն ասեց ինձ, Դէն գցիր դա բրուտի մօտ, պատուական գին է, որով ես գնահատուեցայ նորանց կողմից. եւ ես առայ այն երեսուն արծաթը, եւ գցեցի նորան Տիրոջ տունը բրուտի մօտ։ 14  Եւ կոտրեցի իմ երկրորդ գաւազանը՝ Կապերը. որ քանդեմ Յուդայի եւ Իսրայէլի միջի եղբայրութիւնը։ 15  Եւ Տէրն ասեց ինձ. Էլի քեզ համար յիմար հովիւի գործիքներ առ։ 16  Որովհետեւ ահա ես երկրի վերայ մի հովիւ եմ յարուցանելու, նա կորչողին պիտի չ’այցելէ, եւ ցրուածը պիտի չ’որոնէ, եւ կոտրածը պիտի չ’բժշկէ, կանգնածին պիտի չ’խնամէ. այլ գէրերի միսը պիտի ուտէ եւ նորանց կճղակները փշրէ։ 17  Վա՜յ փուչ հովիւին, որ ձգում է հօտը. սո՜ւրը նորա բազուկի վերայ եւ նորա աջ աչքի վերայ. նորա բազուկը պիտի անպատճառ չորանայ, եւ նորա աջ աչքը պիտի անպատճառ խաւարուի։

Ծանոթագրություններ

11։7 Կամ՝ Շնորհք։