Զաքարիա 12։1-14

12  Տիրոջ խօսքի պատգամը Իսրայէլի մասին. ասում է Տէրը, որ տարածում է երկինքը եւ հիմնում է երկիրը եւ ստեղծում է մարդի հոգին նորա միջումը.  Ահա ես Երուսաղէմը թմրութեան բաժակ եմ շինելու բոլոր շրջակայ ազգերի համար, եւ Յուդայի վերայ էլ պիտի լինի Երուսաղէմի պաշարման ժամանակին։  Եւ պիտի լինի որ այն օրը ես Երուսաղէմը ծանր քար եմ շինելու բոլոր ազգերի համար, ամեն նորան բարձրացնողները պիտի անպատճառ ջարդուին, եւ նորա վերայ պիտի ժողովուին երկրի բոլոր ազգերը։  Այն օրը, ասում է Տէրը, պիտի ամեն ձի զարկեմ սոսկումով, եւ նորա հեծեալին՝ գիժութիւնով, իսկ Յուդայի տան վերայ պիտի բանամ աչքերս, եւ ժողովուրդների բոլոր ձիերը պիտի զարկեմ կուրութիւնով։  Եւ Յուդայի տոհմապետները պիտի ասեն իրանց սրտումը. Ինձ համար զօրութիւն են Երուսաղէմի բնակիչները իրանց Զօրաց Տէր Աստուծովը։  Այն օրը ես Յուդայի տոհմապետներին պիտի շինեմ կրակի վառարանի պէս փայտերի մէջ, եւ կրակի ջահի պէս՝ որաների մէջ, եւ նորանք պիտի ուտեն աջ ու ձախ բոլոր շրջակայ ժողովուրդներին, եւ Երուսաղէմը դարձեալ իր տեղը պիտի բնակուէ՝ Երուսաղէմումը։  Եւ Տէրը պիտի փրկէ առաջ Յուդայի վրանները, որպէս զի չ’հպարտանայ Դաւիթի տան պարծանքը, եւ Երուսաղէմի բնակչի պարծանքը՝ Յուդայի վերայ։  Այն օրը Տէրը պիտի պաշտպանէ Երուսաղէմումը բնակողին, եւ նորանց միջի դիւրագայթոտը այն օրը Դաւիթի պէս պիտի լինի, եւ Դաւիթի տունը՝ Աստուծոյ պէս, Տիրոջ հրեշտակին պէս նորանց առաջին։  Եւ պիտի լինի այն օրը որ ես պիտի ջանամ փչացնելու այն բոլոր ազգերը, որոնք կ’գան Երուսաղէմի վերայ։ 10  Եւ պիտի թափեմ Դաւիթի տան վերայ, եւ Երուսաղէմումը բնակողի վերայ շնորհքի եւ աղօթքի հոգին. եւ նորանք պիտի մտիկ տան ինձ, որին խոցեցին. եւ սուգ պիտի անեն նորա վերայ միամօրի սուգի պէս. եւ պիտի ցաւեն նորա վերայ, ինչպէս որ անդրանկի վերայ կ’ցաւեն։ 11  Այն օրը սուգը մեծ պիտի լինի Երուսաղէմումը, ինչպէս Ադադ–ռիմմօնի սուգը Մակեդդովի դաշտումը։ 12  Եւ երկիրը պիտի սուգ անէ, ամեն մի ազգատոհմ առանձին. Դաւիթի տան ազգատոհմը առանձին եւ նորանց կանայք առանձին, Նաթանի տան ազգատոհմը առանձին եւ նորանց կանայք առանձին. 13  Ղեւիի տան ազգատոհմը առանձին եւ նորանց կանայքն առանձին, Սէմէիի ազգատոհմը առանձին եւ նորանց կանայքն առանձին։ 14  Բոլոր մնացեալ ազգատոհմները ամեն մէկն առանձին, եւ նորանց կանայքն առանձին։

Ծանոթագրություններ