Թվեր 14։1-45

14  Եւ բոլոր ժողովքը ձայնը բարձրացրեց եւ աղաղակեց. եւ ժողովուրդը լաց եղաւ այն գիշերը։  Եւ տրտնջեցին Իսրայէլի բոլոր որդիքը Մովսէսի եւ Ահարօնի դէմ. եւ բոլոր ժողովքն ասեց նորանց. Երանի՜ թէ Եգիպտոսի երկրումը մեռած լինէինք. կամ երանի թէ այս անապատի մէջ մեռած լինէինք։  Եւ ի՞նչու համար Եհովան մեզ այս երկիրը բերաւ, որ սրով ընկնենք, եւ մեր կանայքն ու մեր որդիքը յափշտակուին. լաւ չէ՞ մեզ համար որ Եգիպտոս դառնանք։  Եւ իրար ասեցին, Եկէք մէկ զօրագլուխ ընտրենք եւ Եգիպտոս դառնանք։  Եւ Մովսէսն ու Ահարօնն իրանց երեսի վերայ ընկան Իսրայէլի որդկանց բոլոր ժողովուած ժողովքի առաջը։  Եւ երկիրը լրտեսողներից Նաւէի որդի Յեսուն եւ Յեփոնէի որդի Քաղէբն իրանց հանդերձները պատառեցին.  Եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի հետ խօսեցին ասելով. Այն երկիրը, որի միջովը անցանք նորան լրտեսելու համար, շատ շատ բարի երկիր է։  Եթէ Եհովան մեզ վերայ հաճէ, նա մեզ այն երկիրը կ’տանէ եւ այն մեզ կ’տայ, որ կաթ ու մեղր բղխող երկիր է։  Միայն թէ Եհովայի դէմ մի ապստամբիք, եւ այն երկրի ժողովրդիցը մի վախենաք, որովհետեւ նորանք մեր կերակուրն են, նորանց պաշտպանութիւնը գնացել է իրանց վերայից, ու Եհովան մեզ հետ է. նորանցից մի վախենաք։ 10  Եւ բոլոր ժողովքը ասեցին թէ՝ Քարերով քարկոծեն նորանց. բայց Եհովայի փառքը ժողովքի խորանումը բոլոր Իսրայէլի որդկանցը երեւեցաւ։ 11  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այս ժողովուրդը մինչեւ ե՞րբ պիտի ինձ արհամարհէ, ու մինչեւ ե՞րբ պիտի չ’հաւատան ինձ՝ իրանց մէջ արած բոլոր հրաշքներովս էլ։ 12  Եւ թող զարկեմ նորանց ժանտախտով եւ կորցնեմ նորանց. եւ քեզ նորանցից մեծ եւ զօրաւոր ազգ շինեմ։ 13  Եւ Մովսէսն ասեց Եհովային. Այն ժամանակ Եգիպտացիները կ’լսեն. (որովհետեւ դու քո կարողութեամբն այս ժողովրդին հանեցիր նորանց միջիցը.) 14  Եւ կ’ասեն այս երկրի բնակիչները. որովհետեւ լսել են որ դու, ով Եհովայ, դէմ առ դէմ տեսնվում ես, եւ որ քո ամպը նորանց վերայ կանգնում է, եւ որ ցերեկը ամպի սիւնով եւ գիշերը կրակի սիւնով գնում ես նորանց առաջից։ 15  Եւ եթէ այս ժողովրդին մէկ մարդի պէս մեռցնելու լինես, քո համբաւը լսող ազգերը կ’խօսեն՝ ասելով. 16  Եհովան չ’կարողացաւ տանել նորանց այն երդումով խոստացած երկիրը, նորա համար անապատի մէջ մեռցրեց նորանց։ 17  Եւ հիմա թող իմ Տիրոջ կարողութիւնը մեծանայ, ինչպէս որ խօսեցիր ասելով. 18  Եհովան երկայնամիտ է, եւ առատ ողորմութիւնով, անօրէնութիւնը եւ յանցանքը ներող. բայց յանցաւորին ամենեւին անպատիժ չի թողիլ, հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ երրորդ եւ չորրորդ ազգը հատուցանելով։ 19  Աղաչում եմ՝ ներիր այս ժողովրդին քո մեծ ողորմութեան համեմատ, ինչպէս որ ներեցիր այս ժողովրդին Եգիպտոսից մինչեւ այստեղ։ 20  Եւ Եհովան ասեց. Ներեցի քո խօսքի պէս. 21  Բայց կենդանի եմ ես, որ բոլոր երկիրը Եհովայի փառքովը պիտի լցուի. 22  Որովհետեւ բոլոր այն մարդիկը, որ Եգիպտոսումն իմ փառքը ու իմ արած հրաշքները տեսան, եւ ինձ ահա տասն անգամ փորձեցին, եւ իմ խօսքին չ’լսեցին, 23  Չեն տեսնիլ այն երկիրը՝ որ իրանց հայրերին երդում արի, եւ ինձ արհամարհողների մէկն էլ չի տեսնիլ այն. 24  Բայց որովհետեւ իմ ծառայ Քաղէբում ուրիշ հոգի կար եւ բոլորովին հնազանդեց ինձ, ես էլ նորան այն երկիրը կ’տանեմ, ուր որ գնացել էր, եւ նորա սերունդը կ’ժառանգէ այն։ 25  Եւ Ամաղեկացիներն ու Քանանացիները ձորերումն են բնակվում. էգուց դարձէք եւ դէպի անապատը Կարմիր ծովի ճանապարհովը չուեցէք։ 26  Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով. 27  Մինչեւ ե՞րբ այս չար ժողովքին համբերեմ, որ ինձ դէմ տրտնջում են. ես լսեցի Իսրայէլի որդկանց տրտունջը՝ որ ինձ դէմ տրտնջում են։ 28  Ասիր նորանց. Ես կենդանի եմ, ասում է Եհովան, որ ինչպէս դուք իմ ականջների առաջին խօսեցիք, այնպէս էլ կ’անեմ ձեզ. 29  Այս անապատի մէջ կ’ընկնեն ձեր դիակները. եւ ձեր բոլոր հաշուի համեմատ՝ ձեզանից ամեն համարուածները քսան տարեկանից վեր եղողները՝ որ դուք ինձ դէմ տրտնջացիք, 30  Բնաւ պիտի չ’մտնէք այն երկիրը, որի համար երդում արի ձեզ նորանում բնակեցնելու, բացի Յեփոնէի որդի Քաղէբից եւ Նաւէի որդի Յեսուից։ 31  Բայց ձեր որդիքը՝ որոնց համար ասեցիք, թէ պիտի յափշտակուին, նորանց կ’տանեմ, եւ նորանք ձեր չ’հաւանած երկիրը կ’մտնեն։ 32  Բայց ձեր դիակները այս անապատումը կ’ընկնեն։ 33  Եւ ձեր որդիքը անապատումը քառասուն տարի հովիւ կ’լինեն եւ ձեր պոռնկութիւնները կ’կրեն մինչեւ որ ձեր դիակները անապատումը սպառուին։ 34  Այն օրերի հաշուովը որ երկիրը քառասուն օր լրտեսեցիք, այնպէս ամեն մէկ օրուայ տեղ մէկ տարի՝ այսինքն քառասուն տարի կ’կրէք ձեր անօրէնութիւնները, եւ կ’ճանաչէք իմ մերժումը։ 35  Ես Եհովաս ասեցի, որ անպատճառ պիտի անեմ այս բաները այդ բոլոր չար ժողովքին, որ ժողովուել են ինձ դէմ. նորանք այս անապատի մէջ պիտի վերջանան եւ այստեղ մեռնեն։ 36  Եւ այն մարդիկն՝ որ Մովսէսն ուղարկեց այն երկիրը լրտեսելու, որոնք ետ դարձան եւ այն երկրի վերայ վատ լուր հանելով՝ բոլոր ժողովքը նորա դէմ տրտնջացրին, 37  Այն մարդիկն, որ այն երկրի վերայ վատ լուր հանեցին, հարուածով մեռան Եհովայի առաջին։ 38  Բայց Նաւէի որդի Յեսուն եւ Յեփոնէի որդի Քաղէբը, որ երկիրը լրտեսելու գնացող մարդկանցից էին, ողջ մնացին։ 39  Եւ Մովսէսը խօսեց այս խօսքերը Իսրայէլի ամեն որդկանց հետ, եւ ժողովուրդը մեծ սուգ արաւ։ 40  Եւ առաւօտանց կանուխ վեր ելան լեռան գլուխն ասելով. Ահա մենք, եկէք վեր ելնենք այն տեղը որ Եհովան ասել է. որովհետեւ մեղք գործեցինք։ 41  Եւ Մովսէսն ասեց. Ի՞նչու եք այդպէս Եհովայի հրամանից դուրս գալիս. այդ բանը չի յաջողուիլ։ 42  Վեր մի ելնէք (որովհետեւ Եհովան ձեր միջումը չէ), որպէսզ զի ձեր թշնամիների առաջին չ’ջարդուիք. 43  Որովհետեւ Ամաղեկացիները եւ Քանանացիները այնտեղ ձեր առաջին են, եւ դուք սրով կ’ընկնէք, որովհետեւ դուք Եհովայիցը ետ էք դարձել. Եհովան ձեզ հետ չի լինիլ։ 44  Բայց նորանք յանդգնեցին լեռան գլուխը վեր ելնելու, սակայն Եհովայի ուխտի տապանակը եւ Մովսէսը բանակի միջից չ’բաժանուեցան։ 45  Այն ժամանակ այն սարին վերայ բնակուող Ամաղեկացիները եւ Քանանացիներն իջան եւ զարկեցին նորանց եւ հալածեցին մինչեւ Հօրմա։

Ծանոթագրություններ