Թվեր 16։1-50
16 Եւ առաւ Ղեւիի որդի Կահաթի որդի Իսահառի որդի Կորխը՝ եւ Ռուբէնի որդիներից Եղիաբի որդիք Դաթանը եւ Աբիրոնը՝ եւ Փաղեթի որդի Օնը,
2 Եւ կանգնեցին Մովսէսի առաջին եւ Իսրայէլի որդիներից երկու հարիւր յիսուն հոգի ժողովքի խորհրդական գլխաւորներ՝ անուանի մարդիկ.
3 Եւ ժողովուեցան Մովսէսի եւ Ահարօնի վերայ, եւ ասեցին նորանց. Էլ բաւական է ձեզ, որովհետեւ բոլոր ժողովքը ամենքն էլ սուրբ են, եւ Եհովան նորանց մէջ է. եւ ի՞նչու էք ձեզ բարձրացնում Եհովայի ժողովրդի վերայ։
4 Եւ Մովսէսը լսեց եւ իր երեսի վերայ վայր ընկաւ.
5 Եւ խօսեց Կորխի եւ նորա բոլոր ժողովքի հետ ասելով. Էգուց Եհովան ցոյց կ’տայ թէ որն է իրանը, եւ որն է սուրբը, եւ նորան իրան կ’մօտեցնէ, եւ որին որ ինքը ընտրէ, իրան կ’մօտեցնէ։
6 Այս արէք. առէք ձեզ համար բուրվառներ, դու Կորխ եւ նորա բոլոր ժողովքը.
7 Եւ նորանց մէջ կրակ դրէք, եւ Եհովայի առաջին նորանց վերայ խունկ դրէք էգուց. եւ լինի որ այն մարդը, որին որ Եհովան ընտրէ, նա է սուրբը. բաւական է ձեզ, ով Ղեւիի որդիք։
8 Եւ Մովսէսն ասեց Կորխին. Լսեցէք, ով Ղեւիի որդիք,
9 Փո՞քր բան է երեւում ձեզ որ Իսրայէլի Աստուածը ձեզ իրան մօտեցնելու համար՝ Իսրայէլի ժողովքիցը բաժանեց ձեզ, որ Եհովայի խորանի պաշտօնը անէք եւ ժողովքի առաջին կանգնէք՝ նորանց սպասաւորութիւնը անելու համար.
10 Եւ քեզ, եւ քեզ հետ եղող քո բոլոր եղբայրներին՝ Ղեւիի որդկանցը իրան մօտեցրեց, եւ դուք քահանայութի՞ւն էլ էք ուզում։
11 Ուրեմն դու եւ քո բոլոր ժողովքը Եհովայի դէմ էք ժողովուել, եւ Ահարօնն ո՞վ է՝ որ նորա դէմ տրտունջ էք անում։
12 Եւ Մովսէսն ուղարկեց Եղիաբի որդիք Դաթանին եւ Աբիրոնին կանչելու համար. նորանք ասեցին. Մենք վեր չենք գնալ։
13 Փո՞քր բան է որ մեզ անապատիս մէջ մեռցնելու համար՝ կաթ ու մեղր բղխող երկրից մեզ հանեցիր, որ մեր վերայ տիրապետել էլ ես ուզում։
14 Եւ ապաքէն մեզ կաթ ու մեղր բղխող երկիր էլ չ’տարիր, եւ ոչ էլ մեզ արտի եւ այգիի ժառանգութիւն տուիր. այս մարդկանց աչքերը հանելո՞ւ ես. մենք վեր չենք գալիս։
15 Եւ Մովսէսը շատ բարկացաւ, եւ ասեց Եհովային. Մի նայիր նորանց նուէրներին. նորանցից մի էշ էլ չեմ առել, եւ նորանց մէկին չարիք չեմ արել։
16 Եւ Մովսէսն ասեց Կորխին. Դու եւ քո բոլոր ժողովուրդը էգուց Եհովայի առաջին ներկայանաք, դու եւ նորանք եւ Ահարօնը.
17 Եւ առէք ամեն մէկդ ձեր բուրվառները, եւ նորանց մէջ խունկ դրէք եւ մօտեցրէք Եհովայի առաջին ամեն մէկը իր բուրվառը, այսինքն երկու հարիւր յիսուն բուրվառներ, եւ դու էլ եւ Ահարօնը, ամեն մէկդ իր բուրվառը։
18 Եւ ամեն մէկն իր բուրվառն առան եւ նորանց մէջ կրակ դրին եւ ժողովքի խորանի դռանը կանգնեցին եւ Մովսէսն ու Ահարօնն էլ։
19 Եւ Կորխը ժողովեց նորանց դէմ բոլոր ժողովքը ժողովքի խորանի դռանը. եւ Եհովայի փառքը բոլոր ժողովքին երեւեցաւ։
20 Եւ Եհօվան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.
21 Այդ ժողովքի միջից բաժանուեցէք, որ իսկոյն սպառեմ դորանց։
22 Բայց նորանք իրանց երեսների վերայ ընկան՝ եւ ասեցին. Ով Աստուած, ով բոլոր մարմնի հոգիների Աստուած, մէկ մարդ կ’մեղանչէ՝ եւ բոլոր ժողովքի՞ վերայ կ’բարկանաս։
23 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
24 Խօսիր այդ ժողովքի հետ եւ ասիր. Հեռացէք Կորխի, Դաթանի եւ Աբիրոնի բնակութեան չորս կողմիցը։
25 Եւ Մովսէսն ելաւ, եւ Դաթանի եւ Աբիրոնի մօտ գնաց, եւ Իսրայէլի ծերերը նորա ետեւիցը գնացին։
26 Եւ նա խօսեց ժողովքի հետ ասելով. Այդ չար մարդկանց վրանների մօտից ետ քաշուեցէք, եւ նորանց մէկ բանին մի դպչիք, որ նորանց բոլոր մեղքերովը չ’կորչէք։
27 Այսպէս նորանք Կորխի, Դաթանի եւ Աբիրոնի բնակութեան չորս կողմերիցը հեռացան. եւ Դաթանը եւ Աբիրոնը դուրս եկան կանգնեցին իրանց վրանների դռանը եւ նորանց կնիկները եւ նորանց որդիքը եւ ընտանիքը։
28 Եւ Մովսէսն ասեց. Սորանով կ’գիտենաք թէ Եհովան է ինձ ուղարկել բոլոր այս գործերն անելու, եւ ոչ թէ իմ անձիցն է այս.
29 Այսինքն՝ եթէ սորանք ամեն մարդի մեռնելու պէս մեռնեն, եւ եթէ ամեն մարդի պատժուածովը սորանք էլ պատժուին, այն ժամանակ ինձ Եհովան չէ ուղարկել։
30 Բայց եթէ Եհովան մի հրաշք անէ, եւ երկիրն իր բերանը բանայ, եւ նորանց եւ նորանց բոլոր ունեցածը կուլ տայ եւ նորանք ողջ ողջ դժոխքն իջնեն, այն ժամանակ կ’գիտենաք որ այս մարդիկը Եհովային անարգեցին։
31 Եւ եղաւ հէնց որ այս բոլոր խօսքերը խօսելը վերջացրեց, իսկոյն գետինը պատառուեցաւ, որ նորանց տակին էր.
32 Եւ երկիրն իր բերանը բաց արաւ եւ նորանց եւ նորանց տները եւ Կորխի ունեցած բոլոր մարդկանցը եւ բոլոր ինչքը կուլ տուաւ։
33 Եւ նորանք եւ բոլոր ինչ որ նորանցն էր ողջ ողջ դժոխքը իջան, եւ երկիրը ծածկեց նորանց վերայով, եւ նորանք ժողովքի միջիցը կորան։
34 Եւ բոլոր Իսրայէլը, որ նորանց շուրջն էր, նորանց ձայնիցը փախան, որովհետեւ ասում էին մի գուցէ երկիրը մեզ կուլ տայ։
35 Եւ Եհովայից կրակ դուրս եկաւ, եւ խունկ մատուցանող երկու հարիւր յիսուն հոգիներին սպառեց։
36 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
37 Խօսիր Ահարօն քահանայի որդի Եղիազարի հետ, որ բուրվառներն այն այրուածքի միջիցը վեր առնէ, եւ դու կրակը դեն ցրուիր, որովհետեւ նորանք սուրբ եղան։
38 Այդ իրանց հոգիների դէմ մեղք գործողների բուրվառներիցը թիթեղներ շինեն՝ սեղանը պատելու համար. որովհետեւ նորանք Եհովայի առաջին մատուցանուելով՝ սուրբ են դառել եւ Իսրայէլի որդկանց համար նշան լինեն։
39 Եւ Եղիազար քահանան այն այրուած մարդկանց մատուցրած պղնձի բուրվառներն առաւ, եւ սեղանը պատելու համար թիթեղներ շինեցին նորանց.
40 (Իսրայէլի որդկանց համար յիշատակ՝ նորա համար որ Ահարօնի սերունդիցը չեղող մէկ օտարը Եհովայի առաջին խունկ մատուցանելու չ’մօտենայ, եւ Կորխի եւ նորա ժողովքի պէս չ’լինի), ինչպէս որ Եհովան ասեց նորան Մովսէսի ձեռքովը։
41 Եւ հետեւեալ օրը Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը Մովսէսի դէմ եւ Ահարօնի դէմ տրտունջ արին՝ ասելով. Դուք Եհովայի ժողովրդին մեռցրիք։
42 Եւ եղաւ որ երբ ժողովքը Մովսէսի եւ Ահարօնի դէմ ժողովուած էին, դէպի ժողովքի խորանը նայեցին, եւ ահա ամպը ծածկեց նորան, ու Եհովայի փառքը երեւեցաւ։
43 Եւ Մովսէսն ու Ահարօնը ժողովքի խօրանի առաջը եկան։
44 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
45 Այդ ժողովքի միջիցը ելէք, որ իսկոյն սպառեմ նորանց. եւ սորանք իրանց երեսների վերայ ընկան։
46 Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Բուրվառն առ եւ մէջը սեղանի վերայիցը կրակ դիր, եւ խունկ դիր, եւ շուտով ժողովքը գնա, եւ նորանց համար քաւութիւն արա. որովհետեւ Եհովայի կողմից բարկութիւն ելաւ՝ ժանտախտը սկսեց։
47 Եւ Ահարօնը առաւ Մովսէսի ասածի պէս՝ ու ժողովքի մէջը վազեց, եւ ահա ժանտախտը սկսել էր ժողովրդի մէջ, եւ խունկը դրաւ, եւ ժողովրդի համար քաւութիւն արաւ.
48 Եւ մեռելների ու ողջերի մէջտեղումը կանգնեց, եւ ժանտախտը դադարեց։
49 Եւ ժանտախտով մեռածները տասնեւչորս հազար եօթը հարիւր հոգի էին, բացի Կորխի բանի համար մեռածներից։
50 Եւ Ահարօնը ետ դարձաւ դէպի Մովսէսը ժողովքի խորանի դռան մօտ. եւ ժանտախտը դադարեց։