Թվեր 25։1-18

25  Եւ Իսրայէլը Սատիմումը բնակուեց, եւ ժողովուրդն սկսեց Մովաբի աղջկերանց հետ պոռնկութիւն անել։  Եւ նորանք ժողովրդին հրաւիրեցին իրանց աստուածների զոհերին. եւ ժողովուրդը կերաւ եւ նորանց աստուածներին երկրպագութիւն արաւ։  Եւ Իսրայէլը Բելփեգովրին յարեց. Եհովայի բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեցաւ։  Եւ Եհովան Մովսէսին ասեց. Առ ժողովրդի բոլոր իշխաններին եւ կախիր նորանց Եհովայի առաջին արեւի դէմ, որ Եհովայի սաստիկ բարկութիւնը Իսրայէլիցը դառնայ։  Եւ Մովսէսն ասեց Իսրայէլի դատաւորներին. Մեռցրէք ամեն մէկդ ձեր մարդկանցը, որ Բելփեգովրին յարեցին։  Եւ ահա Իսրայէլի որդիներից մի մարդ եկաւ եւ իր եղբայրներին մի Մադիանացի կնիկ բերաւ՝ Մովսէսի աչքի առաջին եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի աչքի առաջին, երբոր նորանք ժողովքի խորանի դռանը լալիս էին։  Եւ Ահարօն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենէհէսը տեսաւ այս, ժողովքի միջիցը վեր կացաւ եւ ձեռքը մի գեղարդ առաւ,  Եւ այն Իսրայէլացի մարդի ետեւից սենեակը մտաւ, եւ երկուսին էլ այսինքն Իսրայէլացի մարդին եւ կնկան փորիցը խոցեց, եւ հարուածը Իսրայէլի որդկանցիցը դադարեց։  Եւ հարուածիցը մեռածները քսանեւչորս հազար հոգի էին։ 10  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 11  Ահարօն քահանայի որդի Եղիազարի որդի Փենէհէսն իմ բարկութիւնն Իսրայէլի որդկանցիցը դարձրեց՝ ինձ համար նախանձ ունենալով նորանց մէջ. եւ ես իմ նախանձովն Իսրայէլի որդկանցը բնաջինջ չ’արի։ 12  Սորա համար ասիր, որ Ահա ես նորան տալիս եմ իմ խաղաղութեան ուխտը. 13  Եւ նորա համար եւ նորանից յետոյ նորա սերունդի համար յաւիտենական քահանայութեան ուխտ կ’լինի. որովհետեւ իր Աստուծոյ նախանձը ունեցաւ եւ Իսրայէլի որդկանց համար քաւութիւն արաւ։ 14  Եւ Մադիանացի կնկան հետ զարկուող Իսրայէլացի մարդի անունը Զամբրի էր, Սալուի որդին, որ Շմաւոնեանց մէկ տոհմի իշխան էր։ 15  Եւ զարկուող Մադիանացի կնկան անունը Քազբի էր՝ Սուրի աղջիկը, որ Մադիամի մէջ ազգատոհմի իշխան էր։ 16  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 17  Մադիանացիներին թշնամութիւն արէք եւ նորանց զարկէք. 18  Որովհետեւ նորանք իրանց արած նենգութիւններովը ձեզ թշնամութիւն արին Փոգովրի գործումը՝ իրանց քոյր Մադիանացի իշխանի աղջիկ՝ Քազբիի գործումը, որ հարուածի օրումը սպաննուեցաւ Փոգովրի համար։

Ծանոթագրություններ