Թվեր 32։1-42

32  Եւ Ռուբէնի որդիքը ու Գադի որդիքը խիստ շատ անասուններ ունէին. եւ տեսան Յազերի երկիրը եւ Գաղաադի երկիրը, որ ահա այն տեղը անասունի տեղ էր.  Եւ Գադի որդիքը եւ Ռուբէնի որդիքը գնացին եւ Մովսէսի, Եղիազար քահանայի եւ ժողովքի իշխանների հետ խօսելով ասեցին.  Ադարովդ, Դեբոն, Յազեր, Նամրա, Եսեբոն, Եղէաղէ, Սեբամա, Նաբաւ, եւ Բէան,  Այսինքն այն երկիրը որ Եհովան Իսրայէլի ժողովքի առաջին զարկեց անասունի երկիր է, եւ քո ծառաները անասուններ ունեն.  Եւ ասեցին՝ Եթէ մենք քո առաջին շնորհք գտանք, այս երկիրը քո ծառաներին տրուի կալուածքի համար. մեզ Յորդանանից մի անցկացնիր։  Եւ Մովսէսը Գադի որդկանցը եւ Ռուբէնի որդկանցը ասեց. Միթէ ձեր եղբայրները պատերազմի գնան եւ դուք այստեղ նստէ՞ք։  Եւ ի՞նչու համար էք Իսրայէլի որդկանց սիրտը թուլացնում, որ չ’անցնեն այն երկիրը, որ Եհովան տուել է նորանց։  Ձեր հայրերն էլ այսպէս արին, երբոր նորանց Կադես Բառնեայից ուղարկեցի երկիրը լրտեսելու համար։  Որովհետեւ նորանք մինչեւ Եսքողի ձորը վեր գնացին եւ երկիրը տեսան, եւ Իսրայէլի որդկանց սիրտը թուլացրին, որ չ’մտնեն այն երկիրը որը Եհովան տուել էր նորանց։ 10  Եւ այն օրը Եհովայի բարկութիւնը բորբոքուեցաւ եւ երդում արաւ ասելով. 11  Թէ Եգիպտոսից դուրս եկած մարդիկը՝ քսան տարեկանից եւ վեր եղողները չեն տեսնիլ այն երկիրը, որի համար երդում արի Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին, որովհետեւ ինձ չ’հետեւեցին. 12  Բացի Կենեզեան Յեփոնէի որդի Քաղէբից եւ Նաւէի որդի Յեսուից, որոնք կատարելապէս Եհովային հետեւեցին։ 13  Եւ Եհովայի բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեցաւ, եւ նորանց ման ածեց անապատումը քառասուն տարի, մինչեւ որ Եհովայի աչքի առաջին չարութիւն անող ազգը բոլորովին սպառուեցաւ։ 14  Եւ ահա դուք ձեր հայրերի տեղն էք կանգնել մեղաւոր մարդկանց զաւակների պէս, որ Եհովայի սաստիկ բարկութիւնը Իսրայէլի վերայ կրկին աւելացնէք։ 15  Որովհետեւ եթէ դուք նորանից խոտորուէք, նա էլ կրկին այս ժողովրդին անապատումը կը ձգէ եւ դուք այս բոլոր ժողովրդի կորստեանը պատճառ կ’լինէք։ 16  Եւ նորանք մօտեցան նորան եւ ասեցին. Թող մենք այստեղ մեր անասունների համար փարախներ եւ մեր ընտանիքների համար քաղաքներ շինենք. 17  Բայց մենք շուտով պատրաստուինք Իսրայէլի որդկանց առաջին, մինչեւ որ նորանց իրանց տեղերը տանենք. եւ մեր ընտանիքները պարսպաւոր քաղաքներում բնակուեն այս երկրի բնակիչների դէմ։ 18  Մենք մեր տները չ’դառնանք, մինչեւ որ Իսրայէլի որդկանց ամեն մէկն իր ժառանգութիւնը ժառանգէ։ 19  Որովհետեւ մենք Յորդանանի այն կողմումը եւ էլ հեռու նորանց հետ ժառանգել չենք ուզում, ըստ որում մեր ժառանգութիւնը Յորդանանի այս կողմումը դէպի արեւելք է մեզ հասել։ 20  Եւ Մովսէսն ասեց նորանց. Եթէ այս բանն անէք, եթէ Եհովայի առաջին պատրաստուիք պատերազմի համար, 21  Եւ Եհովայի առաջին դուք ամենքդ էլ պատրաստուած Յորդանանովն անցնիք, մինչեւ որ նա իր թշնամիներին իր առաջիցը քշէ, 22  Եւ այն երկիրը Եհովայի առաջին նուաճուի եւ յետոյ ետ դառնաք, այն ժամանակ Եհովայի առաջին անմեղ էք, եւ այս երկիրը Եհովայի առաջին ձեր կալուածքը լինի։ 23  Բայց եթէ այսպէս չ’անէք, ահա Եհովայի դէմ մեղք գործեցիք, եւ գիտացէք որ ձեր մեղքը ձեզ կ’գտնէ։ 24  Ձեր ընտանիքների համար քաղաքներ, եւ ձեր հօտերի համար փարախներ շինեցէք, եւ ձեր բերանից դուրս եկածն արէք։ 25  Եւ Գադի որդիքը եւ Ռուբէնի որդիքը խօսեցին Մովսէսի հետ ասելով. Ծառաներդ կ’անեն ինչպէս որ մեր Եհովան պատուիրում է։ 26  Մեր զաւակները, մեր կանայքը, հօտերը եւ մեր բոլոր անասունները այստեղ կ’լինեն Գաղաադի քաղաքներումը. 27  Բայց ծառաներդ ամենքս պատրաստուած գունդով կ’անցնենք պատերազմի համար ինչպէս որ մեր տէրն ասում է։ 28  Եւ Մովսէսը նորանց մասին պատուիրեց Եղիազար քահանային եւ Նաւէի որդի Յեսուին եւ Իսրայէլի որդկանց ցեղերի նահապետութիւնների իշխաններին. 29  Եւ Մովսէսն ասեց նորանց. Եթէ Գադի որդիքը եւ Ռուբէնի որդիքը ամենքն էլ պատերազմի համար պատրաստուած՝ ձեզ հետ Յորդանանովն անցնեն Եհովայի առաջին եւ այն երկիրը ձեր առաջին նուաճուի, այն ժամանակ Գաղաադի երկիրը նորանց կալուածք տաք. 30  Բայց եթէ պատրաստուած ձեզ հետ չ’անցնեն, նորանք կալուածք ստանան ձեզ հետ Քանանի երկրումը։ 31  Իսկ Գադի որդիքը եւ Ռուբէնի որդիքը պատասխանեցին եւ ասեցին. Եհովան ինչպէս որ պատուիրեց քո ծառաներին այնպէս կ’անենք։ 32  Մենք պատրաստուած Եհովայի առաջին Քանանի երկիրը կ’անցնենք. բայց մեր ժառանգութեան կալուածքը Յորդանանի այս կողմումը կ’լինի։ 33  Եւ Մովսէսը նորանց՝ այսինքն Գադի որդկանց եւ Ռուբէնի որդկանցը եւ Յովսէփեան Մանասէի կէս ցեղին, տուաւ Ամօրհացիների Սեհոն թագաւորի թագաւորութիւնը եւ Բասանի Ովգ թագաւորի թագաւորութիւնը, երկիրն իր քաղաքներովը՝ երկրի քաղաքների շուրջը եղած սահմաններովը։ 34  Եւ Գադի որդիքը շինեցին Դեբոնը, Ադարովթը եւ Արոէրը, 35  Եւ Ատրօթ–սովփանը, Յազերը, եւ Յոգբէհան, 36  Եւ Բեթնամրան եւ Բեթարանը՝ պարսպաւոր քաղաքներ եւ հօտերի փարախներ, 37  Ռուբէնի որդիքն էլ Եսեբոնը, Եղէաղեն եւ Կարիաթեմը շինեցին. 38  Եւ Նաբաւը Բէէլմօնը (որոնց անունները փոխեցին.) եւ Սեբաման, եւ իրանց շինած քաղաքներին անուններ դրին։ 39  Եւ Մանասեան Մաքիրին որդիքը Գաղաադ գնացին եւ առին նորան, եւ նորա միջի Ամօրհացիներին քշեցին։ 40  Եւ Մովսէսը Գաղաադը տուաւ Մանասեան Մաքիրին, որ այնտեղ բնակուեց։ 41  Եւ Մանասեան Յայիրը գնաց նորանց գիւղաքաղաքներն առաւ եւ նորանց Հաւօթ–յայիր անուանեց։ 42  Եւ Նոբահը գնաց եւ Կանաթն եւ նորա գիւղերն առաւ եւ նորան իր անունովը Նոբահ կոչեց։

Ծանոթագրություններ