Թվեր 35։1-34

35  Եւ Եհովան Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի մօտ խօսեց Մովսէսի հետ ասելով.  Պատուիրիր Իսրայէլի որդկանցը որ իրանց ժառանգութեան կալուածքից Ղեւտացիներին բնակուելու քաղաքներ տան. նաեւ քաղաքների բոլորքումն եղած արուարձանները Ղեւտացիներին տաք։  Եւ քաղաքները բնակութեան համար լինեն նորանց համար եւ արուարձանները նորանց արջառների համար, նորանց հօտերի եւ նորանց անասունների համար։  Եւ քաղաքների արուարձանները, որ Ղեւտացիներին էք տալու, քաղաքի պարսպիցը դուրս շուրջանակի հազար կանգուն լինեն։  Եւ քաղաքի դուրսը նորանց չափէք, արեւելեան կողմից երկու հազար կանգուն, հարաւային կողմից երկու հազար կանգուն, արեւմտեան կողմից երկու հազար կանգուն, եւ հիւսիսային կողմից երկու հազար կանգուն, եւ քաղաքը մէջտեղումը լինի, նորանց քաղաքների արուարձանները սա լինեն։  Եւ այն քաղաքներիցը որ Ղեւտացիներին էք տալու՝ այն վեց ապաստանի քաղաքները որոշէք, որ սպանողը այնտեղ փախչէ, եւ բացի սորանցից քառասունեւերկու քաղաք տաք։  Բոլոր քաղաքները որ Ղեւտացիներին էք տալու՝ քառասունեւութը քաղաք լինի. նորանք իրանց արուարձաններովը տաք։  Եւ այն քաղաքները որ Իսրայէլի որդկանց կալուածքիցը պիտի տաք, շատիցը շատ եւ քիչիցը քիչ առնէք. ամեն մէկն իր առած ժառանգութեան չափովը իր քաղաքներիցը Ղեւտացիներին տայ։  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 10  Իսրայէլի որդկանց հետ խօսիր եւ նորանց ասիր. Երբոր Յորդանանիցը Քանանի երկիրն անց կենաք, 11  Այն ժամանակ ձեզ համար քաղաքներ որոշէք, որոնք ապաստանի քաղաքներ լինեն ձեզ համար, որ այնտեղ փախչէ սխալմամբ մարդ զարկող սպանողը։ 12  Եւ այն քաղաքները ձեզ համար ապաստանարան լինեն վրէժխնդրիցը. եւ սպանողը՝ դատաստանի համար ժողովքի առաջին չ’երեւացած՝ չ’մեռնի։ 13  Եւ այն քաղաքները, որ պիտի տաք, վեց ապաստանի քաղաքներ լինեն ձեզ համար։ 14  Քաղաքների երեքը Յորդանանի այս կողմումը տաք, եւ քաղաքների երեքը Քանանի երկրումը տաք, նորանք ապաստանի քաղաքներ լինեն։ 15  Այս վեց քաղաքները Իսրայէլի որդկանց համար եւ օտարականի եւ ձեր միջի պանդխտի համար ապաստանարան լինեն, որ այնտեղ փախչէ ամեն ով որ սխալմամբ մարդ մեռցնէ։ 16  Եւ եթէ մէկը երկաթի գործիքով մէկին զարկէ որ մեռնէ, նա մարդասպան է. մարդասպանը անպատճառ պիտի մեռցնուի։ 17  Կամ եթէ մէկը մի մահառիթ բռնաքարով մէկին զարկէ որ մեռնէ, նա մարդասպան է. մարդասպանը անպատճառ պիտի մեռցնուի։ 18  Կամ եթէ մէկը ձեռքով գործածուելու փայտեղէն մահառիթ գործիքով զարկէ՝ որ մեռնէ, նա մարդասպան է. մարդասպանը անպատճառ պիտի մեռցնուի։ 19  Արիւնի վրէժխնդիրը մեռցնէ մարդասպանին, երբոր նորան հանդիպէ՝ թող մեռցնէ նորան։ 20  Եւ եթէ նա թշնամութեամբ հրէ նորան կամ նենգութեամբ նորա վերայ մի բան ձգելով նորան մեռցնելու լինի, 21  Կամ եթէ թշնամութեան պատճառով ձեռքովը զարկէ նորան, որ մեռնէ. զարկողը անպատճառ մեռցնուի, նա մարդասպան է. արիւնի վրէժխնդիրը նորան մեռցնէ երբոր մարդասպանին հանդիպէ։ 22  Բայց եթէ յանկարծ առանց թշնամութեան հրէ նորան, կամ թէ առանց նենգութեան նորա վերայ մէկ գործիք գցէ, 23  Կամ թէ նորա վերայ մի ինչ որ մահառիթ քար գցէ առանց տեսնելու, որ նա մեռնէ, եւ նա նորան թշնամի չէ եւ նորա չարիքը չէր ուզում, 24  Այն ժամանակ ժողովքը սպանողին եւ արիւնի վրէժխնդրին մէջ տեղը այս օրէնքների համեմատ դատաստան անէ. 25  Եւ ժողովքը ազատէ սպանողին արիւնի վրէժխնդրի ձեռքից, եւ ժողովքը նորան դարձնէ իր ապաւինած ապաստանի քաղաքը, եւ նա այնտեղ բնակուէ, մինչեւ որ սուրբ իւղով օծուած քահանայապետը մեռնէ։ 26  Բայց եթէ սպանողն իր ապաւինած ապաստանի քաղաքի սահմանիցն երբէք դուրս գայ, 27  Եւ արիւնի վրէժխնդիրը նորան իր ապաստանի քաղաքի սահմանիցը դուրս գտնէ եւ արիւնի վրէժխնդիրը սպանողին մեռցնելու լինի, մահապարտ չ’համարուի. 28  Որովհետեւ նա պէտք է իր ապաստանի քաղաքումը նստէր մինչեւ որ քահանայապետը մեռնէր. եւ քահանայապետի մեռնելուց յետոյ սպանողն իր կալուածքի երկիրը դառնայ։ 29  Սորանք ձեզ համար դատաստանի կանոններ լինեն ձեր ազգերումը ձեր բոլոր բնակութիւնների մէջ։ 30  Ով որ մարդ մեռցնէ, սպանողը վկաների բերանով մեռցնուի, բայց միայն մէկ մարդ չ’վկայէ մի անձի դէմ նորան մեռցնելու համար։ 31  Եւ մահապարտ սպանողի կեանքի համար փրկանք չ’առնէք. որովհետեւ նա անպատճառ պիտի մեռցնուի։ 32  Եւ ապաստանի քաղաքը փախչողի համար փրկանք չ’առնէք, որ նա ետ դառնայ իր քաղաքը եւ նստէ քահանայապետի մահիցն առաջ։ 33  Եւ ձեր բնակած երկիրը չ’պղծէք, որովհետեւ արիւնը պղծում է երկիրն եւ նորա մէջ թափուած արիւնի համար երկրին քաւութիւն չի լինիլ, բայց միայն նորան թափողի արիւնովը։ 34  Ուրեմն ձեր բնակած երկիրը չ’պղծէք, որի մէջ ես պիտի բնակուեմ. որովհետեւ ես Եհովաս բնակվում եմ Իսրայէլի որդկանց մէջ։

Ծանոթագրություններ