Թվեր 8։1-26

8  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.  Խօսիր Ահարօնի հետ եւ ասիր նորան. Երբոր ճրագները վառես, եօթը ճրագները աշտանակի առաջի կողմիցը լոյս տան։  Եւ Ահարօնն այնպէս արաւ. նորա ճրագները աշտանակի առաջի կողմին վառեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։  Եւ աշտանակի շինուածքն այսպէս էր. ճախարակեայ ոսկի էր. նորա բունիցը մինչեւ նորա ծաղիկները ճախարակեայ էր այն գաղափարի պէս որ Եհովան Մովսէսին ցոյց էր տուել, այնպէս շինեց աշտանակը։  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.  Առ Իսրայէլի որդկանց միջից Ղեւտացիներին եւ մաքրիր նորանց։  Եւ նորանց մաքրելու համար այսպէս անես նորանց. մեղսաքաւիչ ջուր սրսկես նորանց վերայ, եւ ածելիով ածիլես նորանց բոլոր մարմինները, եւ նորանք իրանց հանդերձները լուան եւ մաքրուին։  Յետոյ մի զուարակ առնեն եւ նորա հացի նուէրի համար իւղով զանգուած բարակ ալիւր. եւ մի զուարակ առնես մեղքի պատարագի համար։  Եւ Ղեւտացիներին ժողովքի խորանի առաջին մօտեցնես, եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը ժողովես։ 10  Եւ Ղեւտացիներին Եհովայի առաջին մօտեցնես, եւ Իսրայէլի որդիքն իրանց ձեռքերը Ղեւտացիների վերայ դնեն։ 11  Եւ Ահարօնը Ղեւտացիներին Եհովայի առաջին երերացնելու պատարագ մատուցանէ Իսրայէլի որդկանց կողմիցը՝ եւ նորանք Եհովայի պաշտօնը կատարելու համար լինեն։ 12  Եւ Ղեւտացիներն իրանց ձեռքերն այն զուարակների գլխին դնեն. եւ մէկը մեղքի պատարագ մատուցրու Եհովային՝ եւ միւսը ողջակէզ՝ Ղեւտացիների համար քաւութիւն անելու։ 13  Եւ Ղեւտացիներին կանգնեցնես Ահարօնի եւ նորա որդկանց առաջին եւ նորանց երերացնելու պատարագ մատուցանես Եհովային։ 14  Այսպէս բաժանես Ղեւտացիներին Իսրայէլի որդկանց միջիցը, եւ Ղեւտացիները իմը լինեն։ 15  Եւ նորանից յետոյ Ղեւտացիները մտնեն ժողովքի խորանի գործն անելու։ Նորանց մաքրես եւ նորանց իբրեւ երերացնելու պատարագ մատուցանես։ 16  Որովհետեւ նորանք բոլորովին ինձ են տրուած Իսրայէլի որդկանց միջիցը. Իսրայէլի որդկանց մէջ մօր արգանդ բացող բոլոր անդրանիկների փոխարէն ինձ համար վեր առայ նորանց։ 17  Իսրայէլի որդկանց բոլոր անդրանիկները՝ թէ մարդի եւ թէ անասունի լինի՝ իմն են. Եգիպտոսի երկրումը բոլոր անդրանիկներին զարկած օրիցս նորանց սրբեցի ինձ համար։ 18  Եւ Իսրայէլի որդկանց բոլոր անդրանիկների փոխարէն Ղեւտացիներին վեր առայ։ 19  Եւ Ղեւտացիներին բոլորովին Ահարօնին եւ նորա որդկանցը տուի Իսրայէլի որդկանց միջից, որ ժողովքի խորանի մէջ Իսրայէլի որդկանց պաշտօնն անեն, եւ Իսրայէլի որդկանց համար քաւութիւն անեն, որ Իսրայէլի որդկանց վերայ հարուած չ’գայ՝ Իսրայէլի որդիքը սրբարանին մօտենալիս։ 20  Եւ Մովսէսն ու Ահարօնը՝ եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը Ղեւտացիներին արին ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր Ղեւտացիների մասին. Իսրայէլի որդիքն այնպէս արին նորանց։ 21  Եւ Ղեւտացիները մաքրուեցան, եւ իրանց հանդերձները լուացին. Ահարօնը երերացնելու պատարագ մատուցրեց նորանց Եհովայի առաջին. եւ Ահարօնը նորանց համար քաւութիւն արաւ, որ նորանց մաքրէ։ 22  Եւ նորանից յետոյ Ղեւտացիները ժողովքի խորանը մտան՝ Ահարօնի եւ նորա որդկանց առաջին իրանց պաշտօնն անելու համար. ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր Ղեւտացիների մասին, այնպէս արին նորանց։ 23  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 24  Սա լինի Ղեւտացիների կանոնը քսանեւհինգ տարեկանից եւ վեր եղողները ժողովքի խորանի պաշտօնը անելու գունդի մէջ մտնեն. 25  Եւ յիսուն տարեկան լինելուց յետոյ պաշտօնի գունդիցը ետ քաշուեն, եւ այլ եւս չ’ծառայեն. 26  Սակայն ժողովքի խորանի մէջ պահպանութիւնը պահելու օգնեն իրանց եղբայրներին, բայց ծառայութիւն չ’անեն. այսպէս անես Ղեւտացիներին՝ իրանց պաշտօնների մասին։

Ծանոթագրություններ