Ժողովող 10։1-20

10  Մեռած ճանճերը գարշահոտ են անում եռացնում իւղագործի իւղը, նոյնպէս եւ մի քիչ յիմարութիւնը աւելի ծանր է լինում իմաստութիւնից եւ փառքից։  Իմաստունի սիրտն իր աջ կողմին է, եւ յիմարի սիրտն իր ձախ կողմին։  Որ ճանապարհով էլ որ գնայ յիմարը՝ պակասամիտ է. եւ ամենին կ’ասէ, թէ ինքը յիմար է։  Եթէ իշխանի բարկութիւնը վեր կենայ քեզ դէմ, քո տեղը չ’ձգես. որովհետեւ մեղմութիւնը մեծ յանցանքները կ’դադարեցնէ։  Կայ մի չարիք էլ, որ տեսայ արեգակի տակին, այն սխալմունքի նման, որ դուրս է գալիս իշխանի առաջիցը:  Յիմարութիւնը դրվում է շատ բարձրերում, իսկ հարուստները ցածումն են նստում։  Տեսայ ծառաներ՝ ձիերի վերայ. եւ իշխաններ՝ ծառաների պէս ման գալիս երկրի վերայ։  Ով որ փոս փորէ, մէջը կ’ընկնի. եւ ով որ ցանկը քանդէ, օձը կ’կծի նորան։  Ով որ քարեր տեղահանէ, նորանցով կ’վնասուի. փայտ կտրողը վտանգի է ենթարկուած նորանից։ 10  Եթէ կացինը բթացել է, եւ նա չ’սրէ նորա բերանը, այն ժամանակ նա պէտք է ոյժը զօրացնէ, եւ յաջողութեան շահն իմաստութիւնն է։ 11  Եթէ օձը խայթէ առանց թովելու, ուրեմն օգուտ չ’կայ թովչութիւն ունեցողի համար: 12  Իմաստունի բերանի խօսքերը շնորհք են, բայց անմտի շրթունքներն իրան կուլ կ’տան: 13  Նորա բերանի խօսքերի սկիզբը յիմարութիւն է. եւ նորա բերանի վերջը չար խենդութիւն։ 14  Եւ յիմարը կ’շատացնէ խօսքերը. մարդս չ’գիտէ թէ ինչ է լինելու. եւ թէ նորանից յետոյ ինչ է լինելու, ո՞վ կարող է իմացնել նորան։ 15  Յիմարի աշխատութիւնն իրան կը յոգնեցնէ, որ չ’գիտէ քաղաքը գնալը։ 16  Վա՜յ քեզ, երկիր, որ թագաւորդ տղայ է. եւ որ իշխաններդ առաւօտանց կանուխ ուտում են։ 17  Երանի՜ քեզ, երկիր, որ թագաւորդ ազնուազարմ է, եւ որ իշխաններդ իր ժամանակին են ուտում ոյժի համար եւ ոչ թէ խնջոյքի համար։ 18  Շէնքը ծուլութիւններով փուլ կը գայ, եւ ձեռքերը կախելով՝ տունը կ’կաթէ։ 19  Հացկերոյթը ուրախանալու համար կ’անեն, եւ գինին կ’զուարթացնէ կեանքը, եւ արծաթը պատասխան է տալիս ամենին։ 20  Քո մտքումն անգամ մի անիծիր թագաւորին, եւ քո անկողնարանումը մի անիծիր հարուստին. որովհետեւ երկնքի թռչունը ձայն կ’տանէ. եւ թեւաւորը խօսքը կ’պատմէ։

Ծանոթագրություններ