Ժողովող 12։1-14
12 Եւ յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը, քանի որ չեն եկել թշուառութեան օրերը, եւ չեն հասել այն տարիները, որ ասես թէ Նորանց չեմ հաւանում։
2 Քանի որ չէ խաւարել արեգակն ու լոյսը, լուսինը եւ աստղերը, եւ չեն դարձել ամպերը անձրեւի ետեւիցը.
3 Այն օրը, որ կ’դողդողան տան պահապանները, եւ կ’կորանան զօրաւոր մարդիկը, եւ կ’դադարեն աղացողները քիչ լինելու համար. եւ պատուհաններից նայողները կ’մթնեն։
4 Եւ դրսի դռները կ’կապուեն՝ աղօրիքի ձայնը տկարանալով. եւ նա վեր կ’կենայ թռչունի ձայնովը, եւ բոլոր երգեցող աղջկերքը նկուն կ’լինին։
5 Մի բարձր տեղից մինչեւ անգամ կ’վախենան, եւ վախվախելով կ’գնան ճանապարհը, եւ նշենին կ’ծաղկի, եւ մարախը կ’ծանրանայ, եւ ախորժակը* կ’դադարէ. որովհետեւ մարդս գնում է իր յաւիտենական տունը. եւ դրսումը շրջապատում են լացողները։
6 Քանի որ չէ կտրուել արծաթի թելը, չէ կոտրել ոսկի բաժակը, եւ չէ փշրուել սափորը աղբիւրի մօտ, եւ չէ կոտրել անիւը ջրհորի վերայ,
7 Եւ հողը ետ չէ դարձել երկրին ինչպէս որ էր, եւ հոգին ետ չէ դարձել Աստուծոյ մօտ, որ տուել էր։
8 Ունայնութիւն ունայնութեանց ասեց Ժողովողը, ամեն բան ունայն է։
9 Եւ բացի դորանից որ Ժողովողը իմաստուն էր, նա դեռ ժողովրդին գիտութիւն սովորեցրեց. եւ կշռեց ու քննեց շատ առակներ շարադրեց։
10 Ժողովողը ջանք արաւ վայելուչ խօսքեր գտնելու. եւ գրուածը ուղիղ ճշմարիտ խօսքեր են։
11 Իմաստունների խօսքերը խթանների պէս են, եւ ինչպէս խրուած բեւեռներ ժողովածուների տէրերի ձեռքով՝ տրուած են մէկ հովիւից։
12 Եւ վերջապէս, որդեակս, նորանցով լուսաւորուիր. շատ գրքեր շինելը ծայր չ’ունի. եւ շատ կարդալը կ’յոգնեցնէ մարմինը։
13 Բոլոր խօսքի վախճանը լսենք. Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար։
14 Որովհետեւ Աստուած ամեն գործքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ՝ թէ բարի թէ չար։
Ծանոթագրություններ
^ 12։5 Կամ՝ կապարը։