Ժողովող 2։1-26

2  Ես սրտումս ասեցի. Մի եկ քեզ փորձեմ ուրախութիւնով, եւ բարիք էլ վայելիր. բայց ահա սա էլ էր ունայն։  Ծիծաղին ասեցի. Դու յիմար ես. եւ ուրախութեանը՝ Դա ի՞նչ ես անում։  Սրտիս մէջ մտածեցի, որ մարմինս գինիով զուարթացնեմ, եւ՝ սիրտս իմաստութեամբ վարուելով յիմարութիւնն էլ բռնեմ, մինչեւ որ տեսնեմ թէ ինչ է մարդկանց որդիների բարին, որ անում են երկնքի տակին իրանց կեանքի քիչ օրերումը*։  Ես մեծացրի իմ գործերը՝ ինձ համար տուներ շինեցի, ինձ համար այգիներ տնկեցի.  Այգիներ եւ դրախտներ շինեցի, եւ նորանց մէջ ամեն տեսակ պտղաբեր ծառեր տնկեցի.  Ինձ համար ջրի աւազաններ շինեցի, որ նորանցից ոռոգուի ծառաստանի անտառը։  Ծառաներ եւ աղախիններ ստացի, նաեւ ընդոծիններ ունեցայ, եւ շատ արջառներ եւ հօտեր ունեցայ, ինձանից առաջ Երուսաղէմումն եղածների ամենից աւելի։  Ինձ համար գանձեցի արծաթ եւ ոսկի, եւ թագաւորական ու գաւառական սեփականութիւններ. ինձ համար երգիչներ եւ երգչուհիներ դրի, եւ մարդկանց որդիների զուարճութիւնները, դշխոյ եւ դշխոներ*։  Եւ մեծացի ու բարգաւաճեցի ինձանից առաջ Երուսաղէմումն եղածների ամենից աւելի. նաեւ իմաստութիւնս կար ինձ մօտ։ 10  Եւ ամեն ինչ որ աչքերս պահանջում էին՝ նորանցից չ’արգիլեցի, սիրտս չ’զրկեցի ոչ մի ուրախութիւնից, որովհետեւ սիրտս ուրախացաւ իմ բոլոր աշխատանքներիցը, եւ սա էր իմ բաժինը իմ աշխատանքիցը։ 11  Եւ ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին, եւ այն աշխատանքիս, որ աշխատելով արել էի. եւ ահա բոլորն ունայն էր եւ քամիի աշխատանք. եւ արեգակի տակին մի օգուտ չ’կայ։ 12  Եւ ես ուշս դարձրի իմաստութիւնը տեսնելու, նաեւ յիմարութիւնը եւ անմտութիւնը. որովհետեւ ի՞նչ է այն մարդը, որ թագաւորից յետոյ գալու է, նա արդէն արել է սորա անելիքը։ 13  Եւ ես տեսայ որ իմաստութիւնը աւելի օգուտ ունի յիմարութիւնից. որքան որ լոյսը աւելի օգուտ ունի խաւարիցը։ 14  Իմաստունի աչքերը իր գլխին են. բայց յիմարը խաւարումն է գնում . եւ ես էլ իմացի, որ ինչ որ մէկին է պատահում, պատահում է ամենքին։ 15  Եւ ես ասեցի իմ սրտումը. ինչպէս որ յիմարին է պատահում, ինձ էլ է պատահելու. ուրեմն էլ ի՞նչու համար ես իմաստուն եղայ։ Եւ իմ սրտումն ասեցի թէ Սա էլ է ունայն։ 16  Նորա համար որ յաւիտեան չեն յիշում իմաստունին էլ յիմարին պէս. որովհետեւ ապագայ օրերումն արդէն բոլորը մոռացուած կ’լինի. եւ ո՜հ իմաստունը մեռնում է յիմարի հետ։ 17  Եւ ես ատեցի կեանքը, որովհետեւ զզուելի էին ինձ համար արեգակի տակին եղած գործերը. որովհետեւ ամենը ունայն է եւ քամիի աշխատանք։ 18  Եւ ես ատեցի արեգակի տակին աշխատած աշխատանքս, որ թողելու եմ ինձանից յետոյ եկող մարդի համար։ 19  Եւ ո՞վ գիտէ, թէ նա իմաստուն կ’լինի թէ յիմար. սակայն նա տիրելու է իմ բոլոր աշխատանքին, որ աշխատեցի եւ որի մէջ իմաստութիւն ցոյց տուի արեգակի տակին. սա էլ է ունայն։ 20  Եւ ես ետ դարձայ, որ սրտիս յոյսը կտրեմ արեգակի տակին աշխատած բոլոր աշխատանքիցս։ 21  Որովհետեւ մարդ կայ արեգակի տակին, որի գործքը իմաստութեամբ, գիտութեամբ եւ յաջողութեամբ է, բայց նա այս բաները պիտի իբրեւ բաժին տայ սորանցում չ’աշխատող մարդին։ Սա էլ է ունայն եւ մի մեծ չարիք։ 22  Որովհետեւ ի՞նչ է մնում մարդիս համար իր բոլոր աշխատանքիցը, եւ իր սրտի տանջանքիցը, որ նա աշխատեց արեգակի տակին: 23  Որովհետեւ նորա բոլոր օրերը վիշտեր՝ եւ նորա գործքը տրտմութիւն են. նորա սիրտը գիշերն էլ չէ հանգիստ. սա էլ է ունայն։ 24  Սորանից լաւ բան չ’կայ մարդիս համար, որ ուտէ եւ խմէ, եւ իր աշխատանքովը սիրտը զուարճացնէ. բայց ես սա էլ տեսայ, որ այդ բանը Աստուծոյ ձեռքիցն է լինում։ 25  Որովհետեւ ո՞վ է կարող ուտել եւ ո՞վ է կարող վայելել առանց նորան*։ 26  Որովհետեւ այն մարդին, որ հաճելի է նորա առաջին, նա տալիս է իմաստութիւն, գիտութիւն եւ ուրախութիւն. բայց մեղաւորին տալիս է զբաղմունք, որ նա ժողովէ եւ գանձէ, եւ տայ Աստուծոյ առաջին հաճելի եղողին։ Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։

Ծանոթագրություններ

2։3 Կամ՝ բոլոր. Եբր.՝ օրերի թւումը։
2։8 Կամ՝ ամեն տեսակ շքեղութիւն։
2։25 Կամ՝ ինձանից աւելի։