Ժողովող 8։1-17
8 Ո՞վ կայ իմաստունին պէս, եւ ո՞վ է բանի մեկնութիւնը իմացողը. մարդիս իմաստութիւնը փայլեցնում է նորա երեսը. եւ նորա երեսի պնդութիւնը կ’փոխուի։
2 Ես ասում եմ. Պահիր թագաւորի խօսքը, մանաւանդ Աստուծոյ երդումի պատճառովը.
3 Մի շտապիր նորա երեսի առաջից գնալու, մի կանգնիր չար գործի մէջ. որովհետեւ ամեն ինչ որ ուզէ կ’անէ.
4 Ըստ որում թագաւորի խօսքը հզօր է, եւ ո՞վ կարող է ասել նորան, թէ Ի՞նչ ես անում։
5 Պատուիրանքը պահողը չարիք չէ ճանաչում, այլ ժամանակն ու իրաւունքը ճանաչում է իմաստունի սիրտը։
6 Որովհետեւ ամեն ձեռնարկութեան համար կայ ժամանակ եւ իրաւունք. բայց մարդիս վերայ մեծ չարիք կայ։
7 Որովհետեւ նա չ’գիտէ թէ ինչ է լինելու. եւ թէ ի՞նչպէս է լինելու, ո՞վ է կարող իմացնել նորան։
8 Մարդ չ’կայ որ քամիին* վերայ իշխէ որ քամին* արգելէ. եւ իշխող էլ չ’կայ մահուան օրուայ վերայ, եւ արձակում չ’կայ այն պատերազմի մէջ. եւ ամբարշտութիւնը չի պրծացնիլ իր տիրոջը։
9 Այս բոլորը տեսայ, եւ արեգակի տակին եղած բոլոր գործերին ուշ դարձրի. ժամանակ կայ որ մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար։
10 Եւ յետոյ տեսայ, որ անզգամները թաղվում էին գնում. եւ սուրբ տեղիցը գնացին եւ մոռացուեցան այն քաղաքումը, ուր որ այսպէս արել էին. սա էլ է ունայն։
11 Որովհետեւ չար գործի վճիռը շուտով չէ կատարվում, սորա համար էլ մարդկանց որդիների սիրտը համարձակվում է չարութիւն անելու։
12 Թէեւ մեղաւորը հարիւր անգամ մեղք անէ, եւ նա երկարատեւ էլ լինի. այնու ամենայնիւ գիտեմ ես, որ բարիք կ’լինի Աստուածանից վախեցողներին, որ վախենում են նորա երեսիցը։
13 Բայց ամբարշտին բարութիւն չի լինիլ. եւ իր օրերը չի երկարացնիլ ինչպէս որ ստուերը. որ չեն վախենում Աստուծոյ երեսիցը։
14 Մի ունայնութիւն կայ, որ լինում է երկրի վերայ, որ արդարներ կան, որոնց պատահում է ամբարիշտների գործքին պէս. եւ կան ամբարիշտներ, որոնց պատահում է արդարների գործքին պէս. ես ասեցի, որ սա էլ ունայնութիւն է։
15 Եւ ես գովեցի ուրախութիւնը, որ մարդիս համար արեգակի տակին մի լաւ բան չ’կայ, բացի միայն ուտել ու խմել եւ ուրախանալը. եւ սա է նորա հետ գնում իր աշխատութեան մէջ իր կեանքի օրերումը, որ Աստուած նորան տուել է արեգակի տակին։
16 Երբոր ես ուշս դարձրի իմաստութիւնը գիտենալու եւ այն զբաղմունքը տեսնելու, որ լինում է երկրիս վերայ. (որովհետեւ թէ ցերեկը եւ թէ գիշերը նորա աչքերը քուն չեն տեսնում,)
17 Այն ժամանակ տեսայ Աստուծոյ բոլոր գործերը, որ մարդս կարող չէ հասնել այն գործին, որ լինում է արեգակի տակին. որքան էլ մարդս աշխատէ որոնելու՝ չի հասնիլ. եւ մինչեւ անգամ եթէ իմաստունն էլ ասէ թէ Գիտեմ, դարձեալ չէ կարող հասնել։