Ժողովող 9։1-18

9  Որովհետեւ ես այս բոլորը դրի իմ սրտումը, որ այս բոլորն էլ քննեմ, որ արդարները եւ իմաստուններն ու նորանց գործերը Աստուծոյ ձեռքին են. սէրն էլ ատելութիւնն էլ չ’գիտէ մարդս. բոլորն էլ իրանց առաջին են։  Ամենը իբրեւ թէ ամենքի համար է. միեւնոյնը պատահում է արդարին եւ ամբարշտին, բարի եւ մաքուր մարդին եւ անմաքուրին, զոհողին եւ զոհ չ’անողին, ինչպէս է բարին՝ այնպէս է մեղաւորը. երդում անողը՝ այնպէս եւ երդումից վախեցողը։  Սա վատ է արեգակի տակին եղած բոլոր գործերումը, որ ամենքին էլ միեւնոյնն է պատահում։ Ու նաեւ մարդկանց որդիների սիրտը լիքն է չարութիւնով, եւ խենդութիւն կայ նորանց սրտումը իրանց կեանքի մէջ. իսկ վերջը իջնում են մեռելների մօտը։  Որովհետեւ ով որ ընկեր է միւս ապրողներին՝ յոյս կայ նորանից. որովհետեւ ողջ շունը լաւ է մեռած առիւծից։  Նորա համար որ կենդանիները գիտեն որ մեռնելու են, բայց մեռելները մի բան չ’գիտեն եւ վարձք էլ չ’ունին, որովհետեւ նորանց յիշատակը մոռացուել է։  Նորանց սէրն էլ, նորանց ատելութիւնն էլ, նորանց նախանձն էլ վաղուց է փչացել. եւ նորանց համար այլ եւս յաւիտեան բաժին չ’կայ, արեգակի տակին եղած բոլոր բաների մէջ։  Գնա ուրախութեամբ կեր հացդ, եւ զուարթ սրտով խմիր գինիդ, որովհետեւ վաղուց հաւանել է Աստուած քո գործքին։  Հանդերձներդ միշտ սպիտակ լինին, եւ գլխիդ իւղը չ’պակասէ։  Կեանք վայելիր քո սիրած կնոջ հետ քո ունայն կեանքի բոլոր օրերումը, որ քեզ տուել է արեգակի տակ քո բոլոր ունայն օրերումը, որովհետեւ նա է քո բաժինը ապրողների մէջ, եւ արեգակի տակին քո քաշած աշխատանքի մէջ։ 10  Ամեն ինչ որ ձեռքդ գտնէ անելու՝ ուժովդ արա, որ գործք, խորհուրդ, գիտութիւն եւ իմաստութիւն չ’կայ միւս աշխարհքումը, ուր որ դու պիտի գնաս։ 11  Դարձեալ տեսայ արեգակի տակին որ ընթացքը վազողներինը չէ. եւ ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, եւ ոչ էլ հացը՝ իմաստուններինը, եւ ոչ էլ հարստութիւնը՝ հասկացողներինը, եւ ոչ էլ շնորհքը՝ գիտուններինը. որովհետեւ ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին։ 12  Նորա համար որ մարդս էլ չ’գիտէ իր ժամանակը. ինչպէս որ ձուկերը բռնվում են չար ուռկանով, եւ ինչպէս որ թռչունները բռնվում են ծուղակի մէջ. նորանց նման էլ բռնվում են մարդկանց որդիները որոգայթի մէջ մի չար ժամանակում, երբոր յանկարծ ընկնում է նորանց վերայ։ 13  Արեգակի տակին այս իմաստութիւնն էլ տեսայ, եւ նա ինձ համար մեծ էր։ 14  Մի փոքր քաղաք, եւ միջին քիչ ժողովուրդ. եւ նորա վերայ եկաւ մի մեծ թագաւոր, եւ նորան պաշարեց, եւ նորա դէմ մեծամեծ պատնէշներ շինեց. 15  Բայց նորանում մի աղքատ իմաստուն գտնուեցաւ, եւ նա իր իմաստութիւնովը ազատեց քաղաքը. բայց ոչ մի մարդ չ’յիշեց այն աղքատ մարդին։ 16  Եւ ես ասեցի. Իմաստութիւնը լաւ է ուժից. թէեւ աղքատի իմաստութիւնը անարգուած լինի, եւ նորա խօսքին չ’լսեն։ 17  Իմաստունների խօսքերը՝ մեղմութեամբ լսուած, լաւ է յիմարների վերայ իշխողի աղաղակիցը: 18  Իմաստութիւնը լաւ է պատերազմական գործիքներից, բայց մէկ մեղաւորը շատ բարիքներ կ’փչացնէ։

Ծանոթագրություններ