Ծննդոց 1։1-31

1  Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը:  Եւ երկիրն անձեւ ու դատարկ էր. եւ խաւար կար անդունդի վերայ. եւ Աստուծոյ Հոգին շրջում էր ջրերի վերայ:  Եւ Աստուած ասեց, Լոյս լինի. եւ լոյս եղաւ:  Եւ Աստուած տեսաւ լոյսը, որ բարի է: Եւ Աստուած բաժանեց լոյսը խաւարիցը:  Եւ Աստուած լոյսը կոչեց Ցերեկ, եւ խաւարը կոչեց Գիշեր. եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ առաջին օրը:  Եւ Աստուած ասեց. Ջրերի մէջ տեղը հաստատութիւն լինի, որ ջրերը ջրերիցը բաժանէ:  Եւ Աստուած շինեց հաստատութիւնը, եւ բաժանեց հաստատութեան տակի ջրերը հատատութեան վերայ եղող ջրերիցը: Եւ այնպէս եղաւ:  Եւ Աստուած հաստատութիւնը կոչեց Երկինք: Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ երկրորդ օրը:  Եւ Աստուած ասեց. Երկնքի տակի ջրերը մէկ տեղ ժողովուին, եւ ցամաքը երեւայ: Եւ այնպէս եղաւ: 10  Եւ Աստուած ցամաքը կոչեց Երկիր, եւ ջրերի ժողովը կոչեց Ծով: Եվ Աստուած տեսավ, որ բարի է: 11  Եւ Աստուած ասեց. Երկիրը կանաչ խոտ բուսցնէ՝ սերմ տուող խոտ եւ պտղաբեր ծառ, որ պտուղ տայ իր տեսակի պէս, որի սերմը իրանում լինի՝ երկրի վերայ: Եւ այնպէս եղաւ: 12  Եւ երկիրը կանաչ խոտ հանեց՝ սերմ տուող խոտ իր տեսակի պէս եւ պտղաբեր ծառ, որի սերմն իրանում է իր տեսակի պէս: Եւ Աստուած տեսաւ, որ բարի է: 13  Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ երրորդ օրը: 14  Եւ Աստուած ասեց. Լուսաւորներ լինին երկնքի հաստատութիւնումը, որ ցերեկը գիշերիցը բաժանեն, եւ նշանների եւ ժամանակների, եւ օրերի եւ տարիների համար լինին. 15  Եւ լուսաւորներ լինին երկնքի հաստատութիւնումը, որ երկրի վերայ լոյս տան: Եւ այնպէս եղաւ: 16  Եւ Աստուած երկու մեծ լուսաւորները շինեց. մեծ լուսաւորը՝ ցերեկին իշխելու համար, եւ փոքր լուսաւորը՝ գիշերին իշխելու համար, եւ աստղերը: 17  Եւ Աստուած նորանց դրաւ երկնքի հաստատութիւնումը, որ երկրի վերայ լոյս տան: 18  Եւ ցերեկի ու գիշերի վերայ իշխեն, եւ լոյսը խաւարիցը բաժանեն: Եւ Աստուած տեսաւ, որ բարի է: 19  Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ չորրորդ օրը: 20  Եւ Աստուած ասեց. Ջրերը եռան կենդանի շունչ ունեցող զեռուններով. եւ թռչուններ թռչեն երկրի վերայ երկնքի հաստատութեան երեսին: 21  Եւ Աստուած ստեղծեց մեծամեծ կէտերը, եւ բոլոր կենդանի շունչ ունեցող սողունները, որ ջրերը եռացին նորանցով նորանց տեսակի պէս, եւ բոլոր թեւաւոր թռչուններն իրանց տեսակի պէս: Եւ Աստուած տեսաւ, որ բարի է: 22  Եւ Աստուած օրհնեց նորանց ասելով, Աճեցէք եւ շատացէք եւ լցրէք ծովերի միջի ջրերը. եւ թռչունները շատանան երկրի վերայ: 23  Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ հինգերորդ օրը: 24  Եւ Աստուած ասեց. Երկիրը շնչաւոր կենդանի հանէ իր տեսակի պէս, անասուններ եւ սողուններ եւ երկրի գազաններ իրանց տեսակի պէս: Եւ այնպէս եղավ: 25  Եւ Աստուած երկրի գազանները ստեղծեց նորանց տեսակի պէս, եւ անասուններն իրանց տեսակի պէս, եւ գետնի բոլոր սողուններն իրանց տեսակի պէս: Եւ Աստուած տեսաւ, որ բարի է: 26  Եւ Աստուած ասեց. Մեր պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների եւ երկնքի թռչունների, անասունների եւ բոլոր երկրի վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր սողունների վերայ: 27  Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց: 28  Եւ Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց. Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ: 29  Եւ Աստուած ասեց. Ահա ամեն խոտը որ սերմ ունի բոլոր երկրի վերայ եւ ամեն ծառ՝ որի մէջ կայ սերմ տուող ծառի պտուղ, ձեզ տուի որ ձեզ համար կերակուր լինի. 30  Եւ երկրի բոլոր կենդանիների եւ երկնքի բոլոր թռչունների եւ երկրի վերայ բոլոր սողունների համար, որոնց մէջ կենդանութեան շունչ կայ, ամեն կանաչ խոտը կերակուր լինի: Եւ այնպէս եղաւ: 31  Եւ Աստուած տեսաւ բոլորն ինչ որ արել էր, եւ ահա շատ բարի էր: Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ վեցերորդ օրը:

Ծանոթագրություններ