Ծննդոց 11։1-32

11  Եւ բոլոր երկիրը մէկ լեզու եւ մէկ խօսուածք էր:  Եւ եղաւ երբ որ նորանք արեւելքից չուեցին, Սէնաար երկրումը մի դաշտ գտան, եւ այնտեղ բնակուեցան:  Եւ իրար ասեցին. Եկէք աղիւսներ շինենք, եւ կրակով այրենք: Եւ աղիւսները նորանց համար քարի տեղ եղան, եւ կուպրը նորանց համար եղաւ ցեխի տեղ:  Եւ ասեցին. եկէք մեզ համար մի քաղաք շինենք եւ մի աշտարակ, եւ նորա գլուխը մինչեւ երկինքը լինի, եւ մեզ համար անուն ստանանք, որպէս զի չ’ցրուինք բոլոր երկրի երեսի վերայ:  Եւ Եհովան իջաւ մարդկանց որդիների շինած քաղաքը եւ աշտարակը տեսնելու:  Եւ Եհովան ասեց. Ահա մէկ ազգ է եւ մէկ լեզու նորանց ամենի համար, եւ ահա սկսեցին շինել. եւ հիմա նորանց համար դժուար չի լինիլ ինչ որ խորհեցին շինելու:  Եկէք իջնենք, եւ այնտեղ նորանց լեզուն խառնակենք, որ իրար լեզու չ’հասկանան:  Եւ Եհովան այնտեղից նորանց ցրուեց բոլոր երկրի երեսի վերայ, եւ քաղաքը շինելուց դադարեցին:  Վասն որոյ նորա անունը Բաբիլոն կոչուեցաւ, որովհետեւ Եհովան այնտեղ խառնակեց բոլոր երկրի լեզուն. եւ Եհովան նորանց ցրուեց այն տեղից բոլոր երկրի երեսի վերայ: 10  Սէմի ծնունդքը որանք են. Սէմը հարիւր տարեկան էր եւ ծնեց Արփաքսադին՝ ջրհեղեղից երկու տարի յետոյ: 11  Եւ Սէմը Արփաքսադին ծնելուց յետոյ հինգ հարիւր տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց: 12  Եւ Արփաքսադը երեսունեւհինգ տարի ապրեց եւ ծնեց Սաղային: 13  Եւ Արփաքսադը Սաղային ծնելուց յետոյ չորս հարիւր երեք տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց: 14  Եւ Սաղան երեսուն տարի ապրեց, եւ ծնեց Եբերին: 15  Եւ Սաղան Եբերին ծնելուց յետոյ չորս հարիւր երեսուն տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց: 16  Եւ Եբերը երեսունեւչորս տարի ապրեց, եւ ծնեց Փաղէկին: 17  Եւ Եբերը Փաղէկին ծնելուց յետոյ չորս հարիւր երեսուն տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց: 18  Եւ Փաղէկը երեսուն տարի ապրեց, եւ ծնեց Ռագաւին: 19  Եւ Փաղէկը Ռագաւին ծնելուց յետոյ երկու հարիւր ինը տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց: 20  Եւ Ռագաւը երեսունեւերկու տարի ապրեց եւ ծնեց Սերուգին: 21  Եւ Ռագաւը Սերուգին ծնելուց յետոյ երկու հարիւր եօթը տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց: 22  Եւ Սերուգը երեսուն տարի ապրեց, եւ ծնեց Նաքովրին: 23  Եւ Սերուգը Նաքովրին ծնելուց յետոյ երկու հարիւր տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց: 24  Եւ Նաքովրը քսանեւինը տարի ապրեց եւ ծնեց Թարային: 25  Եւ Նաքովրը Թարային ծնելուց յետոյ հարիւր տասնեւիննը տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց: 26  Եւ Թարան եօթանասուն տարի ապրեց, եւ ծնեց Աբրամին, Նաքովրին եւ Առանին: 27  Եւ սորանք են Թարայի ծնունդքը. Թարան ծնեց Աբրամին, Նաքովրին եւ Առանին. եւ Առանը ծնեց Ղովտին: 28  Եւ Առանը մեռաւ իր հօր Թարայի առաջին իր ծննդեան երկրումը Քաղդէացիների Ուր քաղաքումը: 29  Եւ Աբրամը եւ Նաքովրը իրանց համար կանայք առին. Աբրամի կնոջ անունը Սարայ էր եւ Նաքովրի կնոջ անունը Մեղքա՝ Առանի աղջիկը, որ Մեղքայի եւ Յեսքայի հայրն էր: 30  Եւ Սարան ամուլ էր եւ զաւակ չունէր: 31  Եւ Թարան առաւ իր որդի Աբրամին եւ իր թոռը Առանի որդի Ղովտին եւ իր որդի Աբրամի կին՝ իր հարսը՝ Սարային, եւ նորանց հետ Քաղդէացիների Ուր քաղաքիցը դուրս եկաւ Քանանի երկիրը գնալու համար. եւ եկան մինչեւ Խառան, եւ այնտեղ բնակուեցան: 32  Եւ Թարայի օրերը երկու հարիւր հինգ տարի եղան. եւ Թարան Խառանումը մեռաւ:

Ծանոթագրություններ