Ծննդոց 13։1-18

13  Եւ Աբրամը վեր գնաց Եգիպտոսիցը ինքը եւ իր կինը եւ իր բոլոր ունեցածները, եւ Ղովտն էլ իր հետ դէպի հարաւակողմը:  Եւ Աբրամը հարուստ էր անասուններով, արծաթով եւ ոսկիով:  Եւ իր իջեւաններովը գնաց հարաւային կողմիցը մինչեւ Բեթէլ, այն տեղը ուր որ էր առաջ իր վրանը, Բեթէլի եւ Գայիի մէջտեղը.  Այն սեղանի տեղը, ուր որ առաջ շինել էր. եւ Աբրամն այնտեղ Եհովայի անունը կանչեց:  Եւ Ղովտն էլ որ Աբրամի հետ գնացել էր, ունէր ոչխարներ եւ արջառներ եւ վրաններ:  Եւ այն երկիրը բաւական չէր նորանց միասին բնակուելու համար. որովհետեւ նորանց ստացուածքը շատ էր եւ չէին կարողանում միասին բնակուել:  Եւ կռիւ եղաւ Աբրամի անասունների հովիւների եւ Ղովտի անասունների հովիւների մէջ. եւ այն ժամանակ Քանանացիները եւ Փերեզացիները բնակվում էին այն երկրի մէջ:  Եւ Աբրամն ասեց Ղովտին. Թող իմ ու քո մէջ եւ իմ հովիւների ու քո հովիւների մէջ կռիւ չ’լինի, ըստ որում մենք եղբարք ենք:  Բոլոր երկիրը առաջիդ չէ՞. բաժանուիր ինձանից. եթէ դու ձախ կողմը գնաս, ես աջ կողմը կ’գնամ, եւ եթէ դու աջ կողմը գնաս, ես ձախ կողմը կ’գնամ։ 10  Եւ Ղովտն իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ Յորդանանի բոլոր շրջակայքը, որ բոլորն ջրած էր, Եհովան Սոդոմը եւ Գոմորը կործանելուց առաջ մինչեւ Սեգովր Եհովայի դրախտի պէս՝ Եգիպտոսի երկրի պէս էր: 11  Եւ Ղովտը Յորդանանի բոլոր շրջակայքը ընտրեց իր համար, եւ Ղովտը դէպի արեւելք չուեց. եւ միմիանցից բաժանուեցան: 12  Աբրամը Քանանի երկրումը բնակուեց. Ղովտն էլ դաշտի քաղաքներումը բնակուեց, եւ իր վրանը Սոդոմի մօտ բացաւ: 13  Եւ Սոդոմի մարդիկը շատ չար ու մեղաւոր էին Եհովային առաջին: 14  Եւ Եհովան ասեց Աբրամին Ղովտը նորանից բաժանուելուց յետոյ. Աչքերդ բարձրացրու, եւ մտիկ տուր քո եղած տեղիցը դէպի հիւսիս եւ հարաւ, եւ դէպի արեւելք եւ արեւմուտք. 15  Որովհետեւ այդ բոլոր երկիրը, որ դու տեսնում ես, քեզ եմ տալու եւ քո սերունդին յաւիտեան: 16  Եւ քո սերունդը երկրի փոշու չափ եմ անելու. որ եթէ մէկը երկրի փոշին կարող է համարել, քո սերունդն էլ կ’համարուի: 17  Վեր կաց այդ երկրումը ման եկ նորա երկայնութեան եւ լայնութեան համեմատ, որովհետեւ քեզ եմ տալու այն: 18  Եւ Աբրամը չուեց, եւ եկաւ եւ բնակուեց Մամբրէի կաղնիների մէջ, որ Քեբրոնումն է. եւ այն տեղ սեղան շինեց Եհովայի համար:

Ծանոթագրություններ