Ծննդոց 19։1-38

19  Եւ այն երկու հրեշտակներն իրիկունը Սոդոմ եկան. եւ Ղովտը նստած էր Սոդոմի դրանը. եւ Ղովտը տեսաւ եւ վեր կացաւ գնաց նորանց առաջը եւ իր երեսի վերայ մինչեւ երկիրը խոնարհութիւն արաւ.  Եւ ասեց. Ա՛ղէ իմ տէրերս, եկէք ձեր ծառայի տունը, եւ գիշերը կացէք, եւ ձեր ոտքերը լուացէք. եւ առաւօտանց կանուխ վեր կ’կենաք ու ձեր ճանապարհը կ’գնաք: Եւ նորանք ասեցին. Ոչ. փողոցումը կ’կենանք գիշերը:  Եւ նորանց շատ բռնադատեց, եւ նորա մօտ գնացին եւ նորա տունը մտան, եւ նորանց համար ճաշ պատրաստեց եւ բաղարջ թխեց, եւ կերան:  Բայց դեռ որ չէին պառկել, եւ ահա քաղաքի մարդիկը այսինքն Սոդոմի մարդիկը տունը պատեցին երիտասարդներից մինչեւ ծերերը բոլոր ժողովուրդը միասին:  Եւ Ղովտին կանչեցին եւ նորան ասեցին. Ո՞ւր են այն մարդիկը, որ այս գիշեր քեզ մօտ եկան. նորանց դուրս բեր մեզ մօտ, եւ գիտենանք նորանց:  Եւ Ղովտը բակը դուրս եկաւ նորանց մօտ եւ դուռը փակեց իր ետեւիցը,  Եւ ասեց. Եղբայրներս, աղաչում եմ ձեզ, չարութիւն մի անիք:  Ահա ես երկու աղջիկ ունիմ, որ այր չ’գիտեն. թող նորանց ձեզ մօտ դուրս բերեմ, եւ ձեր աչքին հաճոյ եղածն արէք նորանց. միայն այս մարդկանցը բան մի անիք, որովհետեւ նորա համար իմ յարկի շուքի տակը մտան:  Եւ նորանք ասեցին. Դէն գնա. եւ ասեցին. Եկաւ մինակ պանդխտութեան համար, եւ դատաստան էլ է անում. հիմա քեզ նորանցից վատ կանենք: Եւ սաստիկ բռնադատեցին մարդին այսինքն Ղովտին, եւ մօտեցան որ դուռը կոտրեն: 10  Բայց այն մարդիկն իրանց ձեռքը մեկնեցին, եւ Ղովտին առին տունը իրանց մօտ եւ դուռը փակեցին: 11  Եւ այն մարդկանցը, որ տան դրանն էին, կուրութեամբ զարկեցին փոքրիցը մինչեւ մեծը, այնպէս որ դուռը գտնելու համար աշխատելով թուլացան: 12  Եւ մարդիկն ասեցին Ղովտին. Այստեղ ուրիշ էլ ո՞վ ունիս. փեսայ եւ որդիներդ եւ աղջիկներդ, եւ քաղաքումը ով որ ունիս այստեղից հանիր. 13  Վասն զի այս տեղը պէտք է կործանենք. որովհետեւ նորանց աղաղակը մեծ է Եհովայի առաջին. եւ Եհովան մեզ ուղարկեց, որ նորան կործանենք: 14  Եւ Ղովտը դուրս եկաւ եւ իր աղջիկներն առնող փեսաների հետ խօսեց, եւ ասեց. Վեր կացէք դուրս եկէք այս տեղից, որովհետեւ Եհովան պէտք է կործանէ այս քաղաքը. բայց նա կատակ անողի պէս էր երեւում իր փեսաներին: 15  Եւ երբոր առաւօտ եղաւ հրեշտակները ստիպում էին Ղովտին ասելով, Վեր կաց առ կինդ եւ այստեղ գտնուած երկու աղջիկդ, որպէս զի չ’կորչիս այս քաղաքի անօրէնութեան հետ: 16  Եւ երբոր նա ուշանում էր, այն մարդիկը բռնեցին նորա ձեռքիցը եւ նորա կնոջ ձեռքիցը եւ նորա աղջկերանց ձեռքիցը՝ Եհովան նորան ողորմելովը, եւ դուրս հանեցին նորան եւ քաղաքի դուրսը դրին: 17  Եւ եղաւ երբոր նորանց դուրս հանեցին, նորանցից մէկն ասեց. Անձդ ազատիր, ետեւիդ մտիկ մի տար, եւ բոլոր դաշտումը մի կանգնիր. սարը փախիր, որպէս զի չ’կորչիս: 18  Եւ Ղովտն ասեց նորանց. Ոչ՝ Տէր, աղաչում եմ, 19  Ահա ծառադ առաջիդ շնորհք գտաւ, եւ մեծ էր քո երախտիքն, որ արիր ինձ՝ իմ կեանքն ապրեցնելով, եւ ես չեմ կարող սարը փախչիլ, որպէս զի չարիք չ’հասնէ ինձ եւ ես մեռնիմ: 20  Ահա այս քաղաքը մօտիկ է, այն տեղ փախչելու համար. եւ նա պզտիկ է, թող այն տեղ փախչիմ, (չէ՞ որ նա պզտիկ է,) եւ իմ անձն ապրէ: 21  Եւ ասեց նորան. Ահա այդ բանումն էլ քո աղաչանքն ընդունեցի, որ այս քաղաքը չ’կործանեմ, որի համար խօսեցիր: 22  Շուտ արա այն տեղ փախիր, որովհետեւ ես մի բան չեմ կարող անել, մինչեւ որ դու այն տեղ չ’հասնիս. նորա համար այն քաղաքի անունը Սեգովր* կոչեց: 23  Եւ արեւը երկրի վերայ ծագում էր, երբոր Ղովտը Սեգովր մտաւ: 24  Եւ Եհովան Սոդոմի եւ Գոմորի վերայ ծծումբ եւ կրակ տեղաց Եհովայի կողմից երկնքիցը, 25  Եւ կործանեց այն քաղաքները, եւ բոլոր դաշտը, եւ այն քաղաքների բոլոր բնակիչները եւ երկրի բոլոր բոյսը: 26  Եւ նորա կինը ետեւին մտիկ արաւ եւ աղի արձան դարձաւ: 27  Եւ Աբրահամն առաւօտանց կանուխ վեր կացաւ եկաւ այն տեղը, ուր Եհովայի առաջին կանգնել էր: 28  Եւ Սոդոմի եւ Գոմորի եւ բոլոր այն դաշտի երկրի վերայ մտիկ արաւ տեսաւ՝ որ ահա այն երկրի ծուխը դուրս էր գալիս հնոցի ծուխի պէս: 29  Եւ եղաւ երբոր Աստուած այն դաշտի քաղաքները կործանում էր, Աստուած յիշեց Աբրահամին, եւ հանեց Ղովտին այն կործանումի միջիցը, երբոր կործանում էր այն քաղաքները որոնցում Ղովտը բնակվում էր: 30  Եւ Ղովտը Սեգովրից վեր գնաց եւ սարումը բնակուեց, եւ իր երկու աղջկերքն իր հետ. որովհետեւ վախում էր Սեգովրումը բնակուելու եւ բնակուեց մի այրում ինքը եւ իր երկու աղջկերքը: 31  Եւ մեծն ասեց պզտիկին. Մեր հայրը ծեր է, եւ երկրիս մէջ մարդ չ’կայ մեզ մօտ գալու համար ինչպէս ամեն երկրի սովորութիւնն է: 32  Եկ մեր հօրը գինի խմեցնենք, եւ նորա հետ պառկենք, եւ մեր հօրիցը սերունդ յարուցանենք։ 33  Եւ այն գիշերը իրանց հօրը գինի խմեցրին, եւ մեծ աղջիկը գնաց եւ իր հօր հետ պառկեց. եւ Ղովտը չիմացաւ նորա պառկելը եւ վեր կենալը: 34  Եւ եղաւ որ միւս օրը մեծ աղջիկը պզտիկին ասեց. Ահա երէկ գիշեր հօրս հետ պառկեցի. այս գիշեր էլ նորան գինի խմեցնենք, եւ դու գնա հետը պառկիր, եւ մեր հօրիցը սերունդ յարուցանենք: 35  Եւ այն գիշերն էլ իրանց հօրը գինի խմեցրին, եւ պզտիկ աղջիկը վեր կացաւ նորա հետ պառկեց, եւ Ղովտը չիմացաւ նորա պառկելը եւ վեր կենալը: 36  Եւ Ղովտի երկու աղջկերքը իրանց հօրիցը յղացան: 37  Եւ մեծը որդի ծնեց եւ անունը Մովաբ դրաւ. նա է Մովաբացիների հայրը մինչեւ այսօր: 38  Եւ պզտիկն էլ որդի ծնեց, եւ նորա անունը Բենամմի դրաւ. սա է Ամմոնի որդկանց հայրը մինչեւ այսօր:

Ծանոթագրություններ

19։22 Պզտիկ։