Ծննդոց 22։1-24

22  Եւ եղաւ որ այս բաներից յետոյ Աստուած փորձեց Աբրահամին եւ ասեց նորան, Աբրահամ. եւ նա ասեց, Ահա ես:  Եւ նա ասեց. Առ քո սիրած մէկ հատիկ որդիդ Իսահակը եւ Մօրիայի երկիրը գնա, եւ այն տեղ նորան ողջակէզ արա այն սարերի մէկի վերայ որ ես քեզ կ’ասեմ:  Եւ Աբրահամն առաւօտանց կանուխ վեր կացաւ եւ իր էշի համետը դրաւ, եւ վեր առաւ իր հետ երկու ծառաները եւ իր որդի Իսահակը. եւ ողջակէզի փայտ ճղեց, եւ վեր կացաւ գնաց այն տեղը, որ Աստուած իրան ասել էր:  Եւ երրորդ օրն Աբրահամն իր աչքերը բարձրացրեց, եւ հեռուից տեսաւ այն տեղը:  Եւ Աբրահամն ասեց իր ծառաներին. Դուք այդ էշի հետ այստեղ մնացէք, եւ ես եւ տղան մինչեւ այն տեղ գնանք եւ երկրպագութիւն անենք, եւ ձեզ մօտ ետ կ’դառնանք:  Եւ Աբրահամն առաւ ողջակէզի փայտը եւ իր որդի Իսահակի վերայ դրաւ, եւ ինքն իր ձեռքն առաւ կրակը եւ դանակը, եւ երկուսը մէկտեղ գնացին:  Եւ Իսահակը խօսեց իր հայր Աբրահամի հետ եւ ասեց. Հայր իմ. եւ նա ասեց. Ահա ես, որդիս: Եւ նա ասեց. Ահա կրակը եւ փայտը, բայց ո՞ւր է ողջակէզի համար գառը:  Եւ Աբրահամն ասեց. Աստուած կը տեսնէ իր գառը ողջակէզի համար, որդեակս: Եւ երկուսը միասին գնացին:  Եւ եկան այն տեղը, որ Աստուած նորան ասել էր. եւ Աբրահամն այն տեղ սեղանը շինեց, եւ փայտերը շարեց, եւ իր որդի Իսահակին կապեց՝ սեղանի վերայ դրաւ նորան փայտերի վերայից: 10  Եւ Աբրահամն իր ձեռքը մեկնեց, եւ դանակն առաւ որ իր որդուն մորթէ: 11  Եւ Եհովայի հրեշտակը երկնքիցը նորան ասեց. Աբրահամ, Աբրահամ. եւ նա ասեց. Ահա ես: 12  Եւ նա ասեց. Ձեռքդ տղային մի դպցնիր, եւ նորան մի բան մի անիր, որովհետեւ հիմա իմացայ, որ դու Աստուածանից վախում ես. եւ քո մէկ հատիկ որդին ինձանից չ’խնայեցիր: 13  Եւ Աբրահամն իր աչքերը վեր բարձրացրեց եւ նայեց, եւ ահա մի խոյ կար ետեւին մացառներումը եղջիւրներովը բռնուած: Եւ Աբրահամը գնաց եւ խոյն առաւ, եւ նորան իր որդու փոխարէն ողջակէզ մատուցրեց: 14  Եւ Աբրահամն այն տեղի անունը Եհովայիրէ* կոչեց, որ այս օր ասվում է, թէ Այն սարումը ուր Եհովան երեւում է: 15  Եւ Եհովայի հրեշտակն երկրորդ անգամ երկնքիցը Աբրահամին կանչեց, 16  Եւ ասեց. Ինձանով երդում եմ անում, ասում է Եհովան, որովհետեւ դու այս բանն արիր, եւ քո մէկ հատիկ որդին չ’խնայեցիր, 17  Քեզ օրհնելով կ’օրհնեմ, եւ քո սերունդը երկնքի աստղերի եւ ծովեզերքում լինող աւազի պէս շատացնելով կ’շատացնեմ. եւ քո սերունդը իր թշնամիների դուռը կ’ժառանգէ. 18  Եւ երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կ’օրհնուին. նորա համար որ իմ ձայնին ականջ դրիր: 19  Եւ Աբրահամը ետ դարձաւ իր ծառաների մօտ, եւ վեր կացան եւ մէկտեղ Բերսաբէէ գնացին. եւ Աբրահամը բնակվում էր Բերսաբէէումն: 20  Եւ եղաւ որ այս բաներից յետոյ Աբրահամին պատմուեցաւ ասելով. Ահա Մեղքան էլ որդիներ ծնեց քո եղբայր Նաքովրի համար. 21  Իր անդրանիկ Հուսին, եւ նորա եղբայր Բուզին, եւ Արամի հայր Կամուէլին, 22  Եւ Քաղադին եւ Ասաւին, եւ Փաղդասին եւ Յետլափին, եւ Բաթուէլին: 23  Եւ Բաթուէլը ծնեց Ռեբեկային. այս ութը Մեղքան ծնեց Աբրահամի եղբայր Նաքովրի համար: 24  Եւ նորա հարճը, որի անունը Ռէումա էր, նա էլ ծնեց Տեբաքին եւ Գաամին եւ Թաքասին եւ Մաաքային:

Ծանոթագրություններ

22։14 Տէրը տեսնում է։