Ծննդոց 26։1-35

26  Եւ երկրի մէջ սով եղաւ բացի այն առաջի սովից որ Աբրահամի օրերում եղել էր. եւ Իսահակը գնաց Փղշտացիների Աբիմելէք թագաւորի մօտ Գերար:  Եւ Եհովան երեւեցաւ նորան, եւ ասեց. Եգիպտոս մի իջնիր, բնակուիր այն երկրումը որ քեզ կ’ասեմ:  Պանդուխտ եղիր այս երկրի մէջ. եւ ես քեզ հետ կ’օրհնեմ. որովհետեւ քեզ եւ քո սերունդին եմ տալու բոլոր այս երկիրները, եւ կ’հաստատեմ այն երդումը որ երդուեցի քո հայր Աբրահամին.  Եւ կ’շատացնեմ քո սերունդը երկնքի աստղերի չափ, եւ բոլոր այս երկիրները քո սերունդին կ’տամ. եւ երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կ’օրհնուին:  Նորա համար որ Աբրահամն իմ ձայնին լսեց, եւ պահեց իմ հրամանները եւ իմ պատուիրանքները եւ իմ կանոններն ու իմ օրէնքներն:  Եւ Իսահակը բնակուեց Գերարումը:  Եւ այն տեղի մարդիկը հարցրին նորանից նորա կնոջ մասին. եւ նա ասեց. Իմ քոյրն է նա. որովհետեւ վախեց ասելու՝ թէ Իմ կինն է, մի գուցէ այս տեղի մարդիկը ինձ սպանեն Ռեբեկայի պատճառով. որովհետեւ տեսքով գեղեցիկ էր:  Եւ եղաւ երբոր նա երկար ժամանակ այն տեղ կացաւ, Փղշտացիների թագաւորը Աբիմելէքը պատուհանից նայեց եւ տեսաւ, եւ ահա Իսահակն իր կնոջ Ռեբեկայի հետ խաղում էր:  Եւ Աբիմելէքը կանչեց Իսահակին եւ ասեց. Ահա հէնց քո կինդ է նա. եւ ի՞նչպէս ասեցիր՝ Նա իմ քոյրն է. եւ Իսահակն ասեց նորան. Որովհետեւ ասեցի Մի գուցէ նորա պատճառով մեռնիմ: 10  Եւ Աբիմելէքն ասեց. Սա ի՞նչ է որ մեզ արիր. քիչ էր մնացել որ ժողովրդից մէկը քո կնոջ հետ պառկել էր, եւ դու մեր վերայ յանցանք բերած կ’լինէիր: 11  Եւ Աբիմելէքը հրամայեց բոլոր ժողովրդին ասելով, Ով որ այս մարդին կամ նորա կնոջը դպչելու լինի, մահով պիտի մեռնի: 12  Իսահակն այն երկրի մէջ ցանեց եւ այն տարին հարիւրի չափ արդիւնք գտաւ. եւ Եհովան օրհնեց նորան: 13  Եւ մարդը բարձրացաւ, եւ քանի գնաց մեծացաւ, մինչեւ որ շատ մեծացաւ: 14  Եւ ոչխարներ, եւ արջառներ, եւ շատ ծառաներ ունեցաւ, եւ Փղշտացիք նախանձեցին նորան: 15  Եւ իր հօր Աբրահամի օրերումն իր հօր ծառաների փորած բոլոր ջրհորները Փղշտացիք գոցեցին, եւ հողով լցրին նորանց: 16  Եւ Աբիմելէքն ասեց Իսահակին. Գնա մեզանից, որովհետեւ մեզանից շատ աւելի զօրաւոր եղար: 17  Եւ Իսահակը գնաց այն տեղից եւ իր վրանները Գերարի ձորումը բացաւ, եւ այն տեղ բնակուեց: 18  Եւ Իսահակը դարձեալ այն ջրհորները փորեց, որ իր հօր օրերումը փորել էին եւ որ Փղշտացիք գոցել էին Աբրահամի մեռնելուց յետոյ. եւ նորանց այնպիսի անուններ դրաւ, ինչպիսի անուններ դրել էր իր հայրը: 19  Եւ Իսահակի ծառաները փորեցին ձորումը, եւ այն տեղ մի կենդանի ջրի ջրհոր գտան: 20  Եւ Գերարի հովիւները կռվում էին Իսահակի հովիւների հետ ասելով՝ Այդ ջուրը մերն է. եւ այն ջրհորի անունը դրաւ Էսէք*, որովհետեւ իրար հետ կռուեցին: 21  Եւ մի ուրիշ ջրհոր փորեցին, եւ նորա վերայ էլ կռուեցին, եւ նորա անունը դրաւ Սիթնա*: 22  Եւ այն տեղից չուեց, եւ մի ուրիշ հոր փորեց, եւ նորա վերայ չ’կռուեցին, եւ նորա անունը դրաւ Ռոհոբոթ*, եւ ասեց թէ հիմա Եհովան մեզ ընդարձակեց, եւ երկրի մէջ պտղաբեր կ’լինինք: 23  Եւ այն տեղից ելաւ Բերսաբէէ: 24  Եւ Եհովան երեւեցաւ նորան այն գիշերը եւ ասեց. Ես եմ քո հօր Աբրահամի Աստուածը, մի վախիր, որովհետեւ ես քեզ հետ եմ. եւ կ’օրհնեմ եւ կ’շատցնեմ քո սերունդը եմ ծառայ Աբրահամի պատճառով: 25  Եւ այն տեղ սեղան շինեց եւ Եհովայի անունը կանչեց, եւ այն տեղ բացաւ իր վրանը. եւ այն տեղ Իսահակի ծառաները ջրհոր քանդեցին: 26  Եւ Աբիմելէքը գնաց նորա մօտ Գերարից, ու նորա բարեկամներից Ոքոզաթը եւ նորա սպարապետը Փիքող: 27  Եւ Իսահակն ասեց. Ինչո՞ւ համար էք եկել ինձ մօտ, քանի որ դուք ինձ ատում էք, եւ ինձ ձեր մօտիցը դուրս արիք: 28  Եւ նորանք ասեցին. Մենք տեսանք որ Եհովան քեզ հետ է, եւ ասեցինք թող երդում լինի մեր մէջ այսինքն մեր ու քո մէջ, եւ քեզ հետ ուխտ դնենք, 29  Որ մեզ չար բան չանես, ինչպէս որ մենք էլ քեզ չենք դպել, եւ ինչպէս որ քեզ հետ միայն բարի վարուեցինք, եւ քեզ խաղաղութեամբ ճանապարհեցինք. դու հիմա Եհովայի օրհնեալն ես: 30  Եւ նա նորանց համար խնջոյք արաւ. եւ նորանք կերան ու խմեցին: 31  Եւ առաւօտանց կանուխ վեր կացան եւ իրար երդում արին. եւ Իսահակը նորանց ճանապարհեց, եւ նորանից գնացին խաղաղութեամբ: 32  Եւ եղաւ այն ժամանակ որ Իսահակի ծառաները եկան եւ նորան պատմեցին այն ջրհորի մասին որ փորում էին, եւ ասեցին նորան թե Ջուր ենք գտել: 33  Եւ նորա անունը դրաւ Սաբէէ*. սորա համար այն քաղաքի անունը Բերսաբէէ* է մինչեւ այսօր: 34  Եւ Եսաւը քառասուն տարեկան էր, երբոր Քետացի Բէերի աղջիկ Յուդիթին եւ Քետացի Ելօնի աղջիկ Բասէմաթին կին առաւ: 35  Եւ սորանք Իսահակի եւ Ռեբեկայի համար հոգու դառնութիւն եղան:

Ծանոթագրություններ

26։20 Կռիվ։
26։21 Թշնամութիւն։
26։22 Ընդարձակութիւն։
26։33 Երդում։
26։33 Երդման ջրհոր։