Ծննդոց 27։1-46

27  Եւ եղաւ երբոր Իսահակը ծերացաւ, եւ աչքերը տկարացան տեսնելուց, իր մեծ որդի Եսաւին կանչեց եւ ասեց նորան. Որդի: Եւ նա ասեց նորան, Ահա ես:  Եւ ասեց. Ահա ես ծերացել եմ, չ’գիտեմ իմ մեռնելու օրը.  Եւ հիմա առ դու քո գործիքը՝ քո կապարճը եւ քո աղեղը, եւ դուրս եկ գնա դաշտը, եւ ինձ համար մի որս որսա.  Եւ ինձ համար խորտիկներ շինիր ինչպէս որ ես սիրում եմ, եւ բեր ինձ մօտ որ ուտեմ, եւ նորա համար օրհնէ քեզ իմ հոգին՝ ես տակաւին չ’մեռած:  Եւ Ռեբեկան լսում էր Իսահակը իր որդի Եսաւի հետ խօսելիս: Եւ Եսաւը դուրս գնաց դաշտը, որ որս որսայ եւ բերէ:  Եւ Ռեբեկան խօսեց իր որդի Յակոբին ասելով. Ահա լսեցի որ հայրդ խօսում էր քո եղբայր Եսաւի հետ եւ ասում.  Ինձ համար որս բեր, եւ ինձ համար խորտիկներ շինիր, որ ուտեմ եւ օրհնեմ քեզ Եհովայի առջեւ իմ մեռնելուց առաջ:  Եւ հիմա, որդիս, լսիր իմ ձայնին ինչ որ ես քեզ պատուիրում եմ:  Գնա հօտերի մօտ եւ այն տեղից ինձ համար երկու լաւ այծի ուլեր բեր. եւ ես նորանցից խորտիկներ շինեմ քո հօր համար ինչպէս որ նա սիրում է: 10  Եւ դու կ’տանես քո հօր մօտ եւ նա կ’ուտէ, եւ նորա համար կ’օրհնէ քեզ իր մեռնելուց առաջ: 11  Եւ Յակոբն ասաց իր մայր Ռեբեկային. Ահա եղբայրս Եսաւը մազոտ մարդ է, իսկ ես լերկ մարդ եմ: 12  Գուցէ իմ հայրն ինձ շօշափէ, եւ նորա աչքին զզուելի լինիմ, եւ ինձ վերայ անէծք բերեմ եւ ոչ թէ օրհնութիւն: 13  Եւ մայրն ասեց նորան. Քո անէծքն իմ վերայ, որդիս, միայն թէ լսիր իմ ձայնին, եւ գնա բեր ինձ համար: 14  Եւ նա գնաց, առաւ եւ բերաւ իր մօր համար. եւ նորա մայրը խորտիկներ շինեց ինչպէս նորա հայրը սիրում էր: 15  Եւ Ռեբեկան առաւ իր մեծ որդի Եսաւի ազնիւ հանդերձները, որ տանն իր մօտ էր, առաւ եւ հագցրեց իր փոքր որդի Յակոբին: 16  Եւ այծի ուլերի մորթերն էլ հագցրեց նորա ձեռքերին եւ վզի լերկ տեղին: 17  Եւ խորտիկները եւ այն հացն էլ, որ շինել էր, տուաւ իր որդի Յակոբի ձեռքը: 18  Եւ նա գնաց իր հօր մօտ եւ ասեց. Հայր իմ: Եւ նա ասեց. Ահա ես. դու ո՞վ ես, որդիս: 19  Եւ Յակոբն ասեց իր հօրը. Ես քո անդրանիկ Եսաւն եմ. ես արի ինչպէս որ ասեցիր ինձ. վեր կաց, նստիր, եւ կեր իմ որսիցը, որ քո հոգին ինձ օրհնէ: 20  Եւ Իսահակն իր որդուն. Սա ինչ շուտով գտար, որդիս: Եւ նա ասեց. Որովհետեւ քո Եհովայ Աստուածը հանդիպեցրեց իմ առջեւ: 21  Եւ Իսահակն ասեց Յակոբին. Մօտեցիր եւ թող քեզ շօշափեմ, որդիս, թէ արդե՞օք դու ես իմ որդի Եսաւը, թէ ոչ: 22  Եւ Յակոբը մօտեցաւ իր հայր Իսահակին, եւ նա շօշափեց նորան եւ ասեց. Ձայնը Յակոբի ձայնն է, իսկ ձեռքերը Եսաւի ձեռքերը: 23  Եւ չ’ճանաչեց նորան, որովհետեւ ձեռքերը նորա եղբայր Եսաւի ձեռքերի պէս մազոտ էին. եւ օրհնեց նորան. 24  Եւ ասեց. Սա դո՞ւ ես, իմ որդի Եսաւ: 25  Եւ նա ասեց. Ես եմ: Եւ ասեց մօտեցրու ինձ որ ուտեմ իմ որդու որսերը որ դորա համար օրհնէ քեզ իմ հոգին: Եւ նա մօտեցրեց նորան, եւ նա կերաւ, եւ նորա համար գինի բերաւ, եւ նա խմեց: 26  Եւ նորա հայրը Իսահակն ասեց նորան. Մօտեցիր ինձ եւ համբուրիր ինձ, որդիս: 27  Եւ նա մօտեցաւ եւ համբուրեց նորան, եւ նա հոտոտաց նորա հանդերձների հոտը եւ օրհնեց նորան, եւ ասեց. Տես իմ որդու հոտը՝ այն արտի հոտի նման է, որն որ օրհնեց Եհովան: 28  Եւ Աստուած տայ քեզ երկնքի ցօղիցը եւ երկրի պարարտութիւնիցը, եւ ցորենի եւ գինու առատութիւն: 29  Ազգեր ծառային քեզ եւ ժողովուրդներ քեզ երկրպագեն. քո եղբօր վերայ իշխան եղիր. եւ քո մօր որդիքը քեզ երկրպագեն. քեզ անիծողներն անիծեալ եւ քեզ օրհնողներն օրհնեալ լինին: 30  Եւ եղաւ երբոր Իսահակը Յակոբին օրհնեց վերջացրեց, եւ եղաւ հէնց որ Յակոբը դուրս եկաւ իր հօր Իսահակի առջեւից, նորա եղբայր Եսաւը եկաւ որսիցը: 31  Նա էլ խորտիկներ շինեց եւ բերաւ իր հօր մօտ, եւ ասեց հօրը. Վեր կաց, հայր իմ, եւ կեր քո որդու որսիցը, որ քո հոգին ինձ օրհնէ: 32  Եւ նորա հայր Իսահակը ասեց նորան. Դու ո՞վ ես: Եւ նա ասեց. Ես քո անդրանիկ որդի Եսաւն եմ: 33  Եւ Իսահակը մեծ սարսափով սաստիկ սարսափեց եւ ասեց. Ապա նա ո՞վ էր, որ որս էր որսել եւ բերել ինձ համար, եւ ես ամենիցը կերայ քո գալուց առաջ եւ օրհնեցի նորան. նա օրհնուած էլ կ’մնայ: 34  Եւ երբ որ Եսաւը լսեց իր հօր խօսքերը, մեծ եւ դառն աղաղակով սաստիկ լաց եղաւ, եւ ասեց իր հօրը. Ինձ էլ օրհնիր, հայր իմ, ինձ էլ: 35  Եւ նա ասեց. Քո եղբայրն եկաւ նենգութեամբ եւ առաւ քո օրհնութիւնը: 36  Մի՞թէ նորա անունը Յակոբ չեն ասում. եւ ահա սա երկու անգամ է որ ինձ խաբել է. իմ անդրանկութիւնն առաւ, եւ հիմա էլ ահա օրհնութիւնս առաւ. եւ ասեց. Ինձ համար օրհնութիւն չե՞ս թողիլ: 37  Եւ Իսահակը պատասխանեց եւ ասեց Եսաւին. Ահա նորան քեզ վերայ իշխան դրի, եւ իր բոլոր եղբայրները տուի նորան ծառաներ լինելու համար. եւ ցորենով ու գինով հաստատեցի նորան. եւ հիմա քեզ ի՞նչ անեմ, որդիս: 38  Եւ Եսաւն ասեց իր հօրը. Մի՞թէ դու մէկ հատ օրհնութիւն ունիս, հայր իմ. ինձ էլ օրհնիր, հայր իմ. Եւ Եսաւը բարձրացրեց իր ձայնը եւ լացաւ: 39  Եւ նորա հայր Իսահակը պատասխանեց եւ ասեց նորան. Ահա երկրի պարարտութիւնը լինի քո բնակարանը՝ եւ երկնքի ցօղիցը վերեւից: 40  Եւ քո սրովն ապրես. եւ քո եղբօրը ծառայես, եւ կ’լինի որ երբ դու քաշուիս նորա լուծը քո վզի վրայից կոտրես: 41  Եւ Եսաւն ատում էր Յակոբին այն օրհնութեան համար, որ հայրը նորան օրհնեց. եւ Եսաւն ասում էր իր սրտումը, Իմ հօր համար սգի օրերը մօտենում եմ. եւ ես սպանելու եմ իմ եղբայր Յակոբին: 42  Եւ Ռեբեկային պատմեցին իր մեծ որդի Եսաւի բաները, եւ մարդ ուղարկեց եւ կանչեց իր փոքր որդի Յակոբին եւ ասեց նորան. Ահա քո եղբայրն Եսաւը քեզանից վրէժխնդիր է, որ քեզ սպանէ: 43  Եւ հիմա, որդիս, լսիր իմ ձայնին, եւ փախիր գնա իմ եղբայր Լաբանի մօտ Խառան: 44  Եւ բնակիր նորա մօտ մի քանի ժամանակ՝ մինչեւ քո եղբօր բարկութիւնը ետ դառնայ. 45  Մինչեւ քո եղբօր բարկութիւնը քեզանից անցնէ, եւ նա մոռանայ ինչ որ իրան արել ես. եւ ես կ’ուղարկեմ ու կ’առնեմ քեզ այն տեղից. ինչո՞ւ համար զրկուիմ ձեր երկուսիցդ մէկ օրում: 46  Եւ Ռեբեկան ասեց Իսահակին. Կեանքիցս զզուել եմ Քետի աղջիկների պատճառովը. եթէ Յակոբն էլ է այս երկրի աղջիկների պէս Քետի աղջիկներից կին առնելու, էլ ինչո՞ւ է ինձ կեանքը պէտք:

Ծանոթագրություններ