Ծննդոց 29։1-35

29  Եւ Յակոբը ճանապարհ ընկաւ եւ գնաց արեւելքի որդկանց երկիրը.  Եւ մտիկ տուաւ, եւ ահա դաշտումը մի հոր կար, եւ ահա այնտեղ նորա մօտ ոչխարների երեք հօտ պառկել էին, որ այն հորիցը խմեցնում էին հօտերին. եւ հորի բերանին մի մեծ քար կար:  Եւ բոլոր հօտերը այնտեղ էին ժողովում. եւ հորի բերանիցը քարը գլորում էին, եւ հօտերին խմեցնում, եւ քարը դարձեալ իր տեղը հորի բերանին էին դնում:  Եւ Յակոբն ասեց նորանց. Եղբայրներս, ո՞րտեղից էք դուք. եւ նորանք ասեցին. Մենք Խառանիցն ենք:  Եւ նա ասեց նորանց. Նաքովրի որդի Լաբանին ճանաչո՞ւմ էք. եւ նորանք ասեցին՝ Ճանաչում ենք:  Եւ նա ասեց նորանց . Առո՞ղջ է. եւ նորանք ասեցին, Առողջ է, եւ ահա նորա աղջիկ Ռաքէլը ոչխարների հետ գալիս է:  Եւ նա ասեց. Ահա տակաւին օր շատ կայ եւ ժամանակ չէ հօտերը ժողովելու, ոչխարներին խմեցրէք, եւ գնացէք արածեցրէք:  Եւ նորանք ասեցին. Չենք կարող, մինչեւ որ բոլոր հօտերը մէկտեղ չ’ժողովուին. այն ժամանակ հորի բերանից քարը կ’գլորեն, եւ ոչխարներին կ’խմեցնենք:  Եւ երբոր տակաւին նորանց հետ խօսում էր, Ռաքէլն եկաւ իր հօր ոչխարների հետ. որովհետեւ նա էր նորանց հովիւը: 10  Եւ եղաւ երբոր Յակոբը տեսաւ իր մօրեղբայր Լաբանի աղջիկ Ռաքէլին, եւ իր մօրեղբայր Լաբանի ոչխարները, այն ժամանակ Յակոբը մօտեցաւ, եւ քարը հորի բերանիցը գլորեց, եւ իր մօրեղբայր Լաբանի ոչխարներին խմեցրեց: 11  Եւ Յակոբը համբուրեց Ռաքէքին, եւ ձայնը բարձրացրեց լաց եղաւ: 12  Եւ Յակոբը պատմեց Ռաքէլին, թէ ինքը նորա հօր ազգական* եւ Ռեբեկայի որդին է. նա էլ վազեց եւ իր հօրը պատմեց: 13  Եւ երբոր Լաբանն իր քրոջ որդի Յակոբին համբաւը լսեց, նորան դիմաւորելու վազեց, եւ գրկեց եւ համբուրեց նորան, եւ իր տունը տարաւ, եւ նա պատմեց Լաբանին բոլոր այս բաները: 14  Եւ Լաբանն ասեց նորան. Իրաւի դու իմ ոսկորն ու իմ մարմինն ես. եւ նա նորա հետ մի ամբողջ ամիս մնաց: 15  Եւ Լաբանն ասեց Յակոբին. Մի՞թէ դու, որ իմ եղբայրն ես, պիտի ինձ ձրի՞ ծառայես. ասիր ինձ՝ ի՞նչ է քո վարձքը: 16  Եւ Լաբանն երկու աղջիկ ունէր. մեծի անունը Լիա եւ փոքրի անունը Ռաքէլ: 17  Եւ Լիայի աչքերը տկար էին, բայց Ռաքէլը գեղեցիկ էր տեսքով եւ գեղեցիկ դէմքով: 18  Եւ Յակոբը սիրեց Ռաքէլին եւ ասեց. Քո փոքր աղջիկ Ռաքէլի համար եօթը տարի քեզ ծառայեմ: 19  Եւ Լաբանն ասեց. Աւելի լաւ է որ ես նորան քեզ տամ քան թէ նորան ուրիշ մարդի տամ: Բնակուիր ինձ հետ։ 20  Եւ Յակոբը Ռաքէլի համար եօթը տարի ծառայեց. եւ նորա աչքին մի քանի օրերի պէս էր՝ նորան սիրելու պատճառով: 21  Եւ Յակոբն ասեց Լաբանին. Կինս տուր, որովհետեւ օրերս լրացել են, որ ես մտնեմ նորա մօտ: 22  Եւ Լաբանն այն տեղի բոլոր մարդկանցը ժողովեց եւ խնջոյք արաւ: 23  Եւ եղաւ որ իրիկունը նա իր Լիա աղջիկն առաւ եւ նորա մօտ բերաւ. 24  Եւ Լաբանն իր աղախին Զեղփան իր աղջիկ Լիային աղախին տուաւ: 25  Եւ եղաւ առաւօտանց, եւ ահա նա Լիան էր. եւ Յակոբը Լաբանին ասեց. Ի՞նչ է սա որ դու ինձ արել ես. մի՞թէ ես քեզ Ռաքէլի համար չեմ ծառայել. ապա ինչո՞ւ համար ինձ խաբեցիր: 26  Եւ Լաբանն ասեց. Մեր երկրումն այսպէս չեն անիլ, որ փոքրը մեծից առաջ տան: 27  Լրացրու այս եօթնեակը, եւ ես սորան էլ կ’տամ քեզ այն ծառայութեան համար որ ինձ ծառայես ուրիշ եօթը տարի էլ: 28  Եւ Յակոբն այնպէս արաւ, եւ այն եօթնեակն էլ լրացրեց, եւ Լաբանն իր Ռաքէլ աղջիկը նորան կին տուաւ: 29  Եւ Լաբանն իր աղախին Բաղղան իր աղջիկ Ռաքէլին աղախին տուաւ: 30  Եւ նա Ռաքէլի մօտ էլ մտաւ, եւ Ռաքէլին Լիայիցն աւելի սիրեց. եւ Լաբանին եօթը տարի էլ ծառայեց: 31  Եւ երբոր Եհովան տեսաւ որ Լիան ատվում է, նորա արգանդը բացաւ. բայց Ռաքէլը ամուլ էր: 32  Եւ Լիան յղացաւ, եւ մի որդի ծնեց, եւ նորա անունը Ռուբէն* դրաւ. որովհետեւ ասեց. Եհովան իմ տառապանքին նայեց, ուրեմն հիմա իմ մարդն ինձ կ’սիրէ: 33  Եւ դարձեալ յղացաւ եւ մի որդի ծնեց, եւ ասեց. Որովհետեւ Եհովան լսեց որ ես ատվում եմ, նորա համար ինձ այս որդին էլ տուաւ. եւ նորա անունը Շմաւոն* դրաւ: 34  Եւ դարձեալ յղացաւ եւ մի որդի ծնեց եւ ասեց. Հիմա այս անգամ իմ մարդն ինձ հետ կ’միաւորուի. որովհետեւ երեք որդի ծնեցի նորա համար. այս պատճառով նորա անունը Ղեւի* դրաւ: 35  Եւ դարձեալ յղացաւ եւ նո որդի ծնեց, եւ ասեց. Այս անգամ պիտի գոհանամ Եհովայից. նորա համար նորա անունը Յուդա* դրաւ. եւ ծնելուց դադարեց:

Ծանոթագրություններ

29։12 Եղբայրը։
29։32 Ահա որդի։
29։33 Լսել։
29։34 Միաւորութիւն։
29։35 Գոհութիւն։