Ծննդոց 3։1-24
3 Եւ օձը աւելի խորամանգ էր քան թե դաշտի բոլոր գազանները, որ Եհովայ Աստուածն ստեղծել էր. եւ կնոջն ասեց. Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառիցը չուտէք:
2 Եւ կինն ասեց օձին. Պարտէզի ծառերի պտղիցն ուտում ենք.
3 Բայց այն ծառի պտղիցը որ պարտէզի մէջտեղն է, Աստուած ասեց, Մի ուտէք նորանից, եւ նորան մի դպչիք, որ չ’մեռնիք:
4 Եւ օձը կնոջն ասեց, Բնաւ չէք մեռնիլ:
5 Այլ Աստուած գիտէ, թէ այն օրը որ նորանից ուտէք, ձեր աչքերը կ’բացուին, եւ Աստուծոյ պէս կ’լինիք՝ բարին եւ չարը գիտացող:
6 Եւ կինը տեսաւ, որ ծառը լաւ էր ուտելու համար, եւ թէ հաճելի էր աչքերին, եւ փափաքելի է ծառը նայելու համար, առաւ նորա պտղից եւ կերաւ, եւ իր հետ իր մարդին էլ տուաւ, եւ նա կերաւ:
7 Եւ նորանց երկուսի աչքերը բացուեցան, եւ գիտացին թէ մերկ են. եւ թզենու տերեւներ կարեցին, եւ իրանց համար ծածկոցներ շինեցին:
8 Եւ Եհովայ Աստուծոյ ձայնը լսեցին, որ օրուայ հով ժամանակին պարտէզումը ման էր գալիս. եւ Ադամը եւ իր կինը թաք կացին Եհովայ Աստուծոյ երեսիցը պարտէզի ծառերի մէջ:
9 Եւ Եհովայ Աստուածը կանչեց Ադամին, եւ ասեց նորան, Ո՞ւր ես.
10 Եւ նա ասեց. Քո ձայնը լսեցի պարտէզումը, եւ վախեցի, որովհետեւ ես մերկ էի, եւ թաք կացի:
11 Եւ ասեց. Ո՞վ պատմեց քեզ, թէ դու մերկ ես, արդեօք այն ծառիցը, որի համար քեզ պատուիրեցի որ նորանից չուտես, կերա՞ր:
12 Եւ Ադամն ասեց. Այն կինը, որ ինձ հետ տուիր, նա տուաւ ինձ այն ծառիցը, եւ ես կերայ:
13 Եւ Եհովայ Աստուածն ասեց կնոջը . Դա ի՞նչ ես արել: Եւ կինն ասեց. Օձն ինձ խաբեց, եւ ես կերայ:
14 Եւ Եհովայ Աստուածն ասեց օձին. Որովհետեւ արիր այս, դու անիծեալ լինիս բոլոր անասուններիցը եւ դաշտի բոլոր կենդանիներիցը. փորիդ վերայ գնաս, եւ հող ուտես կեանքիդ բոլոր օրերումը:
15 Եւ ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես:
16 Եւ կնոջն ասաց. Շատ պիտի շատացնեմ քո յղութեան ցաւերը, եւ ցաւով զաւակ ծնես, եւ դէպի քո մարդը լինի քո փափաքը, եւ նա իշխէ քեզ վերայ:
17 Եւ Ադամին ասաց. Որովհետեւ դու լսեցիր քո կնոջ խօսքին, եւ կերար այն ծառիցը, որի համար պատուիրեցի քեզ՝ ասելով՝ Նորանից չ’ուտես, անիծեալ լինի երկիրը քո պատճառովը, նեղութիւնով ուտես նորանից կեանքիդ բոլոր օրերումը:
18 Եւ նա փուշ ու տատասկ բուսցնէ քեզ համար, եւ դաշտի խոտն ուտես:
19 Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դէպի երկիրը, որովհետեւ նորանից առնուեցար. նորա համար որ հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս:
20 Եւ Ադամն իր կնոջ անունը Եւայ կոչեց. որովհետեւ նա եղաւ բոլոր կենդանեաց մայրը:
21 Եւ Եհովայ Աստուածն Ադամի եւ նորա կնոջ համար կաշուց հանդերձներ շինեց, եւ հագցրեց նորանց:
22 Եւ Եհովայ Աստուածն ասեց. Ահա Ադամն եղաւ իբրեւ մեզանից մէկը՝ որ բարին եւ չարը գիտենայ, եւ հիմա մի գուցէ իր ձեռքը մեկնէ, եւ կենաց ծառիցն էլ առնէ եւ ուտէ եւ յաւիտեան ապրի.
23 Ուստի Եհովայ Աստուածը հանեց նորան Եդէմի պարտէզից, որ երկիրը գործէ, որտեղից որ առնուած էր:
24 Եւ արտաքսեց Ադամին. եւ Եդէմի պարտէզի դիմացի կողմիցը դրաւ Քէրովբէներին եւ ամեն կողմ դարձող բոցեղէն սուրը՝ կենաց ծառի ճանապարհը պահելու համար: