Ծննդոց 31։1-55

31  Եւ Յակոբը լսեց Լաբանի որդկանց խօսքերը, որ ասում էին. Յակոբը մեր հօր բոլոր ունեցածն առաւ, եւ այս բոլոր փառքը մեր հօր ստացուածքիցն ստացաւ.  Եւ Յակոբը Լաբանի երեսին մտիկ տուաւ, եւ ահա նորան հետ երէկուայ եւ մէկէլ օրուայ պէս չէր:  Եւ Եհովան ասեց Յակոբին. դարձիր քո հայրենիքը եւ քո ծննդեան երկիրը, եւ ես քեզ հետ կ’լինիմ:  Եւ Յակոբը մարդ ուղարկեց, եւ կանչեց Ռաքէլը եւ Լիան դաշտը իր հօտերի մօտ.  Եւ ասեց նորանց. Ես ձեր հօր երեսը տեսնում եմ, որ ինձ դէմ երէկուայ եւ մէկէլ օրուայ պէս չէ. բայց իմ հօր Աստուածն ինձ հետ է:  Եւ դուք գիտէք, որ ես իմ բոլոր զօրութեամբը ծառայեցի ձեր հօրը.  Իսկ ձեր հայրն ինձ խաբեց, եւ իմ վարձքը տասը անգամ փոխեց. բայց Աստուած նորան թոյլ չ’տուաւ ինձ վնասելու:  Որովհետեւ եթէ նա այսպէս էր ասում, թե Քո վարձքը պիսակները լինին, այն ժամանակ բոլոր ոչխարները պիսակ էին ծնում. եւ եթէ այսպէս էր ասում, թէ Քո վարձքը բիծաւորները լինին, այն ժամանակ բոլոր ոչխարները բիծաւոր էին ծնում:  Այսպէս Աստուած ձեր հօր հօտերն առաւ եւ ինձ տուաւ. 10  Եւ եղաւ որ հօտերի տաքացած ժամանակ, աչքերս բարձրացրի եւ երազում տեսայ, եւ ահա հօտերի հետ զուգաւորուող խոյերը բիծաւոր խայտախարիւ, եւ գորշախայտ էին: 11  Եւ Աստուծոյ հրեշտակն ասեց ինձ երազի մէջ. Յակոբ. եւ ես ասեցի. Ահա ես: 12  Եւ նա ասեց. Աչքերդ բարձրացրու, եւ հօտերի հետ զուգաւորուող խոյերին նայիր. բիծաւոր, խայտախարիւ եւ գորշագոյն են. որովհետեւ տեսայ բոլորն ինչ որ քեզ արաւ Լաբանը: 13  Ես եմ Բեթէլի Աստուածը, որ այնտեղ արձան օծեցիր, եւ ինձ այնտեղ ուխտ արիր. հիմա վեր կաց գնա այս երկրիցը, եւ քո ծննդեան երկիրը դարձիր: 14  Եւ Ռաքէլն ու Լիան պատասխանեցին եւ ասեցին նորան. Տակաւին մեր հօր տանը մեզ համար բաժին եւ ժառանգութիւն կա՞յ: 15  Մի՞թէ մենք օտարականներ չ’համարուեցա՞նք նորա համար. որովհետեւ մեզ ծախեց, եւ մեր փողն էլ կերաւ. 16  Սորա համար այն բոլոր հարստութիւնը որ Աստուած մեր հօրիցն առաւ, մերն է եւ մեր զաւակներինն է. եւ հիմա ինչ որ Աստուած քեզ ասել է, արա: 17  Եւ Յակոբը վեր կացաւ եւ իր որդիներն ու կնիկները ուղտերի վերայ հեծցրեց, 18  Եւ քշեց իր բոլոր անասուններն ու իր բոլոր ստացուածքը որ ստացաւ, իր ստացած անասունները որ Փադան–արամումը (Միջագետումն) ստացաւ, դէպի իր Իսահակ հօրը գնալու՝ Քանանի երկիրը: 19  Եւ Լաբանը գնացել էր իր խաշինքը ասրակտուր անելու. եւ Ռաքէլն իր հօր թերափիմները* գողացաւ: 20  Եւ Յակոբն Ասորի Լաբանից ծածուկ փախաւ. որովհետեւ նորան չիմացրեց թէ փախչում է: 21  Այսպէս փախաւ նա եւ իր բոլոր ունեցածը, եւ վեր կացաւ ու Գետիցն անցաւ. եւ իր երեսը դէպի Գաղաադ սարը դարձրեց: 22  Եւ երրորդ օրը Լաբանին պատմուեցաւ, թէ Յակոբը փախել է: 23  Եւ նա իր եղբայրներին իր հետ առաւ, եւ նորա ետեւից եօթը օրուայ ճանապարհ գնաց, եւ նորան հասաւ Գաղաադ սարումը: 24  Եւ Աստուած գիշերուայ երազում Ասորի Լաբանի մօտ եկաւ եւ ասեց նորան. Զգուշացիր որ Յակոբի հետ ոչ լաւ եւ ոչ վատ չ’խօսես: 25  Եւ Լաբանը հասաւ Յակոբին. եւ Յակոբն իր վրանը բացել էր սարումը. եւ Լաբանն իր եղբայրների հետ Գաղաադ սարումը բացաւ: 26  Եւ Լաբանն ասեց Յակոբին. Սա ի՞նչ արիր որ ինձանից ծածուկ փախիր, եւ իմ աղջիկները սրով գերի առուածների պէս քշեցիր: 27  Ինչո՞ւ թաքցրիր եւ ինձանից ծածուկ փախիր, եւ ինձ չիմացրիր, որ ես քեզ ճանապարհ դնէի ուրախութեամբ եւ երգերով, թմբուկներով եւ քնարներով: 28  Եւ թոյլ չ’տուիր ինձ, որ որդիներս ու աղջիկներս համբուրէի. հիմա յիմարութիւն արիր: 29  Իմ ձեռքն ոյժ ունի ձեզ չարիք անելու. բայց ձեր հօր Աստուածը երէկ գիշեր ինձ հետ խօսեց ասելով. Զգուշացիր որ Յակոբի հետ ոչ լաւ ոչ վատ չ’խօսես: 30  Եւ հիմա գնալը գնում ես՝ ըստ որում քո հօր տանը փափաքելով փափաքեցիր, բայց ինչո՞ւ համար գողացիր իմ աստուածները: 31  Եւ Յակոբը պատասխանեց եւ ասեց Լաբանին. Նորա համար որ վախեցի, որովհետեւ ասեցի. Մի գուցէ յափշտակես քո աղջիկներն ինձանից: 32  Բայց քո աստուածները որի մօտ որ գտնես, թող նա չապրի. մեր եղբայրների առաջին պտրտիր. ինչ որ ինձ մօտ լինի՝ առ քեզ համար. որովհետեւ Յակոբը չ’գիտէր որ Ռաքէլը գողացել էր նորանց: 33  Եւ Լաբանը մտաւ Յակոբի վրանը եւ Լիայի վրանը եւ երկու աղախինների վրանը, բայց չ’գտաւ, եւ Լիայի վրանից դուրս եկաւ եւ Ռաքէլի վրանը մտաւ: 34  Եւ Ռաքէլն առաւ կուռքերը եւ նորանց դրաւ ուղտի պատատումը, եւ վերան նստեց. եւ Լաբանը բոլոր վրանը պտրտեց, բայց չ’գտաւ: 35  Եւ նա իր հօրն ասեց. Թող իմ տէրը չ’բարկանայ, որ չեմ կարող վեր կենալ քո առաջին, որովհետեւ կանանց սովորութեան մէջ եմ: Եւ նա պտրտեց, բայց կուռքերը չ’գտաւ: 36  Եւ Յակոբը բարկացաւ եւ վիճում էր Լաբանի հետ. եւ Յակոբը պատասխանեց եւ ասեց Լաբանին. ի՞նչ է իմ մեղքը, որ ետեւիցս ընկար: 37  Որ իմ բոլոր կարասիքը խառնեցիր. ի՞նչ գտար քո տան ամեն կարասիքիցը. այստեղ դիր իմ եղբայրների եւ քո եղբայրների առաջին, եւ թող նորանք դատեն մեր երկուսի մէջ: 38  Ահա քսան տարի է, որ քեզ հետ եմ. ոչխարներդ ու այծերդ ձագ չ’վիժեցին. եւ քո հօտի խոյերը չ’կերայ. 39  Գազանից պատառուածը չ’բերի քեզ մօտ. ես էի քաշում վնասը. ցերեկը գողացուածը եւ գիշերը գողացուածը իմ ձեռքիցն էիր պահանջում: 40  Այսպես էի. ցերեկով տաքը եւ գիշերով ցուրտն էր մաշեցնում ինձ, եւ քունս փախել էր աչքերիցս: 41  Այսպէս քսան տարի քո տանը քեզ ծառայեցի, տասնեւչորս տարի քո երկու աղջիկների համար, եւ վեց տարի քո հօտերի համար. եւ տասն անգամ փոխեցիր իմ վարձքը: 42  Եթէ իմ հօր Աստուածը, Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Երկիւղը ինձ հետ չ’լինէր, անպատճառ ինձ հիմա դատարկ էիր ճանապարհ դրել: Աստուած տեսաւ իմ տառապանքը եւ իմ ձեռքի աշխատութիւնը, եւ երէկ գիշեր քեզ յանդիմանեց: 43  Եւ Լաբանը պատասխանեց եւ ասեց Յակոբին. Այս աղջիկները իմ աղջիկներն են, եւ այս որդիները իմ որդիներն են, եւ այս հօտերն իմ հօտերն են, եւ ամեն ինչ որ դու տեսնում ես, իմս են. եւ ի՞նչ անեմ այսօր այս իմ աղջիկներին կամ իրանց ծնած զաւակներին: 44  Բայց հիմա եկ, ես եւ դու ուխտ անենք, եւ իմ ու քո մէջտեղը վկայութիւն լինի: 45  Եւ Յակոբը մի քար առաւ, եւ արձան կանգնեցրեց նորան: 46  Եւ Յակոբը իր եղբայրներին ասեց. Քարեր ժողովեցէք. եւ նորանք քարեր առին եւ դէզ շինեցին, եւ այնտեղ այն դէզի վերայ հաց կերան: 47  Եւ Լաբանը նորա անունը Եէկար–սահադութա* դրաւ, բայց Յակոբը նորա անունը Գաղաադ* դրաւ: 48  Եւ Լաբանն ասեց. Այս դէզը այսօր իմ ու քո մէջտեղը վկայ է. նորա համար նորա անունը Գաղաադ ասուեցաւ. 49  Եւ Մասփա* էլ. որովհետեւ ասեց. Եհովան դիտէ իմ ու քո մէջտեղը, երբ մենք իրարից բաժանուենք: 50  Եթէ իմ աղջիկներին վշտացնես, եւ կամ եթէ իմ աղջիկների վերայ ուրիշ կանայք առնես, մէկը չ’կայ մեզ հետ. տես իմ ու քո մէջտեղը Աստուած է վկայ: 51  Եւ Լաբանն ասեց Յակոբին. Ահա այս դէզը, եւ ահա այն արձանը, որ ես կանգնեցրի իմ ու քո մէջտեղը. 52  Վկայ է այս դէզը եւ վկայ է այս արձանը, որ ես այս դէզից չ’անցնեմ դէպի քեզ, եւ դու այս դէզից եւ այս արձանից չ’անցնես դէպի ինձ, չարիքի համար: 53  Աբրահամի Աստուածը եւ Նաքովրի Աստուածը, նորանց Աստուածը մեր մէջը դատաւոր լինի: Եւ Յակոբն իր հայր Իսահակի Երկիւղովը երդում արաւ: 54  Եւ Յակոբը զոհեր մատուցրեց այն սարի վերայ, եւ իր եղբայրներին կանչեց հաց ուտելու. եւ հաց կերան, եւ գիշերը սարումը մնացին: 55  Եւ Լաբանն առաւօտանց կանուխ վերկացաւ եւ իր որդիներին եւ իր աղջիկներին համբուրեց, եւ օրհնեց նորանց. եւ Լաբանը գնաց եւ իր տեղը դարձաւ:

Ծանոթագրություններ

31։19 Կուռքերը։
31։47 Վկայութեան դէզ (Քաղդէարէն։)
31։47 Վկայութեան դէզ (Եբրայեցերէն։)
31։49 Դիտանոց։