Ծննդոց 32։1-32

32  Եւ Յակոբը գնաց իր ճանապարհը, եւ Աստուծոյ հրեշտակները նորան պատահեցին:  Եւ Յակոբը երբոր տեսաւ նորանց, ասեց. Սա Աստուծոյ բանակն է, եւ այն տեղի անունը Մանայիմ* դրաւ:  Եւ Յակոբն իր առջեւ պատգամաւորներ ուղարկեց իր եղբայր Եսաւին դէպի Սէիր երկիրը Եդովմի գաւառը:  Եւ պատուիրեց նորանց ասելով. Այսպէս ասացէք իմ տիրոջ Եսաւին, քո ծառայ Յակոբը այսպէս է ասում. Լաբանի մօտ պանդխտութիւն արի, եւ մինչեւ հիմա ուշացայ:  Եւ ունիմ արջառներ եւ էշեր, հօտեր եւ ծառաներ եւ աղախիններ. հիմա ուղարկում եմ իմ տիրոջն իմացնելու, որ քո առաջին շնորհք գտնեմ:  Եւ պատգամաւորները յետ դարձան Յակոբի մօտ եւ ասեցին. Քո եղբօր Եսաւի մօտ գնացինք, եւ նա էլ չորս հարիւր մարդով գալիս է քեզ դիմաւորելու:  Եւ Յակոբը շատ վախեց եւ շփոթուեցաւ, եւ իր հետ եղած ժողովուրդը, եւ հօտերը եւ արջառները, եւ ուղտերը երկու խումբի բաժանեց,  Եւ ասեց. Եթէ Եսաւը մէկ խումբին հասնէ, եւ նորան զարկելու լինի, միւս խումբը կ’ազատուի:  Եւ Յակոբն ասեց Ով իմ հօր Աբրահամի Աստուած, եւ իմ հօր Իսահակի Աստուած, ով Եհովայ, որ ասեցիր ինձ. Ետ դարձիր քո երկիրը եւ քո հայրենիքը, եւ քեզ բարիք կ’անեմ. 10  Ես արժանի չեմ այն ամեն ողորմութիւններին եւ ամեն հաւատարմութեանը, որ քո ծառային արել ես. որովհետեւ իմ գաւազանովն անցայ այս Յորդանանիցը, եւ հիմա երկու խումբի տէր եղայ: 11  Ազատիր հիմա ինձ իմ եղբայր Եսաւի ձեռքիցը, որովհետեւ նորանից վախում եմ, մի գուցէ գայ եւ զարկէ ինձ եւ մօրը տղաներովը: 12  Եւ դու ասել ես, թէ անպատճառ քեզ բարիք կ’անեմ, եւ քո սերունդը ծովի աւազի չափ կ’անեմ, որ շատութիւնից չի համրուիլ: 13  Եւ այն գիշերն այնտեղ մնաց. եւ իր ձեռքի եղածիցն իր եղբայր Եսաւի համար ընծաներ առաւ. 14  Երկու հարիւր այծ եւ քսան նոխազ, երկու հարիւր էգ ոչխար եւ քսան խոյ, 15  Երեսուն ծիծ տուող ուղտ իրանց ձագերովը, քառասուն կով եւ տասը ցուլ, քսան էգ էշ եւ տասը աւանակ: 16  Եւ ամեն մէկ հօտը ջոկ ջոկ իր ծառաների ձեռքը յանձնեց, եւ ասեց իր ծառաներին. Առաջս անցէք, եւ հօտերի մէջտեղը միջոց թողեցէք: 17  Եւ առաջինին պատուիրեց ասելով. Երբոր իմ եղբայր Եսաւը քեզ պատահէ եւ քեզ հարցնէ, ասելով՝ Դու որի՞նն ես եւ ո՞ւր ես գնում, եւ այս առաջիններդ որի՞նն են. 18  Այն ժամանակ ասիր. Քո ծառայ Յակոբինն է. սա ընծայ է ուղարկուած իմ տէր Եսաւին, եւ ահա ինքն էլ մեր ետեւին է: 19  Եւ այսպէս էլ պատուիրեց երկրորդին, եւ երրորդին, եւ հօտերի ետեւից բոլոր գնացողներին, եւ ասեց. Այս խօսքի պէս խօսեցէք Եսաւի հետ, երբոր նորան գտնէք: 20  Եւ ասեցէք. Ահա քո ծառայ Յակոբն էլ մեր ետեւին է. որովհետեւ ասում էր, կ’կակղացնեմ նորա երեսն այս ընծայներով, որ իմ առաջին գնում են, եւ յետոյ կ’տեսնեմ նորա երեսը, գուցէ ինձ ընդունէ: 21  Եւ ընծայները նորա առաջին գնացին. եւ նա այն գիշերը այնտեղ մնաց բանակի մէջ: 22  Եւ այն գիշերը վեր կացաւ, եւ իր երկու կանայքը, եւ իր երկու աղախինները, եւ իր տասնեւմէկ որդիներն առաւ, եւ Յաբօկի անցքիցն անցաւ: 23  Եւ նորանց առաւ, ու վտակիցն անցրեց, եւ իր բոլոր ունեցածն անցրեց: 24  Եւ Յակոբը մինակ մնաց, եւ մի մարդ գօտէմարտում էր նորա հետ մինչեւ արշալոյսի ծագելը: 25  Եւ տեսաւ որ չ’կարողացաւ նորան յաղթել, նորա զստի ամոլաջլին դիպաւ. եւ Յակոբի զստի ամոլաջիլը թուլացաւ նորա գօտէմարտած ժամանակը: 26  Եւ նա ասեց. Թող տուր ինձ, որովհետեւ արշալոյսը ծագեց. եւ Յակոբն ասեց. Չեմ թողիլ քեզ՝ մինչեւ որ ինձ չօրհնես: 27  Եւ նա ասեց նորան. Ի՞նչ է անունդ. նա էլ ասեց. Յակոբ է: 28  Եւ նա ասեց. Այս եւս քո անունը Յակոբ չասուի, այլ Իսրայէլ*. որովհետեւ Աստուծոյ հետ եւ մարդկանց հետ մարտնչեցիր, եւ յաղթեցիր: 29  Եւ Յակոբը հարցրեց եւ ասեց. Աղաչեմ՝ անունդ ասիր: Եւ նա ասեց. Ինչո՞ւ ես իմ անունը հարցնում. եւ նա օրհնեց նորան այնտեղ: 30  Եւ Յակոբն այն տեղի անունը Փանուէլ* դրաւ. որովհետեւ ասեց. Դէմ առ դէմ տեսայ Աստուծոյն, եւ իմ անձը ողջ մնաց: 31  Եւ արեգակը դուրս եկաւ նորա վերայ, երբոր Փանուէլիցն անցաւ. եւ իր զստի վերայ կաղում էր: 32  Նորա համար Իսրայէլի որդիքը զստի վերայ թուլացած ջիղը չեն ուտում մինչեւ այսօր, որովհետեւ Յակոբի զստի թուլացած ջիղին դիպաւ:

Ծանոթագրություններ

32։2 Երկու բանակ։
32։28 Աստուծոյ հետ գօտէմարտող։
32։30 Աստուծոյ երես։