Ծննդոց 33։1-20

33  Եւ Յակոբն իր աչքերը բարձրացրեց եւ մտիկ տուաւ, եւ ահա Եսաւը գալիս էր, եւ նորա հետ չորս հարիւր մարդ. եւ զաւակներին բաժանեց՝ տուաւ Լիային եւ Ռաքէլին եւ երկու աղախիններին:  Եւ աղախիններին իրանց զաւակներովը առաջ դրաւ, եւ Լիային իր զաւակներովը՝ ետեւ, եւ Ռաքէլին ու Յովսէփին՝ ամենից ետեւ:  Եւ ինքն անցաւ նորանց առաջը, եւ մինչեւ երկիրը եօթն անգամ խոնարհութիւն արաւ մինչեւ իր եղբօր մօտենալը:  Եւ Եսաւը վազեց նորան դիմաւորելու եւ գրկեց նորան, եւ նորա պարանոցովն ընկաւ եւ համբուրեց նորան. եւ լացին:  Եւ Եսաւն իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ կանայքն ու զաւակները եւ ասեց. Սորանք քո ի՞նչն են. եւ նա ասեց. Այն զաւակներն են, որ Աստուած քո ծառային պարգեւել է:  Եւ աղախիններն ու նորանց զաւակները մօտեցան եւ խոնարհութիւն արին:  Եւ Լիան էլ եւ իր զաւակները մօտեցան, եւ խոնարհութիւն արին. եւ յետոյ Յովսէփը եւ Ռաքէլը մօտեցան եւ խոնարհութիւն արին:  Եւ Եսաւն ասեց. Ի՞նչ են այս քո բոլոր խումբը, որին ես պատահեցի. եւ Յակոբն ասեց. Իմ տիրոջ առաջին շնորհք գտնելու համար է:  Եւ Եսաւն ասեց. Ես շատ ունիմ, եղբայր իմ, քոնը քեզ լինի: 10  Եւ Յակոբն ասեց. Ոչ, խնդրեմ՝ եթէ քո առաջին շնորհք գտայ, ընդունիր ընծաս իմ ձեռքիցը, հէնց նորա համար որ տեսայ քո երեսը Աստուծոյ երեսը տեսնելու պէս, եւ ինձ հաճեցիր: 11  Խնդրեմ՝ ընդունիր քեզ բերած ընծաս*. որովհետեւ Աստուած ողորմեց ինձ, եւ որովհետեւ ես ամեն բան ունիմ. եւ ստիպեց նորան, եւ նա էլ ընդունեց: 12  Եւ նա ասեց. Վեր կենանք գնանք. եւ ես գնամ քո առաջին: 13  Եւ Յակոբն ասեց նորան. Իմ տէրը գիտէ որ զաւակները փափուկ են, եւ իմ հետ եղած հօտերն ու արջառները ձագերով են. եւ եթէ մէկ օր սաստիկ քշեն նորանց, բոլոր հօտերը կ’մեռնեն: 14  Ուրեմն թող իմ տէրն իր ծառայի առաջին անցնէ, եւ ես մինակ կամաց կամաց կ’գնամ իմ առաջին եղած անասունների ոտքովը եւ երեխաների ոտքովը, մինչեւ որ գամ Սէիր իմ տիրոջ մօտ: 15  Եւ Եսաւն ասեց. Թող իմ հետ եղող ժողովրդիցը քեզ մօտ ձգեմ. եւ նա ասեց. Ինչո՞ւ է պէտք. Թող իմ տիրոջ առաջին շնորհք գտնեմ: 16  Այսպէս ետ դարձաւ Եսաւն այն օրը իր ճանապարհովը դէպի Սէիր: 17  Եւ Յակոբը Սոկքովթ չուեց, եւ իր համար տուն շինեց, եւ իր հօտերի համար փարախներ շինեց. նորա համար այն տեղի անունը Սոկքովթ* ասուեցաւ: 18  Եւ Յակոբը Միջագետից գալիս Սիւքէմացոց Սաղէմ քաղաքը եկաւ, որ Քանանի երկրումն է, եւ քաղաքի առաջին բնակուեց: 19  Եւ այն արտի կալուածքը, ուր կանգնեցրել էր իր վրանը, Սիւքէմի հայր Եմովրիցը ծախու առել էր հարիւր կէսիթայի*. 20  Եւ այնտեղ մի սեղան շինեց, եւ անունը Էլ–Էլօհէ–Իսրայէլ* դրաւ:

Ծանոթագրություններ

33։11 Օրհնութիւնս։
33։17 Գոմեր։
32։19 Փողի անուն է։
33։20 Աստուած Իսրայէլի Աստուածը։