Ծննդոց 34։1-31

34  Եւ Լիայի աղջիկ Դինան, որին նա ծնել էր Յակոբի համար, ելաւ այն երկրի աղջկերանց տեսնելու:  Եւ այն երկրի իշխան Խեւացի Եմովրի որդի Սիւքէմը տեսաւ նորան, եւ առաւ ու պառկեց նորա հետ, եւ պղծեց նորան:  Եւ նորա հոգին Յակոբի Դինա աղջկան յարեց. եւ սիրեց այն աղջկանը. եւ աղջկայ հետ քաղցրութեամբ* խօսեց:  Եւ Սիւքէմը խօսեց իր հայր Եմովրի հետ ասելով, Այս դուստրն ինձ համար կին առ:  Եւ Յակոբը լսեց, որ նա իր Դինա աղջկան պղծեց. բայց նորա որդիները նորա հօտերի հետ դաշտումն էին. եւ Յակոբը լռեց մինչեւ նորանց գալը:  Եւ Սիւքէմի հայր Եմովրը գնաց Յակոբի մօտ, նորա հետ խօսելու:  Եւ Յակոբի որդիքը հէնց որ լսեցին՝ եկան դաշտիցը. եւ մարդիկը նեղացան եւ շատ բարկացան, որ Իսրայէլի մէջ անզգամութիւն արաւ Յակոբի աղջկան հետ պառկելով, որ այսպէս լինելու չէր:  Եւ Եմովրը խօսեց նորանց հետ եւ ասեց. Իմ Սիւքէմ որդու հոգին ձեր աղջկան սիրահարուել է. խնդրեմ նորան կին տուէք նորա համար:  Եւ մեզ հետ խնամութիւն արէք. ձեր աղջկերքը մեզ տուէք, եւ մեր աղջկերքը ձեզ համար առէք: 10  Եւ մեզ հետ բնակուեցէք, եւ այս երկիրը ձեր առաջին կ’լինի. նորանում բնակուեցէք եւ առուտուր արէք, եւ նորանում կալուածքներ ստացէք: 11  Եւ Սիւքէմն ասեց աղջկայ հօրը եւ նորա եղբայրներին. Թող ձեր առջեւ շնորհք գտնեմ, եւ ինչ որ ինձ ասէք, կ’տամ: 12  Ինձ վերայ դրէք խիստ շատ օժիտ եւ ընծայ, եւ ես կ’տամ ինչպէս որ ինձ ասէք, միայն թէ աղջիկն ինձ կին տուեք։ 13  Եւ Յակոբի որդիքը խաբէութեամբ պատասխանեցին Սիւքէմին եւ նորա հայր Եմովրին, եւ ասեցին, (որ իրենց Դինա քրոջը պղծել էր,) 14  Եւ ասեցին նորանց. Մենք չենք կարող այս բանը անել, որ մեր քոյրը տանք մի մարդի, որ անթլփատ է. ըստ որում դա մեզ համար ամօթ բան է: 15  Բայց միայն սորանով կ’համաձայնուենք ձեզ հետ եթէ մեզ պէս լինիք՝ ձեզանից ամեն մի արուն թլփատուելով: 16  Այն ժամանակ մեր աղջկերքը ձեզ կ’տանք, եւ ձեր աղջկերքը մենք կ’առնենք, եւ ձեզ հետ կ’բնակուենք, ու մէկ ժողովուրդ կ’լինինք: 17  Բայց եթէ մեզ ականջ չ’դնէք. որ թլփատուիք, այն ժամանակ մենք մեր աղջիկը կ’առնենք ու կ’գնանք: 18  Եւ նորանց խօսքը հաճելի եղաւ Եմովրին, եւ Եմովրի որդի Սիւքէմին: 19  Եւ այն պատանին չուշացաւ այս բանը անելու. որովհետեւ Յակոբի աղջկան հաւանել էր, եւ նա իր հօր տանը մէջ եղողների ամենից պատուականն էր: 20  Եւ Եմովրը եւ նորա որդի Սիւքէմը եկան իրանց քաղաքի դուռը, եւ իրանց քաղաքի մարդկանց հետ խօսեցին ասելով, 21  Այս մարդիկը խաղաղութեամբ են վարվում մեզ հետ. ուստի թող այս երկրում բնակուեն եւ նորա մէջ առուտուր անեն. եւ ահա երկիրը ընդարձակ է նորանց առաջին. եկէք նորանց աղջկերքը մեզ համար կին առնենք, եւ մեր աղջկերքը նորանց տանք: 22  Միայն սորանով են այն մարդիկը մեզ հետ համաձայնվում որ մեզ հետ բնակուեն մէկ ժողովուրդ լինելու համար, որ մեզանից ամեն արուն թլփատուի ինչպէս որ նորանք են թլփատվում: 23  Նորանց հօտերը եւ նորանց ստացուածքը, եւ ամեն անասունները մի՞թէ մերը չեն լինի. միայն թէ մենք նորանց հետ համաձայնուենք, որ մեց հետ բնակուեն: 24  Եւ Եմովրին եւ նորա որդի Սիւքէմին ականջ դրին նորա քաղաքի դռնից դուրս եկողների բոլորը. եւ ամեն արու որ նորա քաղաքի դռնից դուրս էր գալիս, թլփատուեցաւ: 25  Եւ եղաւ երրորդ օրը, երբոր նորանք ցաւի մէջն էին, Յակոբի երկու որդիքը Շմաւոնը եւ Ղեւին՝ Դինայի եղբայրները ամեն մէկն իր սուրն առաւ, եւ համարձակ մտան քաղաքը, եւ սպանեցին ամեն արուն. 26  Եւ Եմովրին եւ նորա որդի Սիւքէմին սուրի բերանով սպանեցին. եւ Սիւքէմի տանիցն առին Դինան եւ դուրս եկան: 27  Եւ Յակոբի որդիքը այն սպանուածների վերայ եկան, եւ քաղաքը կողոպտեցին, որ իրանց քրոջը պղծել էին: 28  Նորանց հօտերը եւ նորանց արջառները եւ նորանց էշերը եւ քաղաքումը եղածը եւ դաշտումը եղածը առին: 29  Եւ նորանց բոլոր ստացուածքը եւ նորանց բոլոր տղերքն ու կանայքը գերի առին եւ կողոպտեցին տան մէջ բոլոր գտնուածը: 30  Եւ Յակոբն ասեց Շմաւոնին եւ Ղեւիին, Ինձ այս երկրի բնակիչների՝ Քանանացիների եւ Փերեզացիների մէջ ատելի* անելով ինձ փորձանքի մէջ գցեցիք. եւ ինձ հետ քիչ մարդիկ կան. նորանք ինձ վերայ կ’հաւաքուին, ինձ կ’զարկեն, կ’կորչեմ ես եւ իմ տունը: 31  Եւ նորանք ասեցին. Ապա բոզի պէս պէ՞տք էր անել մեր քրոջը:

Ծանոթագրություններ

34։3 Սրտին։
34։30 Գարշահոտ։