Ծննդոց 35։1-29

35  Եւ Աստուած ասեց Յակոբին. Վեր կաց, ելիր դէպի Բեթէլ եւ այնտեղ բնակուիր, եւ այնտեղ մի սեղան շինիր Աստուծոյն որ քեզ երեւեցաւ քո եղբայր Եսաւի երեսից փախած ժամանակդ:  Եւ Յակոբն ասեց իր ընտանիքին եւ բոլոր իր հետ եղողներին. Հեռացրէք օտար աստուածները որ կան ձեր միջումը, եւ մաքրուեցէք, եւ ձեր հանդերձները փոխեցէք:  Եւ վեր կենանք գնանք վեր դէպի Բեթէլ. եւ այնտեղ սեղան շինեմ այն Աստուծոյն, որ իմ նեղութեան օրը ինձ լսեց, եւ իմ գնացած ճանապարհումն ինձ հետ էր:  Եւ բոլոր օտար աստուածները, Յակոբին տուին, որ իրանց ձեռքին կար, եւ իրանց ականջներումն եղած օղերը. եւ Յակոբը թաղեց նորանց Սիւքէմի մօտ եղած բեւեկնու տակին:  Եւ ճանապարհ ելան. եւ իրանց շուրջը եղած քաղաքների վերայ Աստուծոյ վախը ընկաւ, եւ Յակոբի որդկանց ետեւից չընկան:  Եւ Յակոբն եկաւ Լուզ, որ Քանանի երկրումն է, այսինքն Բեթէլ եկաւ, ինքը եւ իր հետ եղող բոլոր ժողովուրդը.  Եւ այնտեղ մի սեղան շինեց եւ այն տեղի անունը Էլ–Բեթէլ* դրաւ. որովհետեւ Աստուած այնտեղ իրան երեւացել էր, երբոր իր եղբօր երեսից փախչում էր:  Եւ Ռեբեկայի դայեակ Դեբորան մեռաւ, եւ Բեթէլից ցած կողմը կաղնու տակին թաղուեցաւ. եւ նորա անունը Ալօն–բախութ* դրուեցաւ:  Եւ Աստուած դարձեալ երեւեցաւ Յակոբին երբոր նա Միջագետիցը գալիս էր, եւ օրհնեց նորան: 10  Եւ Աստուած ասեց նորան. Քո անունը Յակոբ է. քո անունը այլեւս Յակոբ չասուի, այլ Իսրայէլ լինի քո անունը. եւ նորա անունը Իսրայէլ դրաւ: 11  Եւ Աստուած ասեց նորան. Ես եմ Ամենակարող Աստուածը. աճիր եւ շատացիր. քեզանից ազգ եւ ազգերի բազմութիւն լինի, եւ քո երանքից թագաւորներ դուրս գան: 12  Եւ այն երկիրը, որ Աբրահամին եւ Իսահակին տուի, քեզ կ’տամ. եւ քեզանից յետոյ քո սերունդին կ’տամ այն երկիրը: 13  Եւ Աստուած բարձրացաւ նորանից այն տեղ, ուր որ նորա հետ խօսեց: 14  Եւ Յակոբը մի արձան կանգնեցրեց այն տեղը, ուր որ Աստուած իր հետ խօսեց, մի քարի արձան եւ նորա վերայ թափելու նուէր թափեց, եւ նորա վերայ իւղ թափեց: 15  Եւ Յակոբն այն տեղի անունը, ուր որ Աստուած իրան հետ խօսեց, Բեթէլ դրաւ: 16  Եւ Բեթէլից ճանապարհուեցան. եւ մի քիչ ճանապարհ կար մինչեւ Եփրաթա ուր որ Ռաքէլը ծնեց, եւ ծնելիս շատ դժուարութիւն քաշեց: 17  Եւ եղաւ երբոր ծնելիս շատ դժուարութիւն էր քաշում, ծնուցիչն ասեց նորան. Մի վախիր, որովհետեւ սա էլ քեզ համար տղայ է: 18  Եւ եղաւ երբոր նորա հոգին դուրս էր գալիս (որովհետեւ մեռաւ,) նորա անունը Բենօնի* դրաւ. բայց նորա հայրը Բենիամին* կոչեց նորան: 19  Եւ Ռաքէլը մեռաւ, եւ թաղուեցաւ Եփրաթայի ճանապարհին, որ Բեթլեհէմն է: 20  Եւ Յակոբը նորա գերեզմանի վերայ մի արձան կանգնեցրեց, որ մինչեւ այսօր Ռաքէլի գերեզմանի արձանն է: 21  Եւ Իսրայէլը ճանապարհուեցաւ, եւ իր վրանը բացաւ Միդդալ–եդերի* այն կողմումը: 22  Եւ եղաւ երբոր Իսրայէլը բնակվում էր այն երկրումը, Ռուբէնը գնաց եւ իր հօր հարճ Բաղղայի հետ պառկեց. եւ Իսրայէլը լսեց այս: Եւ Յակոբի որդիքը տասնեւերկու էին: 23  Լիայի որդիքը՝ Յակոբի անդրանիկը Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար եւ Զաբուղոն: 24  Ռաքէլի որդիքը՝ Յովսէփ եւ Բենիամին: 25  Եւ Ռաքէլի աղախին Բաղղայի որդիքը՝ Դան եւ Նեփթաղիմ: 26  Եւ Լիայի աղախին Զեղփայի որդիքը՝ Գադ եւ Ասեր: Սորանք են Յակոբի որդիքը, որ Միջագետումը ծնուեցան նորա համար: 27  Եւ Յակոբը եկաւ իր հայր Իսահակի մօտ Մամբրէ Արբայի քաղաքը՝ այսինքն Քեբրոն, ուր որ Աբրահամը եւ Իսահակը պանդխտութեամբ բնակուեցան: 28  Եւ Իսահակի օրերը հարիւր ութսուն տարի եղան: 29  Եւ Իսահակը ծերացած եւ օրերից կշտացած աւանդեց հոգին եւ մեռաւ, եւ իր ժողովրդին խառնուեցաւ. եւ նորա որդիքը Եսաւն ու Յակոբը թաղեցին նորան:

Ծանոթագրություններ

35։7 Բեթէլի Աստուածը։
35։8 Սուգի կաղնի։
35։18 Ցաւիս որդին։
35։18 Աջի որդի։
35։21 Հօտի աշտարակ։