Ծննդոց 37։1-36

37  Եւ Յակոբն իր հօր պանդխտացած երկրումը՝ Քանանի երկրումը բնակուեց:  Սորանք են Յակոբի ծնունդները. Յովսէփը տասնեւեօթը տարեկան էր՝ իր եղբայրների հետ հօտերը արածեցնում էր, եւ պատանի էր իր հօր կանանց Բաղղայի որդիների հետ եւ Զեղփայի որդիների հետ. եւ Յովսէփը նորանց չար լուրը բերում էր իրանց հօր մօտ:  Եւ Իսրայէլն իր բոլոր որդիներից աւելի սիրում էր Յովսէփին, որովհետեւ նա իր ծերութեան որդին էր. եւ թեւքերով պատմուճան շինեց նորա համար:  Եւ նորա եղբայրները տեսան, որ իրանց հայրը սիրում էր նորան իր բոլոր եղբայրներից աւելի, ատեցին նորան, եւ խաղաղութեամբ չէին կարողանում խօսել նորա հետ:  Եւ Յովսէփը մի երազ տեսաւ, եւ իր եղբայրներին պատմեց. եւ նորանք աւելի ատեցին նորան:  Եւ ասեց նորանց. Խնդրեմ, ականջ դրէք այս իմ տեսած երազը.  Ահա մենք դաշտումը որաներ էինք կապում, եւ ահա իմ որան վեր կացաւ եւ ուղիղ կանգնեց. եւ ահա ձեր որաները նորա շուրջը կանգնեցին ու իմ որային երկրպագութիւն արին:  Եւ նորա եղբայրներն ասեցին նորան. Իրա՞ւ մեր վերայ թագաւորելու ես, կամ իրաւ մեր վերայ տիրելո՞ւ ես. եւ նորա երազների եւ խօսքերի համար աւելի ատեցին նորան:  Եւ մի ուրիշ երազ էլ տեսաւ, եւ իր եղբայրներին պատմեց նորան եւ ասեց. Ահա մի երազ էլ տեսայ, եւ ահա արեգակը եւ լուսինը եւ տաւնեւմէկ աստղեր ինձ երկրպագութիւն էին անում: 10  Եւ իր հօր ու իր եղբայրներին պատմեց. եւ իր հայրը յանդիմանեց նորան, եւ ասեց նորան. Այս ի՞նչ երազ է որ տեսել ես. մի՞թէ ես եւ քո մայրը եւ քո եղբայրները իրաւ գալու ենք որ մինչեւ գետինը քեզ խոնարհութիւն անենք: 11  Եւ եղբայրները նախանձեցին նորա վերայ. բայց հայրը պահեց այս խօսքը: 12  Եւ նորա եղբայրները գնացին իրանց հօր հօտերը Սիւքեմումն արածեցնելու: 13  Եւ Իսրայէլն ասեց Յովսէփին. Ահա քո եղբայրները Սիւքեմումը արածեցնում են. եկ քեզ նորանց մօտ ուղարկեմ. եւ նա ասեց. Ահա ես: 14  Եւ նա ասեց նորան. Գնա տես, քո եղբայրները առո՞ղջ են, եւ հօտերը ո՞ղջ են, եւ ինձ համար լուր բեր: Եւ նորան ուղարկեց Քեբրոնի հովիտիցը. եւ նա էլ Սիւքեմ եկաւ: 15  Եւ մի մարդ գտաւ նորան, որ դաշտումը թափառում էր. եւ այն մարդը հարցրեց նորան ասելով. Ի՞նչ ես պտրտում: 16  Եւ նա ասեց. Իմ եղբայրներին եմ պտրտում. խնդրեմ ասիր ինձ, նորանք ո՞րտեղ են արածեցնում: 17  Եւ այն մարդն ասեց. Այստեղից չուեցին. որովհետեւ լսեցի որ ասում էին՝ Գնանք Դօթայիմ: Եւ Յովսէփն իր եղբայրների ետեւից գնաց եւ նորանց Դօթայիմի մէջ գտաւ: 18  Եւ երբոր նորան հեռուանց տեսան, դեռ ինքը նորանց չ’մօտեցած, դաւաճանութիւն արին՝ նորան սպանելու. 19  Եւ իրար ասեցին. Ահա այն երազ տեսնողը գալիս է. 20  Եւ հիմա եկէք սպանենք նորա, եւ գուբերի մէկի մէջ գցենք նորան. եւ ասենք Թէ մի չար գազան կերել է նորան. եւ տեսնենք նորա երազները ինչ կ’լինին: 21  Եւ Ռուբէնը լսեց եւ նորանց ձեռքիցն ազատեց նորան, ասելով. Չ’սպանենք նորան: 22  Եւ Ռուբէնն ասեց նորանց. Արիւն մի թափիք. նորան այս գուբը գցեցէք որ այս անապատումս է, եւ նորան ձեռք մի զարկէք. որպէս զի ազատէր նորան նորանց ձեռքիցը, որ իր հօրը դարձնէր: 23  Եւ եղաւ հէնց որ Յովսէփն իր եղբայրների մօտ եկաւ, մերկացրին Յովսէփին իր պատմուճանիցը, այսինքն իր վերայի թեւքերով պատմուճանիցը, 24  Եւ առին նորան եւ գուբը գցեցին. եւ գուբը դատարկ էր, մէջը ջուր չ’կար: 25  Եւ նստեցին հաց ուտելու. եւ իրանց աչքերը բարձրացրին եւ տեսան, եւ ահա Իսմայէլացիների մէկ կարաւանը գալիս էր Գաղաադիցը, եւ իրանց ուղտերը համեմներով եւ բալասանով եւ զմուռսով բեռնած գնում էին, որ տանեն ցած Եգիպտոս: 26  Եւ Յուդան ասեց իր եղբայրներին. Ի՞նչ օգուտ եթէ մեր եղբօրը սպանենք, եւ նորա արիւնը ծածկենք. 27  Եկէք Իսմայէլացիներին ծախենք նորան, եւ մեր ձեռքը նորան չ’դպչի. որովհետեւ նա մեր եղբայրը՝ մեր մարմինն է. եւ նորա եղբայրները լսեցին: 28  Եւ Մադիանացի վաճառականները անցնում էին. եւ Յովսէփին գուբիցը քաշեցին ու դուրս հանեցին, եւ Իսմայէլացիներին ծախեցին Յովսէփին քսան արծաթի. նորանք էլ Յովսէփին տարին Եգիպտոս: 29  Եւ Ռուբէնը դարձաւ դէպի գուբը, եւ ահա Յովսէփը գուբումը չէր. եւ իր հանդերձները պատառեց, 30  Եւ դարձաւ իր եղբայրներին եւ ասեց. Տղան չ’կայ, եւ ես ո՞ւր գնամ: 31  Եւ առին Յովսէփի պատմուճանը, եւ այծերից մի նոխազ մորթեցին, եւ պատմուճանը արիւնի մէջ թաթախեցին: 32  Եւ ուղարկեցին թեւքերով պատմուճանը եւ բերին իրանց հօր մօտ, եւ ասեցին. Սա գտել ենք, հիմա ճանաչիր թէ սա քո որդու պատմուճա՞նն է, թէ ոչ: 33  Եւ նա ճանաչեց նորան, եւ ասեց. Իմ որդու պատմուճանն է, մի չար գազան կերել է նորան. Յովսէփն անպատճառ գիշատուել է: 34  Եւ Յակոբը պատառեց իր հանդերձները, եւ քուրձ հագաւ իր մէջքի վերայ եւ իր որդու համար շատ օրեր սուգ արաւ: 35  Եւ նորա բոլոր որդիները եւ նորա բոլոր աղջկերքը վեր կացան նորան մխիթարելու, բայց նա մերժում էր մխիթարուիլը, եւ ասեց. Ես սուգով կ’իջնեմ գերեզմանը իմ որդու մօտ: Եւ նորա հայրը լացաւ նորա համար: 36  Եւ Մադիանացիները ծախեցին նորան Եգիպտոսում Փարաւօնի ներքինի՝ Պետափրէս դահճապետին:

Ծանոթագրություններ