Ծննդոց 41։1-57

41  Եւ եղաւ երկու տարուց յետոյ Փարաւօնը երազ տեսաւ, եւ ահա կանգնել էր գետի եզերքին:  Եւ ահա գետիցը գեղեցիկ տեսքով եւ պարարտ մարմնով եօթը երինջներ ելան եւ արածում էին պրտուների մէջ:  Եւ ահա նորանց ետեւից ուրիշ եօթը երինջներ ելան գետիցը՝ զազիր տեսքով եւ վտիտ մարմնով, եւ կանգնեցին այն երինջների մօտ գետի եզերքումը:  Եւ զազիր տեսքով եւ վտիտ մարմնով երինջները կերան այն եօթը գեղեցիկ տեսքով եւ պարարտ երինջներին: Եւ Փարաւօնը զարթնեց:  Եւ քնեց, եւ երկրորդ անգամ երազ տեսաւ, եւ ահա մէկ փունջի վերայ եօթը պարարտ եւ լաւ հասկեր էին դուրս գալիս:  Եւ ահա նորանց ետեւից եօթը վտիտ եւ խորշակահար հասկեր էին բուսնում.  Եւ այն վտիտ հասկերը կուլ տուին այն եօթը պարարտ եւ լիքը հասկերին: Եւ Փարաւօնը զարթնեց, եւ ահա երազ էր:  Եւ եղաւ որ առաւօտանց նորա հոգին խռովուեցաւ, եւ նա կանչել տուաւ Եգիպտոսի բոլոր մոգերին, եւ նորա բոլոր իմաստուններին. եւ Փարաւօնը պատմեց նորանց իր երազները, բայց մէկը չ’կար, որ մեկնէր նորանց Փարաւօնի համար:  Եւ մատռուակապետը խօսեց Փարաւօնի հետ ասելով. Ես այսօր յիշում եմ իմ յանցանքները: 10  Փարաւօնը բարկացաւ իր ծառաների վերայ, եւ ինձ դահճապետի տան բանտը դրաւ՝ ինձ եւ հացագործապետին: 11  Եւ ես ու նա մէկ գիշեր երազ տեսանք. մեզանից ամեն մէկը իր երազի նշանակութեան պէս երազ տեսանք։ 12  Եւ այնտեղ մեզ հետ մի Եբրայեցի պատանի կար՝ դահճապետի ծառան, եւ մենք պատմեցինք նորան, եւ նա մեկնեց մեզ մեր երազները. ամեն մէկիս իր երազի պէս մեկնեց: 13  Եւ ինչպէս որ նա մեկնեց, այնպէս եղաւ. ինձ իմ պաշտօնիս դարձրեց, եւ նորան կախեց: 14  Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց եւ կանչեց Յովսէփին, եւ շուտով բանտից հանեցին նորան, եւ նա ածիլուեցաւ եւ իր հանդերձները փոխեց, եւ եկաւ Փարաւօնի մօտ: 15  Եւ Փարաւօնը ասեց Յովսէփին. Երազ տեսայ, եւ մէկը չ’կայ որ մեկնէ նորան. եւ ես քեզ համար լսեցի որ ասում են. երազ ես լսում եւ մեկնում: 16  Եւ Յովսէփը պատասխանեց Փարաւօնին եւ ասեց. Ոչ թէ ես. Աստուած կ’տայ խաղաղութեան պատասխան Փարաւօնին: 17  Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Երազումս ահա գետի եզերքումը կանգնել էի. 18  Եւ ահա գետիցը եօթը երինջներ ելան պարարտ եւ գեղեցիկ տեսքով, եւ պրտուների մէջ արածում էին։ 19  Եւ ահա նորանց ետեւից ուրիշ եօթը երինջներ ելան նիհար ու շատ զազիր տեսքով եւ վտիտ մարմնով, որ նորանց պէս զազիր չեմ տեսել Եգիպտոսի բոլոր երկրումը: 20  Եւ այն վտիտ եւ զազիր երինջները կերան առաջի եօթը պարարտ երինջներին: 21  Եւ նորանց փորը գնացին, եւ չէր գիտացվում, թէ նորանք նորանց փորն են գնացել. այլ նորանց տեսքը զազիր էր ինչպէս առաջ: Յետոյ զարթնեցի: 22  Եւ երազումս տեսայ, եւ ահա մէկ փունջի վերայ եօթը լիքը եւ լաւ հասկեր էին դուրս գալիս. 23  Եւ ահա նորանց ետեւից եօթը չոր, նիհար խորշակահար հասկեր էին բուսնում. 24  Եւ նիհար հասկերը կուլ տուին այն եօթը լաւ հասկերին: Եւ ես պատմեցի մոգերին, բայց մէկը չ’կայ որ ինձ մեկնէ: 25  Եւ Յովսէփն ասեց Փարաւօնին. Փարաւօնի երազը մէկ է. Աստուած իր անելիքը յայտնեց Փարաւօնին: 26  Այն եօթը լաւ երինջները եօթը տարի են, եւ այն եօթը լաւ հասկերը եօթը տարի են. երազը մէկ է: 27  Եւ այն եօթը վտիտ եւ զազիր երինջները, որ նորանց ետեւից ելան՝ եօթը տարի են, եւ այն եօթը դատարկ խորշակահար հասկերը եօթը տարի սով են նշանակում: 28  Այս է իմ խօսքը որ ասում եմ Փարաւօնին. թէ Աստուած իր անելիքը Փարաւօնին ցոյց է տուել: 29  Ահա եօթը տարի են գալու, որ բոլոր Եգիպտոսի երկրումը մեծ առատութիւն կ’լինի: 30  Եւ նորանց ետեւից եօթը տարի սով կ’գայ, եւ Եգիպտոսի երկրի մէջ բոլոր առատութիւնը կ’մոռացուի. եւ սովը կ’սպառէ երկիրը. 31  Եւ չի իմացուիլ երկրի մէջ առատութիւնը այն սովի պատճառով, որ նորանից յետոյ կ’գայ, որովհետեւ շատ սաստիկ կ’լինի: 32  Եւ երազը երկու անգամ Փարաւօնի համար կրկնուելու պատճառը այս է, որ այս բանը Աստուածանից հաստատուած է, եւ Աստուած շուտով անելու է այս: 33  Եւ հիմա թող Փարաւօնը հանճարեղ եւ իմաստուն մարդ գտնէ, եւ նորան Եգիպտոսի երկրի վերայ դնէ: 34  Թող Փարաւօնը այսպէս անէ, եւ երկրի վերայ գործակալներ նշանակէ, եւ Եգիպտոսի երկրի արմատիքներից առատութեան եօթը տարիներումը հինգից մէկն առնէ: 35  Եւ այն եկող լաւ տարիների բոլոր պաշարը ժողովեն. եւ Փարաւօնի ձեռքի տակ ցորեն դիզեն, եւ քաղաքներում պաշար պահեն: 36  Եւ կերակուրը պաշար լինի երկրիս համար այն եօթը տարուայ սովի դէմ, որ Եգիպտոսի երկրումը լինելու է, որ երկիրը սովից չ’կորչի: 37  Եւ այս բանը լաւ երեւեցաւ Փարաւօնի աչքին եւ նորա բոլոր ծառաների աչքին: 38  Եւ Փարաւօնն ասեց իր ծառաներին. Կարո՞ղ ենք գտնել սորա պէս մի մարդ, որի մէջ լինի Աստուծոյ Հոգին: 39  Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Որովհետեւ Աստուած այս ամենը քեզ իմացրեց, քեզ պէս հանճարեղ եւ իմաստուն չ’կայ: 40  Դու իմ տան վերայ եղիր, եւ իմ բոլոր ժողովուրդը քո բերանին հնազանդուին. ես միայն աթոռով քեզանից մեծ լինիմ: 41  Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Ահա քեզ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ դրի: 42  Եւ Փարաւօնն իր ձեռքից մատանին հանեց, եւ Յովսէփի ձեռքն անցրեց, եւ նորան բեհեզեայ հադերձներ հագցրեց, եւ նորա պարանոցին ոսկի մանեակ դրաւ: 43  Եւ իր երկրորդ կառքի վերայ հեծցրեց, եւ գոչում էին նորա առաջին. Ծունր դրէք. եւ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ նշանակեց նորան: 44  Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Ես Փարաւօնն եմ, եւ առանց քեզ մէկն իր ձեռքը կամ իր ոտքը չ’բարձրացնէ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ: 45  Եւ Փարաւօնը Յովսէփի անունը Փսոմփթոմփանէ* դրաւ, եւ Արեգ քաղաքի Պետափրեայ քուրմի աղջիկ Ասանէթը նորան կին տուաւ. եւ Յովսէփը ելաւ որ Եգիպտոսի երկիրը ման գայ: 46  Եւ Յովսէփը երեսուն տարեկան էր, երբոր Եգիպտոսի Փարաւօն թագաւորի առաջին կանգնեց, եւ Յովսէփը Փարաւօնի առջեւից դուրս ելաւ եւ Եգիպտոսի բոլոր երկիրը ման եկաւ: 47  Եւ առատութեան եօթը տարիներումը երկիրը խիստ շատ արդիւնք տուաւ: 48  Եւ եօթը տարիներ բոլոր պաշարը որ Եգիպտոսի երկրումը եղաւ, ժողովեց, եւ քաղաքներումը դրաւ պաշարը. այն քաղաքի շուրջի արտերի պաշարը նոյն քաղաքի մէջ դրաւ: 49  Եւ Յովսէփը ծովի աւազի չափ խիստ շատ ցորեն դիզեց՝ այնչափ որ թուելը ձգեցին, որովհետեւ անթիւ էր: 50  Եւ Յովսէփի համար երկու որդի ծնուեցաւ սովի տարիները գալուց առաջ, որ Արեգ քաղաքի Պետափրեայ քուրմի աղջիկ Ասանէթը ծնեց նորա համար: 51  Եւ Յովսէփը առաջինեկի անունը Մանասէ* դրաւ, որովհետեւ ասեց. Աստուած ինձ մոռացրեց իմ բոլոր վիշտերը, եւ իմ հօր բոլոր տունը: 52  Եւ երկրորդի անունը Եփրեմ* դրաւ. որովհետեւ ասեց. Աստուած իմ տառապանաց երկրումն աճեցրեց ինձ: 53  Եւ Եգիպտոսի երկրումն առատութեան եօթը տարին անցաւ: 54  Եւ Յովսէփի ասածի պէս սկսեցին գալ սովի եօթը տարին. եւ բոլոր երկիրներում սով եղաւ, բայց Եգիպտոսի երկրի մէջ հաց կար: 55  Եւ երբոր Եգիպտոսի բոլոր երկիրը անօթեցաւ, ժողովուրդը հացի համար դէպի Փարաւօնն աղաղակեց. եւ Փարաւօնն ասեց բոլոր Եգիպտացիներին. Գնացէք Յովսէփի մօտ, ինչ որ ձեզ ասէ արէք: 56  Եւ սովը երկրի բոլոր երեսի վերայ եղաւ. եւ Յովսէփը բացաւ բոլոր շտեմարանները, որոնց մէջ պաշար կար եւ Եգիպտացիներին պաշար ծախեց. եւ սովը սաստկացաւ Եգիպտոսի երկրումը: 57  Եւ բոլոր աշխարհ գալիս էին Եգիպտոս Յովսէփիցը պաշար ծախու առնելու. որովհետեւ ամեն երկրի մէջ սովը սաստկացաւ:

Ծանոթագրություններ

41։45 Երկրի փրկիչը։
41։51 Մոռացնող։
41։52 Պտղաբեր։