Ծննդոց 42։1-38

42  Եւ Յակոբը տեսաւ, որ Եգիպտոսումը պաշար կայ, եւ Յակոբն ասեց իր որդիներին. Ինչո՞ւ էք իրար մտիկ տալիս:  Եւ ասեց. Ահա լսել եմ որ Եգիպտոսումը պաշար կայ, այնտեղ իջէք եւ այն տեղից մեզ համար ծախու առէք որ ողջ մնանք եւ չ’մեռնինք:  Եւ Յովսէփի տասը եղբայրներն իջան Եգիպտոսից ցորեն ծախու առնելու:  Բայց Յակոբը Յովսէփի եղբայր Բենիամինին նորա եղբայրների հետ չուղարկեց. որովհետեւ ասեց. Մի գուցէ փորձանք պատահի նորան:  Եւ Իսրայէլի որդիները եկան այնտեղ գնացողների հետ պաշար ծախու առնելու. որովհետեւ Քանանի երկրումը սով կար:  Եւ Յովսէփն այն երկրի իշխանն էր. եւ ինքը երկրի բոլոր ժողովրդին պաշար էր ծախում. Յովսէփի եղբայրները եկան, եւ իրանց երեսները մինչեւ գետինը խոնարհութիւն արին նորան:  Եւ հէնց որ Յովսէփն իր եղբայրներին տեսաւ՝ ճանաչեց նորանց, բայց իրան նորան չ’ճանաչեցրեց, եւ նորանց հետ խստութեամբ խօսեց, եւ նորանց ասեց. Ո՞րտեղից էք եկել. եւ նորանք ասեցին. Քանանի երկրիցը՝ կերակուր ծախու առնելու:  Եւ Յովսէփն իր եղբայրներին ճանաչեց, բայց նորանք չ’ճանաչեցին նորան:  Եւ Յովսէփը յիշեց այն երազները, որ նորանց վերայ տեսել էր, եւ ասեց նորանց. Դուք լրտեսներ էք. եկել էք երկրի բացութիւնը տեսնելու: 10  Եւ ասեցին նորան. Ոչ, տէր իմ, այլ քո ծառաները եկել են կերակուր ծախու առնելու: 11  Մենք ամենքս մէկ մարդի որդիներ ենք. մենք ուղիղ ենք. ծառաներդ լրտեսներ չեն: 12  Եւ նա ասեց նորանց. Ոչ, այլ եկել էք երկրի բացութիւնը տեսնելու: 13  Եւ նորանք ասեցին. Մենք տասնեւերկու ծառաներդ Քանանի երկրումը մէկ մարդի որդիք ենք՝ եղբայրներ. եւ ահա կրտսերը այսօր մեր հօր մօտ է, եւ մէկը չ’կայ: 14  Եւ Յովսէփն ասեց նորանց. Սա է որ ձեզ հետ խօսեցի ասելով. թէ Դուք լրտեսներ էք. 15  Սորանով պէտք է փորձուիք. Փարաւօնի կեանքը վկայ է, որ դուք այս տեղից չէք դուրս գալ, եթէ ձեր կրտսեր եղբայրը այստեղ չ’գայ: 16  Ձեզանից մէկին ուղարկեցէք ձեր եղբօրը բերելու, եւ դուք կ’բանտարկուիք, որ ձեր խօսքերը փորձուին, թէ արդեօք ձեզանում ճշմարտութիւն կա՞յ. եւ եթէ ոչ, Փարաւօնի կեանքը վկայ է որ դուք լրտեսներ էք: 17  Եւ երեք օր բանտը դրաւ նորանց: 18  Եւ երրորդ օրը Յովսէփն ասեց նորանց. Սա արէք որ ողջ մնաք, ես Աստուածանից վախող եմ: 19  Եթէ դուք ուղիղ էք, ձեր եղբայրներից մէկը ձեր բանտարկուած տան մէջ արգիլուի. եւ դուք գնացէք, ձեր տան սովածութեան համար պաշար տարէք: 20  Եւ ձեր կրտսեր եղբօրն ինձ մօտ բերէք, որ ձեր խօսքերը ճշմարտանան, եւ չէք մեռնիլ: Եւ այնպէս արին: 21  Եւ նորանք իրար ասում էին. Իրաւ մենք մեր եղբօր վրայով յանցաւոր ենք, որովհետեւ տեսանք նորա հոգու նեղութիւնը երբոր նա մեզ աղաչում էր, եւ չ’լսեցինք. նորա համար գալիս է այս նեղութիւնը մեր վերայ: 22  Եւ Ռուբէնը պատասխանեց նորանց ասելով. Ես չէ՞ի ասում, թէ Այդ տղայի դէմ մեղք մի գործէք, եւ դուք ականջ չ’դրիք. եւ ահա հիմա նորա արիւնը պահանջվում է: 23  Եւ նորանք չ’գիտէին որ Յովսէփը հասկանում էր. որովհետեւ թարգմանով էր խօսում իրանց հետ: 24  Եւ նորանցից բաժանուեցաւ եւ լացաւ. եւ դարձաւ դէպի նորանց, եւ խօսեց նորանց հետ. եւ նորանցից Շմաւոնին առաւ, եւ նորանց աչքի առաջին կապեց նորան: 25  Եւ Յովսէփը հրամայեց, որ նորանց ամանները ցորենով լցնեն եւ ամեն մէկի փողը իր քսակի մէջ դնեն, եւ նորանց պաշար տան ճանապարհի համար: Եւ նորանց այսպէս արաւ: 26  Եւ նորանք իրանց էշերի վերայ բեռնեցին իրանց ցորենը, եւ այն տեղից գնացին: 27  Եւ նորանցից մէկը բացաւ իջեւանումն իր քսակը իր էշին դարման տալու համար, եւ տեսաւ իր փողը, որ ահա իր քսակի բերանումն էր: 28  Եւ իր եղբայրներին ասեց. Փողս ետ է եկել, եւ ահա այստեղ իմ քսակի մէջ է. եւ նորանց սիրտը խռովուեցաւ, եւ վախելով իրար ասեցին. Սա ի՞նչ է որ Աստուած արաւ մեզ: 29  Եւ եկան Քանանի երկիրը իրանց հայր Յակոբի մօտ, եւ բոլոր իրանց պատահածները պատմեցին նորան ասելով. 30  Այն երկրի տէրը եղող մարդը մեզ հետ խստութեամբ խօսեց, եւ մեզ երկիրը լրտեսողների տեղ դրաւ: 31  Եւ ասեցինք նորան. Մենք ուղիղ ենք. լրտեսներ չենք. 32  Մենք տաւնեւերկուսս եղբայրներ ենք մեր հօր որդիքը. մէկը չ’կայ, եւ կրտսերը Քանանի երկրումը մեր հօր մօտ է այսօր: 33  Եւ այն երկրի տէրը եղող մարդը ասեց մեզ. Սորանով կ’իմանամ թէ դուք ուղիղ էք. ձեր եղբայրներից մէկին ինձ մօտ թողեցէք. եւ ձեր տան սովածութեան համար պաշար առէք, եւ գնացէք: 34  Եւ ձեր կրտսեր եղբօրն ինձ մօտ բերէք, որ գիտենամ թէ դուք լրտեսներ չէք, այլ ուղիղ էք. ձեր եղբայրը ձեզ կ’տամ, եւ այս երկրումը առուտուր կ’անէք: 35  Եւ եղաւ որ նորանք իրանց քսակները դատարկելիս, ահա ամեն մէկի փողի ծրարը իր քսակումն էր. եւ իրանք ու իրանց հայրը տեսան փողի ծրարները եւ վախեցին: 36  Եւ նորանց հայր Յակոբն ասեց նորանց. Ինձ անորդի թողեցիք. Յովսէփը չ’կայ, Շմաւոնը չ’կայ, Բենիամինն էլ էք առնում. սորանց ամենը ինձ վերայ եկաւ: 37  Եւ Ռուբէնը խօսեց իր հօրը հետ եւ ասեց. Իմ երկու որդիներըս սպանիր, եթէ ես նորան քեզ մօտ չ’բերեմ. նորան իմ ձեռքը յանձնիր, եւ ես ետ կ’բերեմ նորան քեզ համար: 38  Բայց Յակոբն ասեց. Իմ որդին ձեզ հետ չի իջնիլ, որովհետեւ նորա եղբայրը մեռած է, եւ նա է մնացել մինակ. եւ եթէ ձեր գնալու ճանապարհին նորան մի փորձանք պատահելու լինի, իմ սպիտակ մազերը տրտմութիւնով գերեզմանը կ’իջեցնէք:

Ծանոթագրություններ