Ծննդոց 44։1-34

44  Եւ իր տանը վերակացուին հրամայեց ասելով, Այս մարդկանց քսակները լցրու ուտելիքով որքան որ կարողանան տանել, եւ ամեն մէկի փողը իր քսակի բերանումը դիր:  Եւ իմ բաժակը՝ արծաթի բաժակը դիր փոքրի քսակի բերանումը եւ իր պաշարի փողն էլ: Եւ նա այդ խօսքի համեմատ արաւ, որ Յովսէփն ասեց իրան:  Եւ առաւօտը լուսացաւ, եւ մարդիկը ճանապարհուեցան, իրանք եւ իրանց էշերը:  Նորանք քաղաքից դուրս եկած դեռ չէին հեռացել, որ Յովսէփն իր տան վերակացուին ասեց. Վեր կաց այն մարդկանց ետեւից վազիր, եւ նորանց հասիր, եւ ասա նորանց. Ինչո՞ւ չար հատուցրիք բարիի փոխարէն:  Սա այն չէ՞, որով իմ տէրը խմում է, եւ հմայում է նորանով. դուք չարութիւն արիք ձեր այսպէս անելովը:  Եւ նա հասաւ նորանց, եւ ասեց նորանց այն խօսքերը:  Եւ ասեցին նորանց. Ինչո՞ւ է իմ տէրը այսպիսի խօսքեր խօսում. քաւ լիցի որ քո ծառաները այդպիսի բան անեն:  Ահա այն փողը, որ գտել էինք մեր քսակների բերանում, Քանանի երկրիցը քեզ ետ դարձրինք. եւ ինչպէս կ’գողանանք քո տիրոջ տանից արծաթ կամ ոսկի:  Քո ծառաներիցն որի մօտ որ գտնուի, թող նա մեռնի, եւ մենք էլ տիրոջս ծառաները լինինք: 10  Եւ նա ասեց. Հիմա հէնց թող ձեր ասածի պէս լինի. որն մօտ որ գտնուի, նա ինձ ծառայ լինի, իսկ դուք անպարտ լինիք: 11  Ուստի ամեն մէկը շուտով իր քսակը գետինը իջեցրեց, եւ ամեն մէկն իր քսակը բացաւ: 12  Եւ նա մեծիցն սկսեց պտրտել, եւ մինչեւ փոքրը նայեց վերջացրեց, եւ բաժակը Բենիամինի քսակի մէջ գտնուեցաւ: 13  Այն ժամանակ նորանք իրանց հանդերձները պատառեցին. եւ ամեն մէկն իր էշը բեռնեց, եւ ետ դարձան քաղաքը, 14  Եւ Յուդան եւ նորա եղբայրները Յովսէփի տունը եկան, եւ նա տակաւին այնտեղ էր, եւ նորա առաջին գետինը ընկան: 15  Եւ Յովսէփն ասեց նորանց. Այս ի՞նչ բան է որ արիք. դուք չ’գիտէ՞ք թէ ինձ պէս մի մարդ անպատճառ կ’հմայէ: 16  Եւ Յուդան ասեց. Ի՜նչ ասենք իմ տիրոջը, ի՜նչ խօսենք կամ ի՜նչպէս արդարացնենք մեզ. Աստուած բռնել է քո ծառաների յանցանքը. ահա մենք մեր տիրոջ ծառաներն ենք, մենք էլ՝ նա էլ, որի մօտ բաժակը գտնուել է: 17  Եւ նա ասեց Քաւ լիցի որ ես այդպէս անեմ. միայն այն մարդը, որի մօտ բաժակը գտնուել է, նա ինձ ծառայ լինի, եւ դուք խաղաղութեամբ ձեր հօր մօտ վեր գնացէք: 18  Այն ժամանակ Յուդան մօտեցաւ նորան եւ ասեց. Ոհ, տէր իմ, խնդրեմ՝ թող քո ծառան մի խօսք խօսէ իմ տիրոջ ականջներին, եւ ծառայիդ վերայ քո բարկութիւնը չ’բորբոքուի, որովհետեւ դու Փարաւօնի պէս ես: 19  Իմ տէրն իր ծառաներին հարցրեց ասելով. Հայր կամ եղբայր ունի՞ք: 20  Եւ մենք ասեցինք մեր տիրոջը, թէ մի ծեր հայր ունինք, եւ նորա ծերութեան մի պզտիկ որդին, եւ նորա եղբայրը մեռած է, եւ միայն նա է մնացել իր մօրից, եւ նորա հայրը սիրում է նորան: 21  Եւ քո ծառաներին ասեցիր. Ինձ մօտ իջեցրէք նորան, որ աչքովս տեսնեմ նորան: 22  Եւ մենք տիրոջս ասեցինք. Տղան չէ կարող ձգել իր հօրը, որովհետեւ եթէ իր հօրը ձգելու լինի, նա կ’մեռնի: 23  Եւ դու քո ծառաներին ասեցիր. Եթէ ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չ’իջնէ, իմ երեսը էլ միւսանգամ չ’տեսնէք: 24  Եւ եղաւ երբոր վեր գնացինք քո ծառայ իմ հօր մօտ, իմ տիրոջ խօսքերը պատմեցինք նորան: 25  Եւ մեր հայրն ասեց. Գնացէք դարձեալ, մեզ համար մի քիչ կերակուր ծախու առէք: 26  Եւ մենք ասեցինք. Չենք կարող իջնել. եթէ մեր կրտսեր եղբայրը մեր հետ լինի, այն ժամանակ կ’իջնենք. որովհետեւ չենք կարող տեսնել այն մարդի երեսը, եթէ որ մեր կրտսեր եղբայրը մեր հետ չ’լինի: 27  Եւ քո ծառայ իմ հայրն ասեց մեզ. Դուք գիտէք որ իմ կինը երկու որդի ծնեց ինձ համար: 28  Եւ մէկը մօտիցս ելաւ, եւ ես ասեցի. Անպատճառ գազանից գիշատուել է, եւ մինչեւ հիմա չ’տեսայ նորան: 29  Եւ սորան էլ էք առնում իմ առջեւից, եւ նորան մի փորձանք կ’պատահի, եւ իմ սպիտակ մազերը տրտմութիւնով գերեզմանը կ’իջեցնէք: 30  Եւ արդ երբոր քո ծառայ իմ հօր մօտ երթամ եւ տղան մեր հետ չ’լինի, եւ ըստ որում նորա հոգին այդ տղու հոգու հետ կապուած է, 31  Անպատճառ հէնց որ տեսաւ թէ տղան չ’կայ, կ’մեռնի. եւ ծառաներդ քո ծառայ մեր հօր սպիտակ մազերը ցաւով գերեզմանը կ’իջեցնենք: 32  Որովհետեւ ծառադ այդ տղու համար իմ հօրը երաշխաւոր եղայ ասելով. եթէ ես նորան քեզ մօտ չ’բերեմ, իմ հօրը յաւիտեան յանցաւոր լինիմ: 33  Եւ հիմա աղաչեմ, թող ծառադ այդ տղու փոխարէն իմ տիրոջը ծառայ մնայ, եւ տղան իր եղբայրների հետ գնայ. 34  Որովհետեւ ի՞նչպէս վեր գնամ իմ հօր մօտ, եթէ տղան ինձ հետ չ’լինի. մի գուցէ տեսնեմ այն չարիքը որ պատահելու է իմ հօրը:

Ծանոթագրություններ