Ծննդոց 47։1-31

47  Եւ Յովսէփն եկաւ եւ պատմեց Փարաւօնին եւ ասեց. Իմ հայրն ու եղբայրները եւ նորանց հօտերն ու արջառները, եւ նորանց բոլոր ունեցածը եկել են Քանանի երկրիցը, եւ ահա Գեսեմի երկրումն են.  Եւ իր եղբայրների միջից հինգ մարդ առաւ, եւ նորանց Փարաւօնի առաջին ներկայացրեց:  Եւ Փարաւօնն ասեց նորա եղբայրներին. Ի՞նչ է ձեր գործը. եւ նորանք Փարաւօնին ասեցին. Քո ծառաները հովիւներ ենք, մենք էլ մեր հայրերն էլ:  Նաեւ ասեցին Փարաւօնին, Եկել ենք այս երկրումը պանդխտանալու. որովհետեւ քո ծառաների հօտերի համար արօտ չ’կայ, Քանանի երկրումը սովը սաստկանալու պատճառով. մենք հիմա խնդրում ենք, թող ծառաներդ Գեսեմի երկրումը բնակուին:  Եւ Փարաւօնը խօսեց Յովսէփի հետ ասելով. Քո հայրն ու եղբայրները քեզ մօտ են եկել:  Եգիպտոսի երկիրը առաջիդ է. քո հօրն ու եղբայրներին երկրի ամենալաւ տեղը բնակեցրու. Գեսեմի երկրի մէջ թող բնակուեն. եւ եթէ գիտես, թէ նորանց մէջ ժիր մարդիկ կան, իմ հօտերի վերայ վերակացու շինիր նորանց:  Եւ Յովսէփն իր հայր Յակոբին բերաւ եւ Փարաւօնի առաջին ներկայացրեց. եւ Յակոբն օրհնեց Փարաւօնին։  Եւ Փարաւօնն ասեց Յակոբին. Ո՞րքան է քո կեանքի տարիների օրերը:  Եւ Յակոբն ասեց Փարաւօնին. Իմ պանդխտութեան տարիների օրերը հարիւր երեսուն տարի են. իմ կեանքի տարիների օրերը քիչ եւ ցաւով եղան, եւ չեն հասնիլ իմ հայրերի կեանքի տարիների օրերին իրանց պանդխտութեան օրերումը: 10  Եւ Յակոբն օրհնեց Փարաւօնին, եւ դուրս եկաւ Փարաւօնի առջեւից: 11  Եւ Յովսէփը բնակեցրեց իր հօրն ու եղբայրներին եւ նորանց ստացուածքը Եգիպտոսի երկրի ամենալաւ տեղը՝ Ռամսեսի երկրումը, ինչպէս որ Փարաւօնը հրամայել էր: 12  Եւ Յովսէփը սնուցանում էր իր հօրն եւ իր եղբայրներին եւ իր հօր բոլոր տանը՝ հաց տալով ընտանիքներին: 13  Եւ բոլոր երկրի մէջ հաց չ’կար. որովհետեւ սովը շատ սաստկացաւ. եւ Եգիպտոսի երկիրը եւ Քանանի երկիրը սովի պատճառովը նուաղեց: 14  Եւ Յովսէփը հաւաքեց Եգիպտոսի երկրի մէջ եւ Քանանի երկրի մէջ գտնուած բոլոր փողը այն ծախած պաշարովը, որ նորանք առնում էին. եւ Յովսէփը փողը Փարաւօնի տունը տարաւ: 15  Եւ Եգիպտոսի երկրիցը եւ Քանանի երկրիցը փողը վերջացաւ, եւ բոլոր Եգիպտացիները եկան Յովսէփի մօտ եւ ասեցին. Մեզ հաց տուր, որովհետեւ ինչո՞ւ մեռնինք քո առաջին, թէ փող չ’կայ: 16  Եւ Յովսէփն ասեց. Ձեր անասունները բերէք, եւ ձեր անասունների փոխարէն տամ ձեզ, եթէ փող չ’կայ: 17  Եւ նորանք իրանց անասունները զովսէփի մօտ բերին, եւ Յովսէփը հաց տուաւ նորանց ձիերի փոխարէն, եւ ոչխարների փոխարէն, եւ արջառների փոխարէն, եւ էշերի փոխարէն. եւ այն տարի նորանց հացով կերակրեց իրանց բոլոր անասունների փոխարէն: 18  Եւ լրացաւ այն տարին, եւ հետեւեալ տարին նորա մօտ եկան եւ ասեցին նորան. Մենք չենք ծածկիլ մեր տէրիցը, որ փողը վերջացել է, եւ մեր անասուններն էլ մեր տիրոջը եղան, էլ մի բան չ’մնաց մեր տիրոջ առաջին, բացի մեր անձերիցը եւ մեր երկրիցը: 19  Ինչո՞ւ համար քո աչքի առաջին մեռնինք՝ մենք էլ՝ մեր երկիրն էլ. մեզ ու մեր երկիրը հացով ծախու առ, եւ մենք ու մեր երկիրը Փարաւօնին ծառաներ լինինք. եւ սերմ տուր որ ապրինք եւ չ’մեռնինք, եւ երկիրը չանապատանայ: 20  Եւ Յովսէփը բոլոր Եգիպտոսի երկիրը ծախու առաւ Փարաւօնի համար. որովհետեւ Եգիպտացիք ծախում էին՝ ամեն մէկն իր արտը, որովհետեւ սովը սաստիկ էր նորանց վերայ եւ երկիրը Փարաւօնինը եղաւ: 21  Եւ ժողովրդին էլ բերել տուաւ քաղաքների մէջ Եգիպտոսի սահմանի մէկ ծայրից մինչեւ միւս ծայրը: 22  Միայն քուրմերի երկիրը ծախու չառաւ, որովհետեւ քուրմերը Փարաւօնիցը մի որոշուած մասն ունէին, եւ ուտում էին իրանց որոշուածը, որ Փարաւօնը տալիս էր նորանց, նորա համար իրանց երկիրը չ’ծախեցին: 23  Եւ Յովսէփն ասեց ժողովրդին. Ահա այսօր ծախու առի ձեզ եւ ձեր երկիրը Փարաւօնի համար. ահա ձեզ սերմ, եւ սերմանեցէք երկիրը. 24  Եւ արդիւնքի ժամանակ հինգից մէկը Փարաւօնին պիտի տաք, եւ չորս մասը ձերը պիտի լինի. որ արտի համար սերմ եւ ձեզ համար եւ ձեր տանը եղողների եւ ձեր երեխաների համար ուտելիք լինի: 25  Եւ ասեցին. Մեզ ապրեցրիր, թող մեր տիրոջը առաջին շնորհք գտնենք, եւ Փարաւօնին ծառաներ լինինք: 26  Եւ Յովսէփն այս օրէնքը հաստատեց Եգիպտոսի երկրումը մինչեւ այսօր, որ հինգից մէկը Փարաւօնինը լինի. բայց քուրմերի երկրիցը, որ Փարաւօնին չեղաւ: 27  Եւ Իսրայէլը բնակվում էր Եգիպտոսի երկրում Գեսեմի երկրումը, եւ այնտեղ կալուածք ստացան, եւ աճեցին եւ խիստ շատացան: 28  Եւ Յակոբը Եգիպտոսի երկրումը տասնեւեօթը տարի ապրեց. եւ Յակոբի կեանքի տարիների օրերը հարիւր քառասունեւեօթը տարի եղան: 29  Եւ Իսրայէլի մեռնելու օրերը մօտեցան, եւ կանչեց իր որդի Յովսէփին, եւ ասեց նորան. Եթէ հիմա քո առաջին շնորհք գտայ, աղաչեմ՝ ձեռքդ իմ երանքի տակը դիր, եւ ինձ մարդասիրութիւն եւ հաւատարմութիւն արա. աղաչեմ՝ ինձ Եգիպտոսի մէջ մի թաղիր: 30  Այլ թող իմ հայրերի հետ ննջեմ, եւ դու ինձ Եգիպտոսից վեր առ, եւ ինձ նորանց գերեզմանումը թաղիր: Եւ նա ասեց. Ես քո ասածի պէս կ’անեմ: 31  Եւ նա ասեց. Ինձ երդում արա. նա էլ երդում արաւ նորան: Եւ Իսրայէլը Գաւազանի* գլխի վերայ երկրպագութիւն արաւ:

Ծանոթագրություններ

47։31 Ոմանք անկողնի։