Ծննդոց 50։1-26

50  Եւ Հովսէփն իր հօր երեսի վերայ ընկաւ, եւ լացաւ նորա վերայ, եւ համբուրեց նորան:  Եւ Յովսէփն իր բժիշկ ծառաներին հրամայեց որ իր հօրը զմռսեն. եւ բժիշկները զմռսեցին Իսրայէլին:  Եւ նորա քառասուն օրը լրացան. որովհետեւ այսպէս էին լրանում զմռսուածների օրերը, եւ Եգիպտացիք նորա համար եօթանասուն օր սուգ արին:  Եւ երբ նորա սուգի օրերն անցան, Յովսէփը խօսեց Փարաւօնի տան հետ ասելով. Թէ որ հիմա ձեր առաջին շնորհք գտայ, խնդրեմ Փարաւօնի ականջին խօսեցէք եւ ասեցէք.  Իմ հայր ինձ երդում անել տուաւ ասելով. Ահա ես մեռնում եմ, իմ գերեզմանի մէջ որ ես ինձ համար Քանանի երկրումը փորեցի, ինձ այնտեղ թաղես, եւ հիմա թող վեր գնամ իմ հօրը թաղեմ, եւ ետ դառնամ:  Եւ Փարաւօնն ասեց. Ելիր եւ թաղիր քո հօրը ինչպէս որ նա քեզ երդում անել տուաւ:  Եւ Յովսէփն ելաւ իր հօրը թաղելու, եւ նորա հետ ելան Փարաւօնի բոլոր ծառաները, նորա տան ծերերը եւ Եգիպտոսի երկրի բոլոր ծերերը:  Նաեւ Յովսէփի բոլոր տունը եւ նորա եղբայրները եւ նորա հօր տունը. միայն նորանց երեխաները եւ իրանց հօտերը եւ իրանց արջառները Գեսեմի երկրումը թողեցին:  Եւ նորա հետ կառքեր եւ ձիաւորներ ելան, եւ մի շատ մեծ բանակ եղաւ: 10  Եւ եկան Ատադի կալը, որ Յորդանանի միւս կողմին է. այնտեղ մեծ եւ խիստ սաստիկ լացով ողբացին, եւ իր հօր համար եօթը օր սուգ արաւ: 11  Եւ այն երկրի բնակիչ Քանանացիները երբոր տեսան Ատադի կալի մէջի սուգը, ասեցին. Սա մի մեծ սուգ է Եգիպտացիների, նորա համար նորա անունը Աբէլմիսրաիմ* դրին, որ Յորդանանի միւս կողմին է: 12  Եւ նորա որդիքն արին նորան ինչպէս որ պատուիրել էր: 13  Եւ նորա որդիքը Քանանի երկիրը տարին նորան, եւ թաղեցին նորան Մաքփելայի արտի այրումը, որ Աբրահամը գերեզմանի կալուածքի համար ծախու առաւ արտի հետ մէկտեղ Քետացի Եփրոնից Մամբրէի դիմացը: 14  Եւ Յովսէփը ետ դարձաւ Եգիպտոս իր հօրը թաղելուց յետոյ, ինքը եւ իր եղբայրները եւ այն ամենը որ իր հետ ելան իր հօրը թաղելու: 15  Եւ Յովսէփի եղբայրները տեսան որ իրանց հայրը մեռաւ, ասեցին. Գուցէ Յովսէփը ոխ ունենայ մեզ հետ եւ հատուցանէ մեզ այն ամեն չարիքը, որ մենք արինք իրան: 16  Եւ Յովսէփին պատգամաւոր ուղարկեցին ասելով. Քո հայրը մեռնելուց առաջ պատուիրեց եւ ասեց. Այսպէս ասեցէք Յովսէփին. 17  Հիմա շնորհք արա քո եղբայրների յանցանքն ու նորանց մեղքը ներիր, որովհետեւ քեզ չարութիւն արին. եւ հիմա աղաչում ենք ներիր քո հօր Աստուծոյ ծառաների յանցանքը: Եւ Յովսէփը լացաւ նորանց այս խօսքերի համար, որ ասեցին իրան: 18  Եւ նորա եղբայրներն էլ գնացին, եւ նորա առաջին ընկան, եւ ասեցին. Ահա մենք քո ծառաներն ենք: 19  Եւ Յովսէփն ասեց նորանց. Մի վախիք, մի՞թէ ես Աստուծոյ փոխանորդն եմ: 20  Եւ թէպէտ դուք ինձ դէմ չարութիւն խորհեցիք, բայց Աստուած այն լաւի դարձնել խորհեց, որ անէր այս օրուայ եղածի պէս, այսինքն որ շատ ժողովուրդ ապրեցնէր: 21  Եւ հիմա մի վախիք. ես ձեզ եւ ձեր երեխաներին պիտի կերակրեմ: Եւ մխիթարեց նորանց եւ քաղցրութեամբ խօսեց: 22  Եւ Յովսէփը Եգիպտոսումը բնակուեց, ինքը եւ իր հօր տունը, եւ Յովսէփը հարիւր տասը տարի ապրեց: 23  Եւ Յովսէփը Եփրեմի երրորդ սերնդեան որդիները տեսաւ, եւ Մանասէի որդի Մաքիրի որդիներն էլ Յովսէփի ծունկերի վերայ ծնուեցան: 24  Եւ Յովսէփն իր եղբայրներին ասեց. Ահա ես մեռնում եմ, եւ Աստուած անպատճառ ձեզ այցելութիւն է անելու, եւ ձեզ այս երկրիցը հանելու է դէպի այն երկիրը, որի համար ինքը երդում արաւ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին: 25  Եւ Յովսէփն Իսրայէլի որդկանցը երդում անել տուաւ ասելով. Աստուած անպատճառ ձեզ այցելութիւն է անելու, եւ իմ ոսկորներն այստեղից հանեցէք: 26  Եւ Յովսէփը մեռաւ հարիւր տասը տարեկան, եւ զմռսեցին նորան, դրին մի տապանի մէջ Եգիպտոսումը:

Ծանոթագրություններ

50։11 Եգիպտացիների սուգը։