Հակոբոս 2։1-26

2  Եղբարքս, մի գուցէ աչառութեամբ ունենաք մեր Տէր Յիսուս Քրիստոսի հաւատքը, որ փառքի Տէրն է:  Եթէ մի մարդ մտնէ ձեր ժողովարանը, որ ոսկի մատանի եւ պայծառ հագուստ ունենայ, եւ մի աղքատ էլ մտնէ այնտեղ կեղտոտ հագուստով,  Եւ մտիկ տաք նորան որ պայծառ հագուստ ունի, եւ ասէք նորան. Դու այստեղ նստիր պատիւով, եւ աղքատին ասէք թէ դու այդտեղ կանգնիր. կամ թէ Եկ նստիր այստեղ պատուանդանիս մօտ.  Եւ խղճմտանք չէ՞ք անում ձեզանում, եւ չ’եղաք չար խորհուրդների դատաւորներ:  Լսեցէք, սիրելի եղբարքս, չէ՞ որ Աստուած ընտրեց այս աշխարհքի աղքատներին, որ հարուստ են հաւատքով, եւ ժառանգներ այն արքայութեանը որ Աստուած խոստացաւ իրան սիրողներին:  Բայց դուք անպատուեցիք աղքատին. չէ՞ որ հարուստներն են ձեզ հարստահարում եւ նորանք են ձեզ դատաստան քաշում:  Չէ՞ որ նորանք են հայհոյում այն բարի անունը որ ձեզ վերայ կանչուած է:  Արդ եթէ թագաւորական օրէնքը կատարէք գրուածին համեմատ թէ Սիրիր քո ընկերին քո անձի պէս, լաւ էք անում:  Բայց եթէ աչառութիւն էք անում, մեղք էք անում՝ յանդիմանուած օրէնքիցը ինչպէս օրինազանցներ: 10  Վասն զի ով որ բոլոր օրէնքը պահէ եւ մէկումը մեղանչէ, ամեն օրէնքին եղաւ պարտական: 11  Որովհետեւ այն Շնութիւն մի անիր ասողը ասեց էլ, Մի սպանիր, իսկ եթէ շնութիւն չ’անես բայց սպանես, եղար օրինազանց: 12  Այնպէս խօսեցէք եւ այնպէս արէք, որպէս թէ ազատութեան օրէնքով էք դատուելու: 13  Որովհետեւ անողորմ դատաստան պիտի լինի ողորմութիւն չ’անողի վերայ. եւ ողորմութիւնը պարծենում է դատաստանի դէմ: 14  Ի՞նչ է օգուտը, եղբարքս, եթէ մէկն ասէ թէ հաւատք ունի եւ գործ չ’ունենայ. մի՞թէ հաւատքը կարող է ապրեցնել նորան. 15  Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինին կամ օրուայ կերակրին կարօտ. 16  Եւ ձեզանից մէկն ասէ նորանց. Գնացէք խաղաղութեամբ, տաքացէք եւ կշտացէք. եւ մարմնի պէտք եղածը չ’տաք նորանց, օգուտն ի՞նչ կ’լինի: 17  Այսպէս էլ հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է: 18  Բայց մէկը կ’ասէ թէ Դու հաւատք ունիս, եւ ես գործ ունիմ. ցոյց տուր ինձ քո հաւատքը գործերից*, եւ ես էլ ցոյց կ’տամ քեզ իմ հաւատքն իմ գործերիցը: 19  Դու հաւատում ես թէ մէկ է Աստուած, լաւ ես անում. դեւերն էլ են հաւատում եւ սարսափում են: 20  Բայց կամենո՞ւմ ես գիտենալ, ով դարտակ մարդ, որ հաւատքն առանց գործերի մեռած է: 21  Մեր հայր Աբրահամը չէ՞ որ գործերով արդարացաւ իր որդի Իսահակին պատարագ անելով սեղանի վերայ: 22  Տեսնո՞ւմ ես որ հաւատքը նորա գործերի հետ միասին գործեց. եւ այն գործերովը հաւատքը կատարեալ եղաւ. 23  Եւ կատարուեցաւ Գրքի խօսքը որ ասում է. Եւ Աբրահամը հաւատաց Աստուծուն եւ արդարութիւն համարուեցաւ նորա համար. եւ Աստուծոյ բարեկամ կոչուեցաւ: 24  Արդ տեսնո՞ւմ էք որ մարդ գործերով է արդարանում, եւ ոչ միայն հաւատքով: 25  Նոյնպէս էլ Ռախաբ պոռնիկը. չէ՞ որ գործերով արդարացաւ, երբոր լրտեսներին իրան մօտ առաւ եւ ուրիշ ճանապարհով արձակեց: 26  Որովհետեւ ինչպէս որ մարմինն առանց հոգու մեռած է, այնպէս եւ հաւատքն առանց գործերի մեռած է:

Ծանոթագրություններ

2։18 Ոմանք՝ առանց գործերի։