Հակոբոս 5։1-20

5  Աղէ հիմա, ով հարուստներ, լացէք եւ ողբ արէք ձեր թշուառութիւնների վերայ, որ պիտի գան ձեզ վերայ:  Ձեր հարստութիւնը փտել է, եւ ձեր հանդերձները ցեցի կերակուր եղան.  Ձեր ոսկին եւ արծաթը ժանգոտած, նորանց ժանգը վկայ կ’լինի ձեզ դէմ, եւ ձեր միսերը կ’ուտէ կրակի նման. դուք գանձեր դիզեցիք յետին օրերումը:  Ահա այն մշակների վարձքը որ ձեր արտերը հնձել են, եւ որ դուք զրկել էք. աղաղակում է, եւ հնձողների աղաղակները հասան զօրութեան Տիրոջ ականջը:  Երկրի վերայ փափուկ ապրեցիք եւ զբօսացիք. ձեր սրտերը գիրացրիք ինչպէս մորթուելու օրուայ համար:  Դատապարտեցիք, սպանեցիք արդարին, նա հակառակ չէ կենում:  Արդ, եղբարքս, երկայնամիտ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը. ահա մշակը երկայնամիտ եղած սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ որ առաջի եւ վերջի անձրեւն առնէ:  Երկայնամիտ եղէք դուք էլ, հաստատեցէք ձեր սրտերը. որ Տիրոջ գալուստը մօտեցել է:  Մի հառաչէք իրար դէմ, եղբարք, որ չ’դատուիք. ահա Դատաւորը դռան առաջին կանգնած է: 10  Եղբարք, չարչարանքի եւ երկայնմտութեան օրինակ առէք մարգարէներին, որ Տիրոջ անունովը խօսեցին: 11  Ահա համբերողներին երանի ենք տալիս. Յոբի համբերութիւնը լսել էք, եւ Տիրոջ նորա համար արած վախճանը տեսաք. որ Տէրը բազմագութ է եւ ողորմած: 12  Եւ ամեն բանից առաջ, եղբարք, երդում մի անէք ոչ երկնքովը, ոչ երկրովը եւ ոչ էլ մի ուրիշ երդումով, բայց թող լինի ձեր այոն այո եւ ոչը ոչ. որ դատաստանի տակ չ’ընկնիք: 13  Եթէ ձեզանից մէկը նեղութիւն է քաշում, թող աղօթք անէ. եթէ մէկն ուրախանում է, թող սաղմոս ասէ: 14  Եթէ ձեզանից մէկը հիւանդ է, թող եկեղեցու երէցներին կանչէ, որ նորա վերայ աղօթք անեն, նորան իւղով օծեն Տիրոջ անունովը. 15  Եւ հաւատքով աղօթքը կ’փրկէ այն հիւանդին, եւ Տէրը վեր կ’կացնէ նորան. եւ եթէ մեղք գործած լինի, կ’թողուի նորան: 16  Իրար խոստովանեցէք ձեր յանցանքները, եւ իրար վերայ աղօթք արէք, որ բժշկուիք, շատ զօրաւոր է արդարի աղօթքը ներգործելով: 17  Եղիան մարդ էր մեզ պէս՝ կրքի ենթակայ. եւ ջերմեռանդ աղօթք արաւ որ անձրեւ չ’գայ, եւ անձրեւ չ’եկաւ երկրի վերայ երեք տարի եւ վեց ամիս: 18  Եւ դարձեալ աղօթք արաւ, եւ երկինքն անձրեւ տուաւ, եւ երկիրն իր պտուղը բուսեցրեց: 19  Եղբարք, եթէ ձեզանից մէկը մոլորուի ճշմարտութեան ճանապարհիցը, եւ մէկը դարձնէ նորան, 20  Թող գիտենայ, թէ մեղաւորին իր մոլորութեան ճանապարհիցը դարձնողը, մի հոգի կ’փրկէ մահից եւ մեղքերի շատութիւնը կ’ծածկէ:

Ծանոթագրություններ