Հայտնություն 12։1-17

12  Եւ մի մեծ նշան երեւեցաւ երկնքումը. մի կին՝ արեգակն իր վերայ առած. եւ լուսինը նորա ոտների տակ. եւ նորա գլխի վերայ տասնեւերկու աստղերի պսակ:  Եւ նա յղի լինելով՝ աղաղակում էր երկունք քաշելով եւ չաչարուելով որ ծնէ:  Եւ մի ուրիշ նշան երեւեցաւ երկնքումը. եւ ահա մի մեծ վիշապ՝ կրակի պէս կարմիր. որ եօթը գլուխ ունէր եւ տասն եղջիւր, եւ նորա գլուքների վերայ եօթը թագ.  Եւ նորա ագին քաշում էր երկնքի աստղերի երրորդ բաժինը, եւ նորանց գցեց երկրի վերայ եւ վիշապը կանգնած էր այն կնկայ առաջին որ պիտի ծնէր, որ երբոր ծնէ, կուլ տայ նորա զաւակին:  Եւ նա մի արու զաւակ ծնեց, որ պիտի բոլոր ազգերին երկաթէ գաւազանով հովուէ եւ նորա որդին յափշտակուեցաւ Աստուծոյ մօտ եւ նորա աթոռի մօտ:  Եւ կինը փախաւ անապատը, ուր Աստուածանից պատրաստուած տեղ ունէր, որ այնտեղ կերակրեն նորան հազար երկու հարիւրեւվաթսուն օր:  Եւ պատերազմ եղաւ երկնքումը. Միքայէլը եւ նորա հրեշտակները պատերազմեցին վիշապի դէմ. եւ պատերազմեց վիշապը եւ իր զօրքերը.  Եւ չ’կարողացան դէմ կենալ, եւ ոչ էլ տեղ գտնուեցաւ նորանց համար երկնքումը:  Եւ վայր գցուեցաւ մեծ վիշապը՝ այն առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցուեցաւ երկրի վերայ եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցուեցան: 10  Եւ մեծ ձայն լսեցի որ ասում էր երկնքումը. Հիմա փրկութիւնը եւ զօրութիւնը եւ թագաւորութիւնը եղաւ մեր Աստուծուն, եւ իշխանութիւնը եղաւ նորա Օծեալին, որ վայր գցուեցաւ մեր եղբայրների չարախօսը, որ չարախօսում էր նորանցից Աստուծոյ առաջին ցերեկ եւ գիշեր. 11  Եւ նորանք յաղթեցին նորան՝ Գառի արիւնովը եւ իրանց* վկայութեան խօսքովը. եւ չ’սիրեցին իրանց հոգին մինչեւ ի մահ: 12  Սորա համար ուրախացէք, ով երկինք, եւ որ բնակուած էք նորանում. վա՜յ երկրին եւ ծովին, [եւ նորանցում բնակողներին] որ Բանսարկուն վայր իջաւ ձեզ մօտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի: 13  Եւ երբոր տեսաւ վիշապը, թէ վայր գցուեցաւ երկրի վերայ, ընկաւ այն կնկայ ետեւից որ արու զաւակը ծնեց: 14  Եւ այն կնկան երկու մեծ արծուի թեւ տրուեցաւ, որ թռչի անապատն՝ իր տեղը. ուր որ կերակրվում է մի ժամանակ, եւ ժամանակներ եւ կէս ժամանակ օձի երեսիցը: 15  Եւ օձն իր բերանիցը գետի պէս ջուր թափեց այն կնկայ ետեւից, որ նորան ընկղմէ: 16  Եւ երկիրն օգնեց այն կնկան, եւ երկիրն իր բերանը բացաւ եւ այն գետը կուլ տուաւ որ վիշապն իր բերանիցը թափեց: 17  Եւ վիշապը բարկացաւ այն կնկայ վերայ, եւ գնաց պատերազմ անելու նորա միւս զաւակների հետ, որ Աստուծոյ պատուիրանքները պահում են, եւ Յիսուսի [Քրիստոսի] վկայութիւնն ունին:

Ծանոթագրություններ

12։11 Գրաբ. նորա։