Հայտնություն 13։1-18

13   Եւ ծովի աւազի վերայ կանգնեց*: Եւ տեսայ ծովիցը մի գազան դուրս գալիս, որ եօթը գլուխ ունէր եւ տասը եղջիւր, եւ նորա եղջիւրների վերայ տաս թագ, եւ նորա գլուխների վերայ հայհոյութեան անուն:  Եւ այն գազանը որ տեսայ ինձու նման էր, եւ նորա ոտները արջի ոտների նման, եւ նորա բերանն առիւծի բերանի նման. եւ վիշապը տուաւ նորան իր զօրութիւնը եւ իր աթոռը եւ մեծ իշխանութիւն:  Եւ տեսայ նորա գլուխերից մէկը մեռնելու չափ խոցուած. եւ նորա մահի վէրքը ողջացաւ. եւ բոլոր երկիրը զարմացաւ այն գազանի ետեւիցը:  Եւ երկրպագեցին այն վիշապին, որ իշխանութիւն տուաւ այն գազանին, եւ երկրպագեցին գազանին ասելով. Ո՞վ է այս գազանի նման. կամ ո՞վ է կարող դորա հետ պատերազմել:  Եւ նորան տրուեցաւ մի բերան մեծ մեծ բաներ եւ հայհոյանք խօսող, եւ իշխանութիւն տրուեցաւ նորան քառասունեւերկու ամիս իր ուզածն անելու:  Եւ նա իր բերանը բացաւ Աստուծոյ դէմ հայհոյանքով, որ հայհոյէ նորա անունին եւ նորա խորանին, եւ երկնքումը բնակողներին:  Եւ նորան իշխանութիւն տրուեցաւ որ սուրբերի հետ պատերազմ անէ եւ նորանց յաղթէ. եւ իշխանութիւն տրուեցաւ նորան ամեն ցեղի եւ լեզուի եւ ազգի վերայ.  Եւ կ’երկրպագեն նորան երկրի վերայ բոլոր բնակողները, որոնց անունները գրուած չեն Գառի կեանքի գրքի մէջ որ աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է:  Եթէ մէկն ականջ ունի թող լսէ: 10  Եթէ մէկը գերութեան քաշէ, գերութեան պիտի քաշուի. եթէ մէկը սրով սպանէ, պիտի սրով սպանուի. այստեղ է սուրբերի համբերութիւնը եւ հաւատքը: 11  Եւ ես տեսայ մի ուրիշ գազան դուրս գալիս երկրիցը, եւ երկու եղջիւր ունէր գառի նման. բայց խօսում էր վիշապի նման: 12  Եւ այն առաջի գազանի բոլոր իշխանութիւնը բանեցնում էր նորա առաջին. եւ այնպէս էր անում, որ երկիրը եւ նորա վերայ բնակողները երկրպագեն այն առաջի գազանին որի մահի վէրքը ողջացել էր: 13  Եւ մեծ նշաններ է անում, որ երկնքիցը կրակ էլ է բերել տալիս երկրի վերայ մարդկանց առաջին: 14  Եւ մոլորեցնում է երկրի վերայ բնակողներին այն նշաններովը որ տրուած էին նորա ձեռքը, որ գործէ գազանի առաջին, ասելով երկրի բնակողներին որ պատկեր շինեն այն գազանին որ սուրի վէրքն ունէր եւ ապրեց: 15  Եւ տրուեցաւ նորան, որ հոգի տայ գազանի պատկերին, որ պատկերը խօսի էլ. եւ անէ էլ՝ որ նորանք, որ չ’երկրպագեն գազանի պատկերին, սպանուին: 16  Եւ ստիպում է ամենին՝ փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին եւ ծառաներին, որ նորանց դրոշմ տայ նորանց աջ ձեռքումը կամ նորանց ճակատումը: 17  Եւ որ ոչ ով չ’կարողանայ գնել կամ ծախել բացի նորանից, որ գազանի դրոշմը կամ նորա անունն ունի կամ նորա անունի համարը: 18  Այստեղ է իմաստութիւնը. ով որ միտք ունի թող գազանի թիւը համարէ. որ մարդի թիւ է, եւ նորա թիւը վեց հարիւր վաթսունեւվեց է:

Ծանոթագրություններ

13։1 Ոմանք՝ կանգնեցի։