Հայտնություն 14։1-20

14  Եւ տեսայ եւ ահա Գառը կանգնած էր Սիօն սարի վերայ, եւ նորա հետ հարիւր քառասունեւչորս հազար հոգիքը, որ [նորա անունը եւ] նորա Հօր անունը գրած ունէին իրանց ճակատների վերայ:  Եւ ձայն լսեցի երկնքիցը՝ շատ ջրերի ձայնի պէս, եւ մեծ որոտմունքների ձայնի պէս. եւ քնար ածողների ձայնի պէս լսեցի, որ իրանց քնարներն ածում էին:  Եւ երգում էին մի նոր երգ աթոռի առաջին եւ չորս կենդանիների առաջին եւ երէցների առաջին. եւ ոչ ով չէր կարող ուսանել այն երգը բացի այն հարիւր քառասունեւչորս հազարներից, որ երկրից փրկուել էին:  Սորանք են որ կանանց հետ չ’խառնակուեցան, որովհետեւ կոյս են. սորանք են որ Գառի ետեւից գնում են ուր որ նա գնայ. սորանք փրկուեցան մարդկանցից Աստուծուն եւ Գառին իբրեւ երախայրի:  Եւ նորանց բերանումը նենգութիւն չ’գտնուեցաւ, որովհետեւ անարատ են [Աստուծոյ աթոռի առաջին:]  Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մէջ, որ յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարանէր երկրի վերայ բնակողներին. եւ ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի:  Եւ մեծ ձայնով ասում էր. Վախեցէք Աստուածանից, եւ փառք տուէք նորան. որովհետեւ նորա դատաստանի ժամը եկաւ. եւ երկրպագեցէք երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ջրերի աղբիւրները Ստեղծողին:  Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ նորա ետեւից ասելով. Ընկա՜ւ, ընկա՜ւ Բաբիլոն մեծ քաղաքը, որովհետեւ իր պոռնկութեան բարկութեան գինուցը խմեցրեց բոլոր ազգերին.  Եւ մի երրորդ հրեշտակ եկաւ նորանց ետեւից մեծ ձայնով ասելով. Ով որ երկրպագութիւն է անում գազանին եւ նորա պատկերին եւ դրոշմ ընդունում իր ճակատի կամ իր [աջ] ձեռքի վերայ, 10  Այնպիսին Աստուծոյ սրտմտութեան գինուցը* պիտի խմէ, որ անխառն ածուած է նորա բարկութեան բաժակի մէջ. եւ պիտի տանջուի կրակի եւ ծծմբի մէջ սուրբ հրեշտակների եւ Գառի առաջին: 11  Եւ նորանց տանջանքի ծուխը վեր է ելնում յաւիտեանս յաւիտենից. եւ հանգիստ չ’ունին ցերեկ եւ գիշեր նորանք որ երկրպագեցին գազանին եւ նորա պատկերին, եւ ով որ էլ ընդունում է նորա անունի դրոշմը: 12  Այստեղ է սուրբերի համբերութիւնը. այստեղ են Աստուծոյ պատուիրանքները եւ Յիսուսի հաւատքը պահողները: 13  Եւ երկնքից մի ձայն լսեցի որ ասում էր ինձ. Գրիր, Երանելի են այն մեռելները որ Տէրումն են ննջում այսուհետեւ. այո, Հոգին ասում է որ իրանց աշխատանքիցը հանգիստ կ’առնեն, եւ նորանց գործերը գնում են նորանց ետեւից: 14  Եւ տեսայ, եւ ահա մի սպիտակ ամպ, եւ ամպի վերայ մէկը նստած մարդի Որդու նման, որ իր գլխի վերայ ոսկի պսակ, եւ իր ձեռքումը սուր գերանդի ունէր: 15  Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ տաճարիցը, որ մեծ ձայնով աղաղակում էր ամպի վերայ նստողին. Ուղարկիր քո գերանդին եւ հնձիր. որովհետեւ քո ժամանակն եկաւ հնձելու, որ երկրի հունձքը հասել է: 16  Եւ ամպի վերայ նստողը վայր գցեց իր գերանդին երկրի վերայ, եւ երկիրը հնձուեցաւ: 17  Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ տաճարիցը որ երկնքումն է, որ սա էլ սուր գերանդի ունէր: 18  Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ սեղանիցը որ իշխանութիւն ունէր կրակի վերայ, եւ մեծ աղաղակով գոչեց սուր գերանդի ունեցողին ասելով. Ուղարկիր քո սուր գերանդին եւ երկրի այգու ողկոյզները քաղիր, որովհետեւ նորա խաղողը հասել է: 19  Եւ հրեշտակն իր գերանդին գցեց երկրի վերայ, եւ երկրի այգու խաղողը քաղեց, եւ գցեց Աստուծոյ բարկութեան մեծ հնձանի մէջ: 20  Եւ հնձանը կոխուեցաւ քաղաքիցը դուրս, եւ դուրս եկաւ արիւնը հնձանիցը մինչեւ ձիերի սանձքը հազարեւվեց հարիւր ասպարէզի չափ:

Ծանոթագրություններ

14։10 Գրաբ. բաժակիցը։