Հայտնություն 16։1-21

16  Եւ մեծ ձայն լսեցի տաճարիցը որ ասում էր այն եօթը հրեշտակներին. Գնացէք եւ Աստուծոյ բարկութեան սկաւառակները թափեցէք երկրի վերայ:  Եւ առաջինը գնաց եւ իր սկաւառակը թափեց երկրի վերայ, եւ չարաչար պալարներ եղան այն մարդկանց վերայ, որ գազանի դրոշմն ունէին եւ նորա պատկերին երկրպագում էին:  Եւ երկրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց ծովը, եւ արիւն դառաւ մեռածի արիւնի նման. եւ ամեն կենդանի շունչ սատակեց որ ծովումն էր:  Եւ երրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գետերի եւ ջրերի աղբիւրների մէջ եւ արիւն եղաւ:  Եւ ձայն լսեցի ջրերի հրեշտակներիցը որ ասում էր. Արդար ես, Տէր, որ ես եւ էիր եւ սուրբ՝ որ այս դատաստաններն արիր:  Որովհետեւ սուրբերի եւ մարգարէների արիւնը թափեցին. նորա համար էլ արիւն տուիր նորանց խմելու, որ արժան են:  Եւ մի ուրիշը լսեցի սեղանիցը որ ասում էր. Այո, Տէր Աստուած Ամենակալ, ճշմարիտ եւ արդար են քո դատաստանները:  Եւ չորրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց արեգակի վերայ:  Եւ տրուեցաւ նորան որ մարդկանց խորշակահար անէ կրակով. եւ խորշակահար եղան մարդիկ սաստիկ տաքով եւ հայհոյեցին Աստուծոյ անունին որ այս պատուհասների վերայ իշխանութիւն ունի. եւ չ’ապաշխարեցին որ փառք տան նորան: 10  Եւ հինգերորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գազանի աթոռի վերայ. եւ նորա թագաւորութիւնը խաւարուած եղաւ. եւ իրանց լեզուները ծամում էին տանջանքիցը. 11  Եւ երկնքի Աստուծուն հայհոյեցին իրանց ցաւերի եւ պալարների պատճառովը. եւ չ’ապաշխարեցին իրանց գործերիցը: 12  Եւ վեցերորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց մեծ գետ՝ Եփրատի վերայ, եւ նորա ջուրը ցամաքեց որ արեւելքի թագաւորների ճանապարհը պատրաստուի: 13  Եւ տեսայ՝ վիշապի բերանիցը եւ գազանի բերանիցը եւ սուտ մարգարէի բերանիցը երեք պիղծ հոգի էին դուրս գալիս գորտերի նման: 14  Որովհետեւ նորանք դեւերի ոգիք են, որ նշաններ են անում, նորանք գնում են երկրի եւ բովանդակ տիեզերքի թագաւորների մօտ որ նորանց ժողովեն Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմի համար: 15  Ահա գալիս եմ գողի նման, երանի նորան որ արթուն է, եւ իր հանդերձները պահում է. որ մերկ ման չ’գայ, եւ նորա ամօթանքը չ’տեսնեն. 16  Եւ ժողովեցին նորանց այն տեղ որ Եբրայեցերէն Արմագեդոն է կոչվում: 17  Եւ եօթներորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց օդի վերայ. եւ մեծ ձայն դուրս եկաւ երկնքի տաճարիցը եւ աթոռիցը որ ասում էր. Եղա՛ւ: 18  Եւ եղան ձայներ եւ փայլատակներ եւ որոտմունք, եւ մեծ շարժ եղաւ որ այնպիսի չէր եղած քանի որ մարդիկ երկրի վերայ են՝ այնպիսի մեծ շարժ էր. 19  Եւ մեծ քաղաքը երեք կտոր եղաւ, եւ ազգերի քաղաքները վայր ընկան. եւ մեծ Բաբիլոնը յիշուեցաւ Աստուծոյ առաջին, որ իր ցասման բարկութեան գինու բաժակը նորան տայ: 20  Եւ ամեն կղզի փախաւ, եւ սարերը չ’գտնուեցան: 21  Եւ երկնքիցը տաղանդաչափ մեծ մեծ կարկուտ էր իջնում մարդկանց վերայ, եւ մարդիկ հայհոյեցին Աստուծուն այն կարկտի հարուածի համար, որ սաստիկ մեծ է նորա պատուհասը:

Ծանոթագրություններ