Հայտնություն 2։1-29

2  Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում այն եօթն աստղերն իր աջ ձեռքումն ունեցողը, որ եօթը ոսկի ճրագակալների մէջ ման է գալիս.  Գիտեմ քո գործերը եւ քո աշխատութիւնը եւ քո համբերութիւնը. եւ որ չարերին չես կարողանում համբերել, եւ փորձեցիր նորանց որ առաքեալ են ձեւանում, եւ չեն եւ գտար որ սուտ են:  Եւ նեղութիւններ կրեցիր որ համբերութիւն ունիս, եւ իմ անունի համար աշխատեցիր, եւ չ’թուլացար:  Բայց քեզ դէմ այս ունիմ, որ քո առաջին սէրը թողել ես:  Արդ յիշիր, թէ որտեղից վայր ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերն արա. ապա թէ ոչ՝ կ’գամ շուտով քեզ մօտ, եւ քո ճրագակալը կ’շարժեմ իր տեղիցը եթէ չ’ապաշխարես:  Բայց այս բանն ունիս, որ Նիկողայոսեանների գործերն ատում ես, որոնք ես էլ եմ ատում:  Ով որ ականջ ունի, թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է՝ նորան կեանքի ծառիցն ուտել կ’տամ, որ Աստուծոյ դրախտի մէջ է:  Եւ Զմիւռնիայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Առաջինը եւ Վերջինը որ մեռած էր եւ կենդանացաւ:  Գիտեմ քո գործերը եւ նեղութիւնը եւ աղքատութիւնը. բայց դու հարուստ ես. եւ գիտեմ նորանց հայհոյանքը որ ասում են թէ իրանք Հրէայ են եւ չեն, այլ սատանայի ժողովք են: 10  Բնաւ մի վախենար այն բաներիցը որ կրելու ես. ահա բանսարկուն ձեզանից բանտի մէջ է գցելու, որ փորձուիք, եւ նեղութիւն կ’ունենաք տասն օր. հաւատարիմ եղիր մինչեւ ի մահ, եւ կեանքի պսակը կ’տամ քեզ: 11  Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է, երկրորդ մահիցը չի վնասուիլ: 12  Եւ Պերգամոնի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում սրած երկսայրի սուրն ունեցողը: 13  Գիտեմ քո գործերը, եւ թէ՝ որ տեղ ես բնակվում, ուր որ սատանայի աթոռն է. եւ իմ անունը պահում ես, եւ իմ հաւատքը չ’ուրացար այն օրերը, որ իմ Անտիպաս հաւատարիմ վկան սպանուեցաւ ձեր մէջ. ուր որ սատանան է բնակվում: 14  Բայց քեզ դէմ մի քիչ բաներ ունիմ. որ այդ տեղ Բաղաամի վարդապետութիւնը պահողներ ունիս որ Բաղակին սովորեցրեց, գայթակղութիւն դնել Իսրայէլի որդկանց առաջին, որ նորանք կուռքի մատաղ ուտեն եւ պոռնկութիւն անեն: 15  Այսպէս դու էլ Նիկողայոսեանների վարդապետութիւնը պահողներ ունիս, որ ես ատում եմ: 16  Ապաշխարհիր, ապա թէ ոչ՝ շուտով քեզ մօտ կ’գամ, եւ կ’պատերազմեմ նորանց հետ իմ բերանի սրովը: 17  Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է այն թագցրած մանանայից ուտել կ’տամ նորան. եւ սպիտակ խիճ կ’տամ նորան. եւ այն խիճի վերայ մի նոր անուն գրուած, որ ոչ ոք չ’գիտէ, բացի նա որ առնում է: 18  Եւ Թիւատիրայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Աստուծոյ Որդին, որի աչքերը կրակի բոցի պէս են, եւ նորա ոտները կարմրած պղնձի նման: 19  Գիտեմ քո գործերը, եւ սէրը, եւ քո ծառայութիւնը, եւ հաւատքը, եւ քո համբերութիւնը, եւ քո գործերը, եւ որ վերջիններն աւելի են քան թէ առաջինը: 20  Բայց քեզ դէմ մի քիչ բաներ ունիմ. որ Յեզաբէլ կնկանը թոյլ ես տալիս որ իրան մարգարէուհի է ասում, եւ իմ ծառաներին սովորեցնում եւ մոլորեցնում է, որ պոռնկութիւն անեն եւ կուռքի մատաղ ուտեն: 21  Եւ նորան ժամանակ տուի որ ապաշխարէ իր պոռնկութիւնիցը, եւ նա չ’ապաշխարեց: 22  Ահա ես նորան անկողինի մէջ կ’գցեմ, եւ նորա հետ շնացողներին էլ՝ մեծ նեղութիւնների մէջ. եթէ չ’ապաշխարեն իրանց գործերիցը: 23  Եւ նորանց որդիքը մահով կ’սպանեմ. եւ բոլոր եկեղեցիները կ’ճանաչեն որ ես եմ երիկամունքները եւ սրտերը քննողը. եւ կ’տամ ձեզ ամեն մէկիդ իր գործերի համեմատ: 24  Իսկ ես ասում եմ ձեզ եւ միւսներին որ Թիւատիրայումն էք, որ այս վարդապետութիւնը չ’ունիք, եւ որ սատանայի խորութիւնները չ’ճանաչեցիք, ինչպէս ասում են. Ձեզ վերայ ուրիշ ծանրութիւն չեմ գցիլ: 25  Բայց այն որ ունիք պահեցէք մինչեւ որ ես կ’գամ: 26  Եւ ով որ յաղթում է եւ իմ գործերը պահում մինչեւ վերջը, նորան իշխանութիւն կ’տամ ազգերի վերայ. 27  (Եւ նա կ’հովուէ նորանց երկաթէ գաւազանով. բրուտի ամանի պէս կ’փշրուին նորանք:) 28  Ինչպէս ես էլ իմ Հօրիցն ընդունեցի. եւ ես կ’տամ նորան առաւօտեան աստղը: 29  Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին:

Ծանոթագրություններ