Հայտնություն 20։1-15

20  Եւ տեսայ մի հրեշտակ վայր գալիս երկնքիցը, որ դժոխքի բանալին ունէր, եւ մի մեծ շղթայ իր ձեռքումը:  Եւ նա բռնեց այն վիշապին այն առաջի օձին որ է Բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նորան հազար տարի:  Եւ գցեց նորան անդունդի մէջ, եւ փակեց եւ կնիք դրաւ նորա վերայ որ էլ չ’մոլորեցնէ ազգերին մինչեւ որ հազար տարին լրանայ. եւ նորանից յետոյ պէտք է որ նա մի քիչ ժամանակ արձակուի:  Եւ տեսայ աթոռներ, եւ նորանց վերայ նստեցին. եւ դատաւորութիւն տրուեցաւ նորանց, եւ նորանց հոգիքը որ գլխատուել էին Յիսուսի վկայութեան համար եւ Աստուծոյ խօսքի համար, եւ նորանց որ չ’երկրպագեցին գազանին եւ ոչ էլ նորա պատկերին, եւ նորա դրոշմը չ’առան իրանց ճակատի եւ ոչ էլ իրանց [աջ] ձեռքի վերայ, եւ սորանք կենդանացան եւ Քրիստոսի հետ թագաւորութիւն արին հազար տարի.  Իսկ մեռելների մնացեալները չ’կենդանացան, մինչեւ որ հազար տարին լրանայ: Սա առաջին յարութիւնն է:  Երանելի եւ սուրբ է, որ բաժին ունի առաջի յարութեան մէջ. սորանց վերայ իշխանութիւն չ’ունի երկրորդ մահը. այլ Աստուծոյ եւ Քրիստոսի քահանաներ կ’լինին. եւ նորա հետ կ’թագաւորեն հազար տարի:  Եւ երբոր հազար տարին կ’լրանայ՝ կ’արձակուի սատանան իր բանտիցը. եւ դուրս կ’գնայ որ մոլորեցնէ այն ազգերը, որ երկրի չորս անկիւնումն են, եւ Գոգը եւ Մագոգը, որ հաւաքէ նորանց պատերազմի, որոնց թիւը ծովի աւազի չափ է:  Եւ վեր գնացին երկրի լայնութեան վերայ, եւ սուրբերի բանակը եւ սիրելի քաղաքը շրջապատեցին:  Եւ երկնքիցը կրակ իջաւ Աստուածանից եւ լափեց նորանց. եւ Բանսարկուն որ նորանց մոլորեցնում էր գցուեցաւ կրակի եւ ծծմբի լիճը, ուր որ էին գազանը եւ սուտ մարգարէն: 10  Եւ կ’չարչարուին գիշեր եւ ցերեկ յաւիտեանս յաւիտենից: 11  Եւ տեսայ մի սպիտակ մեծ աթոռ, եւ նորա վերայ նստողին. որի երեսից երկինքը եւ երկիրը փախան. եւ տեղ չ’գտնուեցաւ նորանց համար: 12  Եւ տեսայ մեռելները մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին. եւ գրքեր բացուեցան, եւ մի ուրիշ գիրք էլ բացուեցաւ, որ է կեանքի գիրքը, եւ մեռելները դատուեցան այն գրքերում գրուածներից իրանց գործերի համեմատ: 13  Եւ ծովն իր մէջի մեռելները տուաւ, եւ մահը եւ դժոխքը իրանց մէջի մեռելները տուին. եւ ամեն մէկն իրանց գործերի համեմատ դատուեցան: 14  Մահը եւ դժոխքը գցուեցան կրակի լճի մէջ. սա երկրորդ մահն է: 15  Եւ եթէ մէկը գրուած չ’գտնուեցաւ կեանքի գրքի մէջ, կրակի լճի մէջ գցուեցաւ:

Ծանոթագրություններ