Հայտնություն 6։1-17

6  Եւ տեսայ երբոր Գառը այն կնիքներից մէկը բացաւ, եւ այն չորս կենդանիների մէկիցը լսեցի որ որոտմունքի ձայնի պէս ասում էր. Եկ եւ տես:  Եւ տեսայ, եւ ահա մի սպիտակ ձի, եւ նորա վերայ նստողը մի աղեղ ունէր. եւ մի պսակ տրուեցաւ նորան, եւ նա դուրս եկաւ յաղթելով եւ յաղթելու համար:  Եւ երբոր երկրորդ կնիքը բացաւ, երկրորդ կենդանիիցը լսեցի որ ասում էր. Եկ եւ տես:  Եւ մի ուրիշ ձի դուրս եկաւ կարմիր. եւ նորա վերայ նստողին տրուեցաւ որ խաղաղութիւնը վեր առնէ երկրիցը, եւ որ իրար մորթեն. եւ մի մեծ սուր տրուեցաւ նորան:  Եւ երբոր երրորդ կնիքը բացաւ, երրորդ կենդանիիցը լսեցի որ ասում էր. Եկ եւ տես. եւ տեսայ եւ ահա մի սեւ ձի, եւ նորա վերայ նստողը մի կշիռք ունէր իր ձեռքումը:  Եւ չորս կենդանիների միջիցը մի ձայն լսեցի որ ասում էր. Մի կապիճ ցորենը մի դենարի, եւ երեք կապիճ գարին մի դենարի, եւ ձէթին եւ գինուն վնաս չ’տաս:  Եւ երբոր չորրորդ կնիքը բացաւ, չորրորդ կենդանու ձայնը լսեցի որ ասում էր. Եկ եւ տես:  Եւ տեսայ, եւ ահա մի դեղնականաչ ձի, եւ նորա վերայ մի նստող՝ անունը Մահ, եւ Դժոխքը գնում էր նորա ետեւից. եւ իշխանութիւն տրուեցաւ նորանց՝ աշխարհքի չորրորդ բաժնի վերայ սրով եւ սովով եւ մահով եւ երկրի գազաններով սպանել:  Եւ երբոր հինգերորդ կնիքը բացաւ, տեսայ սեղանի ներքեւ նորանց հոգիները որ մորթուած էին Աստուծոյ խօսքի համար եւ այն վկայութեան համար որ ունէին: 10  Որ մեծ ձայնով աղաղակում էին եւ ասում. Մինչեւ ե՞րբ, ով սուրբ Տէր եւ ճշմարիտ, չես դատում, եւ մեր արիւնի վրէժը չես առնում երկրի վերայ բնակողներից: 11  Եւ նորանց իւրաքանչիւրին սպիտակ հանդերձներ տրուեցան, եւ ասուեցաւ նորանց, որ տակաւին մի քիչ ժամանակ հանգիստ առնեն, մինչեւ որ նորանց ծառայակիցները եւ նորանց եղբայրներն էլ կատարուին որ նորանց պէս սպանուելու են: 12  Եւ տեսայ, երբոր վեցերորդ կնիքը բացաւ, եւ ահա մեծ շարժ եղաւ, եւ արեգակը սեւացաւ մազեղէն քուրձի պէս, եւ լուսինն արիւնի պէս եղաւ: 13  Եւ երկնքի աստղերը թափուեցան երկրի վերայ ինչպէս թզենին իր խակ պտուղը թափում է՝ սաստիկ քամուց շարժուած: 14  Եւ երկինքը տեղիցը քաշվում էր գալարուող գրքի պէս. եւ բոլոր սարերն ու կղզիներն իրանց տեղիցը շարժուեցան: 15  Եւ երկրի թագաւորները եւ մեծամեծները եւ հարուստները եւ հազարապետները եւ զօրաւորները եւ ամեն ծառայ եւ ամեն ազատ թագցրին իրանց անձերը այրերի եւ սարերի ժայռերի մէջ, 16  Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. Վայր ընկէք մեզ վերայ, եւ ծածկեցէք մեզ աթոռի վերայ նստողի երեսիցը, եւ Գառի բարկութիւնիցը. 17  Որ նորա բարկութեան մեծ օրը եկել է, եւ ո՞վ կարող է կանգնել:

Ծանոթագրություններ