Հեսու 10։1-43

10  Եւ երբոր Երուսաղէմի Ադոնիսեդեկ թագաւորը լսեց, թէ Յեսուն Գային առաւ եւ նորան բոլորովին կործանեց, այսինքն ինչպէս որ Երիքովին եւ նորա թագաւորին էր արել, այնպէս էլ Գայիին եւ նորա թագաւորին արաւ, եւ թէ Գաբաւօնի բնակիչները Իսրայէլացիների հետ հաշտութիւն արին եւ նորանց մէջ մնացին,  Շատ վախեցան, որովհետեւ Գաբաւօնը մեծ քաղաք էր՝ թագաւորանիստ քաղաքներից մէկին պէս, եւ նա Գայիիցը մեծ էր, եւ նորա բոլոր մարդիկը զօրաւոր էին։  Սորա համար Երուսաղէմի Ադոնիսեդեկ թագաւորը մարդ ուղարկեց Քեբրոնի Հօհամ թագաւորին, Յերիմութի Փիրամ թագաւորին, եւ Լաքիսի Յաբիէ թագաւորին, ասելով.  Վեր եկէք ինձ մօտ եւ ինձ օգնեցէք, որ Գաբաւօնը զարկենք. որովհետեւ Յեսուի հետ եւ Իսրայէլի որդկանց հետ հաշտութիւն արաւ։  Եւ Ամօրհացիների հինգ թագաւորները՝ Երուսաղէմի թագաւորը, Քեբրոնի թագաւորը, Լաքիսի թագաւորը և Էգղոնի թագաւորը ժողովուեցան իրանք եւ իրանց բոլոր բանակները եւ վեր գնացին եւ Գաբաւօնի մօտ բանակ տուին եւ նորա դէմ պատերազմ արին։  Եւ Գաբաւօնի բնակիչները Յեսուի մօտ մարդ ուղարկեցին Գաղգաղայի բանակը, ասելով. Քո ձեռքը ետ մի քաշեր քո ծառաներիցը, շուտով մեզ մօտ վեր եկ եւ մեզ ազատիր ու մեզ օգնիր. որովհետեւ մեզ վերայ են ժողովուել Ամօրհացիների բոլոր լեռնաբնակ թագաւորները։  Եւ Յեսուն վեր գնաց Գաղգաղայիցն ինքը եւ իր հետ բոլոր պատերազմական մարդիկը եւ զօրքի բոլոր զօրաւորները։  Եւ Տէրը Յեսուին ասեց. Նորանցից մի վախենար, որովհետեւ նորանց քո ձեռքն եմ տուել. նորանցից ոչ մէկը պիտի չ’կանգնէ քո առաջին։  Եւ Յեսուն Գաղգաղայիցը բոլոր գիշերը վեր գնալով յանկարծակի նորանց վերայ հասաւ։ 10  Եւ Տէրը խռովեցրեց նորանց Իսրայէլի առաջին, եւ նորանց Գաբաւօնի մօտ մեծ կոտորածով կոտորեց, եւ նորանց հալածեց Բեթորոն վեր գնալու ճանապարհովը, եւ նորանց մինչեւ Ազեկա ու Մակեդա զարկեց։ 11  Եւ երբոր նորանք Իսրայէլի առաջից փախչում էին, եւ Բեթորոնիցը վայր էին իջնում, Տէրը նորանց վերայ երկնքիցը կարկտի մեծ քարեր գցեց մինչեւ Ազեկա, եւ մեռան. կարկտի քարերիցը մեռնողները աւելի շատ էին քան թէ իսրայէլի որդկանց սրով մեռցրածները։ 12  Այն ժամանակ Յեսուն Տիրոջ հետ խօսեց այն օրը, որ Տէրը Ամօրհացիներին իսրայէլի որդկանց ձեռքը տուաւ, եւ Իսրայէլի առաջին ասեց. Արեգակ, Գաբաւօնումը կանգնիր, եւ, Լուսին, Այեղօնի ձորումը կանգնիր։ 13  Եւ արեգակը կանգնեց, եւ լուսինը իր տեղը մնաց, մինչեւ որ ժողովուրդը իր թշնամիներիցը վրէժ առաւ։ Միթէ սա Ուղիղի գրքումը գրուած չէ՞. եւ արեգակը երկնքի մէջտեղում կանգնեց եւ չ’շտապեց մտնելու մէկ կատարեալ օրի չափ։ 14  Նորա պէս օր չ’եղաւ՝ ոչ առաջ եւ ոչ յետոյ, որ Տէրը մարդի ձայնին լսեց. որովհետեւ Տէրը պատերազմեց Իսրայէլի համար։ 15  Եւ Յեսուն եւ նորա հետ բոլոր Իսրայէլը ետ դառան բանակը Գաղգաղա։ 16  Եւ հինգ թագաւորները փախան, եւ Մակեդումը այրին մէջ թաք կացան։ 17  Եւ Յեսուին պատմուեցաւ ասելով. Այն հինգ թագաւորները գտնուել են Մակեդումը այրի մէջ թաք կացած։ 18  Եւ Յեսուն ասեց. Այրի բերանին մեծ քարեր գլորեցէք, եւ նորա վերայ մարդիկ նշանակեցէք, որ նորանց պահպանեն։ 19  Բայց դուք մի կանգնէք, հալածեցէք ձեր թշնամիներին եւ զարկեցէք նորանց ետեւիններին, եւ նորանց թող մի տաք որ իրանց քաղաքները մտնեն. որովհետեւ ձեր Տէր Աստուածը նորանց ձեր ձեռքը մատնեց։ 20  Եւ երբոր Յեսուն Իսրայէլի որդկանց հետ նորանց շատ մեծ կոտորածով կոտորեց, մինչեւ որ նորանց սպառեցրեց վերջացրեց, եւ նորանց փախստականները պարսպաւոր քաղաքների մէջ մտան, 21  Այն ժամանակ բոլոր ժողովուրդը խաղաղութեամբ ետ դառան Յեսուի մօտ բանակը Մակեդա Իսրայէլի որդկանց դէմ բնաւ մէկն իր լեզուն չ’սրեց։ 22  Եւ Յեսուն ասեց. Այրի բերանը բացէք, եւ այրիցը հանեցէք բերէք ինձ մօտ այն հինգ թագաւորներին։ 23  Եւ այնպէս արին, եւ այրիցն այն հինգ թագաւորներին՝ այսինքն Երուսաղէմի թագաւորին, Քեբրոնի թագաւորին, Յերիմութի թագաւորին, Լաքիսի թագաւորին եւ Էգղօնի թագաւորին հանեցին եւ նորա մօտ տարին։ 24  Եւ երբոր այս թագաւորներին Յեսուի մօտ հանեցին, Յեսուն Իսրայէլի բոլոր մարդկանցը կանչեց, եւ իր հետ պատերազմողների գլխաւորներին ասեց. Մօտեցէք ձեր ոտքերը այս թագաւորների պարանոցների վերայ դրէք, եւ նորանք մօտեցան ու իրանց ոտքերը նորանց պարանոցների վերայ դրին։ 25  Եւ Յեսուն ասեց նորանց. Մի վախենաք եւ մի զարհուրիք, ուժովացէք եւ քաջ եղէք. որովհետեւ Տէրը այսպէս կ’անէ ձեր ամեն թշնամիներին, որոնց հետ դուք պատերազմէք։ 26  Եւ սորանից յետոյ Յեսուն նորանց զարկեց մեռցրեց, եւ նորանց հինգ ծառից կախեց, եւ ծառերի վերայ մինչեւ իրիկուն կախուած մնացին։ 27  Եւ արեգակը մտնելու ժամանակին Յեսուն հրամայեց, եւ նորանց վայր բերին ծառերի վերայից, եւ նորանց գցեցին այն այրի մէջ ուր որ թաք էին կացել, եւ այրի բերանին մեծ քարեր դրին, որ մինչեւ այսօր կան։ 28  Եւ Յեսուն նոյն օրը Մակեդան էլ առաւ. եւ սուրի բերանով զարկեց նորան, եւ նորա թագաւորին եւ նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին բնաջինջ արաւ*. եւ մէկին ողջ չ’թողեց. եւ Մակեդայի թագաւորին էլ այնպէս արաւ ինչպէս որ Երիքովի թագաւորին էր արել։ 29  Եւ Յեսուն եւ իր հետ բոլոր Իսրայէլը Մակեդայից անցան Լեբնա, եւ Լեբնայի հետ պատերազմեցին։ 30  Եւ Տէրը նորանց էլ մատնեց նորա թագաւորովը Իսրայէլի ձեռքը, եւ նորան եւ նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին սուրի բերանով զարկեց, եւ մէկին ողջ չ’թողեց. եւ նորա թագաւորին այնպէս արաւ ինչպէս որ Երիքովի թագաւորին էր արել։ 31  Եւ Յեսուն եւ իր հետ բոլոր Իսրայէլը Լեբնայից անցան Լաքիս, եւ նորա դէմ բանակ տալով սորա հետ պատերազմեցին։ 32  Եւ Տէրը Լաքիսը Իսրայէլի ձեռքը մատնեց, եւ երկրորդ օրը նորան առաւ եւ նորան ու նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին սուրի բերանով զարկեց բոլորովին ինչպէս որ Լեբնային էին արել։ 33  Այն ժամանակ Գազերի Հօրամ թագաւորը վեր գնաց Լաքիսին օգնելու. եւ Յեսուն նորան եւ նորա ժողովրդին կոտորեց այնպէս որ նորանցից մէկը ողջ չ’մնաց։ 34  Եւ Յեսուն եւ իր հետ բոլոր Իսրայէլը Լաքիսիցն անցան Էգղօն եւ նորա մօտ բանակ տալով նորա դէմ պատերազմեցին. 35  Եւ նոյն օրը նորան առաւ եւ սուրի բերանով զարկեց, եւ նոյն օրը նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին բոլորովին բնաջինջ* արաւ ինչպէս որ Լաքիսին էր արել։ 36  Եւ Յեսուն եւ իր հետ բոլոր Իսրայէլը Էգղօնից վեր գնացին Քեբրոն, եւ նորա դէմ պատերազմեցին. 37  Եւ նորան առան եւ սուրի բերանով զարկեցին նորան եւ նորա թագաւորին եւ նորա բոլոր քաղաքներին եւ նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին, եւ մէկին ողջ չ’թողեցին, բոլորովին ինչպէս որ Էգղօնին էին արել եւ նորան ու նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին բնաջինջ արաւ*։ 38  Եւ Յեսուն եւ իր հետ բոլոր Իսրայէլը ետ դառան Դաբիր, եւ նորա հետ պատերազմեցին։ 39  Եւ առան նորան եւ նորա թագաւորին եւ նորանց բոլոր քաղաքները եւ նորանց սուրի բերանով զարկեցին. եւ նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին բնաջինջ* արին եւ մէկին ողջ չ’թողեցին. ինչպէս որ Քեբրօնին էր արել, այնպէս էլ Դաբիրին ու նորա թագաւորին արաւ եւ ինչպէս որ Լեբնային եւ նորա թագաւորին էր արել։ 40  Եւ Յեսուն զարկեց բոլոր լեռնային, հարաւային, դաշտային երկրները եւ սարերի ստորոտները եւ նորանց բոլոր թագաւորներին զարկեց, եւ մէկին ողջ չ’թողեց, այլ ամեն շնչաւորին մեռցրեց, ինչպէս որ Իսրայէլի Աստուածը Եհովան պատուիրել էր։ 41  Եւ Յեսուն զարկեց նորանց Կադէս Բառնեայից մինչեւ Գազա եւ բոլոր Գոսոմի երկիրը մինչեւ Գաբաւօն։ 42  Եւ այս բոլոր թագաւորներին եւ նորանց երկիրը Յեսուն առաւ մէկ անգամում. որովհետեւ Իսրայէլի համար Իսրայէլի Աստուածը Եհովան էր պատերազմ անում։ 43  Եւ Յեսուն ու իր հետ բոլոր Իսրայէլը ետ դառան բանակը Գաղգաղա։

Ծանոթագրություններ

10։28 Կամ՝ նզովեց։
10։35 Կամ՝ նզովեց։
10։37 Կամ՝ նզովեց։
10։39 Կամ՝ նզովեցին։