Հեսու 11։1-23

11  Եւ երբոր Հասորի Յաբին թագաւորը լսեց, մարդ ուղարկեց Մադոնի Յոբաբ թագաւորի մօտ եւ Սամրոնի թագաւորի մօտ եւ Աքսափի թագաւորի մօտ,  Եւ այն թագաւորներին մօտ որ հիւսիսային սարերումը եւ Քէնէրէթի հարաւային դաշտումն ու հովիտումն արեւմտեան կողմում Դովրի գաւառներումն էին,  Այսինքն արեւելեան եւ արեւմտեան Քանանացիների, Ամօրհացիների, Քետացիների, Փերեզացիների եւ լեռնաբնակ Յեբուսացիների մօտ, եւ Հերմօնի տակ Մասփայի երկրումը եղող Խեւացիների մօտ։  Եւ նորանք դուրս եկան իրանց բոլոր բանակներովը՝ շատ ժողովրդով դուրս եկան ծովի եզերքում եղող աւազի չափ բազմաթիւ, եւ խիստ շատ ձիեր եւ կառքեր։  Եւ այս բոլոր թագաւորները միանալով գնացին բանակ տուին Մառօնի ջրի մօտ որ Իսրայէլի հետ պատերազմեն։  Եւ Տէրը Յեսուին ասեց. Նորանց երեսիցը մի վախենար, որովհետեւ էգուց այս ժամանակ ես նորանց ամենքին Իսրայէլի առաջին ջարդել կ’տամ, նորանց ձիերը ջլատես եւ նորանց կառքերը կրակով այրես։  Եւ Յեսուն եւ իր հետ բոլոր պատերազմական ժողովուրդը յանկարծակի Մառօնի ջրի մօտ նորանց դէմ գնացին եւ նորանց վերայ յարձակուեցան։  Եւ Տէրը նորանց Իսրայէլի ձեռքը տուաւ, եւ նորանք զարկեցին նորանց , եւ հալածեցին նորանց մինչեւ մեծ Սիդոն եւ Մասրեփօթ–մայիմ, եւ մինչեւ Մասփայի հովիտը դէպի արեւելք, եւ նորանց զարկեցին մինչեւ որ նորանցից մէկը չ’ազատուեցաւ։  Եւ Յեսուն նորանց այնպէս արաւ ինչպէս Տէրն իրան ասել էր. նորանց ձիերը ջլատեց եւ նորանց կառքերը կրակով այրեց։ 10  Եւ Յեսուն այն ժամանակ ետ դառաւ, Հասորն առաւ եւ նորա թագաւորին սրով մեռցրեց, որովհետեւ Հասորն առաջուց այս բոլոր թագաւորութիւնների գլուխն էր։ 11  Եւ նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին սուրի բերանով զարկեցին, բնաջինջ* արին. ոչ մէկ շնչաւոր չ’մնաց.եւ Հասորը կրակով այրեց։ 12  Եւ այս թագաւորների բոլոր քաղաքները եւ նորանց բոլոր թագաւորներին առաւ եւ նորանց սուրի բերանով զարկելով բնաջինջ արաւ* ինչպէս Տիրոջ ծառայ Մովսէսը պատուիրել էր։ 13  Բայց այն ամեն քաղաքները, որոնք իրանց հողաբլուրներովը կենում էին, Իսրայէլը չ’այրեց բացի միայն Հասորիցը որ Յեսուն այրեց։ 14  Եւ այս քաղաքների բոլոր աւարը եւ անասուններն Իսրայէլի որդիքն իրանց համար կողոպտեցին, բայց բոլոր մարդկանցը սուրի բերանով զարկեցին, մինչեւ որ նորանց բնաջինջ արին, ոչ մէկ շնչաւոր չ’թողեցին։ 15  Ինչպէս Տէրն իր Մովսէս ծառային պատուիրել էր , այնպէս Մովսէս Յեսուին պատուիրեց, եւ Յեսուն էլ այնպէս արաւ, ոչ մի բան զանց չ’արաւ այն ամենից ինչ որ Տէրը Մովսէսին պատուիրել էր։ 16  Եւ Յեսուն առաւ այս բոլոր երկիրը, լեռնակողմը եւ բոլոր հարաւային կողմը եւ բոլոր Գոսոմի երկիրը, հովիտն ու դաշտը, եւ Իսրայէլի սարը եւ նորա հովիտը, 17  Սէիր վեր գնացող Քալակ սարիցը մինչեւ Հերմոն սարի տակի Լիբանանի հովտումը եղող Բաաղգադ, եւ նորանց բոլոր թագաւորներին բռնեց եւ նորանց զարկեց մեռցրեց։ 18  Յեսուն այս բոլոր թագաւորների հետ շատ օրեր պատերազմ արաւ։ 19  Մի քաղաք չ’կար, որ Իսրայէլի որդկանց հետ հաշտութիւն արած լինէր բացի Գաբաւօնի մէջ բնակող Խեւացիներիցը. ամենն էլ պատերազմով առան։ 20  Որովհետեւ Տէրիցն եղաւ նորանց սիրտը կարծրացնելը, որ պատերազմով Իսրայէլի դէմ դնեն որ նորանց ողորմութիւն չ’լինելով նորանց կորցնէ*, որպէս զի բնաջինջ անէ նորանց ինչպէս որ Տէրը Մովսէսին պատուիրել էր։ 21  Եւ Յեսուն այն ժամանակ գնաց, եւ կոտորեց Ենակիմներին սարերիցը՝ Քեբրոնից, Դաբիրից, Անաբից եւ Յուդայի բոլոր սարերիցը, եւ Իսրայէլի բոլոր սարերիցը. Յեսուն նորանց իրանց քաղաքներովը մէկտեղ փչացրեց։ 22  Իսրայէլի որդկանց երկրի մէջ Ենակիմներ չ’մնաց, բայց միայն Գազայի, Գեթի եւ Ասեդովթի մէջ մնացին։ 23  Եւ Յեսուն բոլոր երկիրն առաւ, բոլորովին ինչպէս որ Տէրը Մովսէսին պատուիրել էր, եւ Յեսուն նորան տուաւ Իսրայէլին իբր ժառանգութիւն նորանց ցեղերի բաժինների համեմատ. եւ երկիրը պատերազմից հանգստացաւ։

Ծանոթագրություններ

11։11 Կամ՝ նզովեցին։
11։12 Կամ՝ նզովեց։
11։20 Կամ՝ նզովէ։