Հեսու 14։1-15

14  Եւ սորանք են Քանանի երկրի մէջ Իսրայէլի որդկանց ժառանգածը, որ Եղիազար քահանան եւ Նաւեան Յեսուն եւ Իսրայէլի որդկանց ցեղերի նահապետութեան իշխանները ժառանգեցրին նորանց։  Վիճակով եղաւ նորանց ժառանգութիւնը, ինչպէս որ Տէրը Մովսէսի ձեռքովը հրամայել էր այն ինն ու կէս ցեղերին։  Որովհետեւ Մովսէսը երկու եւ կէս ցեղերին ժառանգութիւն տուել էր Յորդանանի այն կողմին, բայց Ղեւտացիներին ժառանգութիւն չ’տուաւ նորանց մէջ.  Որովհետեւ Յովսեփի որդիքը երկու ցեղ էին, Մանասէն եւ Եփրեմը. եւ երկրի մէջ Ղեւտացիներին բաժին չ’տուին, այլ քաղաքներ՝ բնակուելու համար, եւ նորանց արուարձաններն իրանց խաշինքների եւ ստացուածների համար։  Ինչպէս որ Տէրը Մովսէսին պատուիրել էր, Իսրայէլի որդիքը այնպէս արին, եւ երկիրը բաժանեցին։  Եւ Յուդայի որդիքը Գաղգաղայումը Յեսուին մօտեցան, եւ Կենեզեան Յեփոնէի որդի Քաղէբը նորան ասեց. Դու գիտես այն խօսքը, որ Տէրը Կադէս–բառնեայումը խօսեց Աստուծոյ մարդ Մովսէսի հետ իմ եւ քո մասին։  Եւ քառասուն տարեկան էի երբոր Տիրոջ ծառայ Մովսէսը ինձ Կադէս բառնեայից ուղարկեց երկիրը լրտեսելու համար, եւ ես սրտիս մէջ եղածի պէս նորա համար լուր բերի.  Սակայն ինձ հետ վեր գնացող եղբայրներս ժողովրդի սիրտը թուլացրին. բայց ես բոլորովին իմ Տէր Աստուծուն հետեւեցի։  Եւ այն օրը Մովսէսն երդում արաւ ասելով. Անպատճառ այն երկիրը որ քո ոտքը կոխել է քեզ եւ քո որդկանցը լինի ժառանգութիւն յաւիտեանս, որովհետեւ իմ Տէր Աստուծուն բոլորովին հետեւեցիր։ 10  Արդ ահա Տէրը ինձ կենդանի է պահել ինչպէս որ խօսել էր այս քառասունեւհինգ տարին, այն ժամանակից ի վեր՝ որ Տէրը այս խօսքը Մովսէսին ասեց. Երբոր Իսրայէլը անապատումը ման էր գալիս. եւ ահա ես այսօր ութսունեւհինգ տարեկան եմ. 11  Եւ այսօր տակաւին ուժով եմ, ինչպէս որ էի այն օրը երբ Մովսէսն ինձ ուղարկեց. այն ժամանակի զօրութիւնս ինչպէս էր, այժմեան զօրութիւնս էլ այնպէս է՝ պատերազմելու, եւ դուրս գալու եւ մտնելու կողմանէ։ 12  Եւ հիմա տուր ինձ այն սարը, որի համար Տէրն այն օրը խօսեց. որովհետեւ դու այն օրը լսեցիր, որ այնտեղ կան Ենակիմները եւ մեծ պարսպաւոր քաղաքներ, գուցէ Տէրն ինձ հետ կ’լինի եւ ես նորանց կ’հալածեմ, ինչպէս որ Տէրն ասել է։ 13  Եւ Յեսուն նորան օրհնեց, Քեբրոնը Յեփոնեան Քաղէբին տուաւ իբր ժառանգութիւն։ 14  Սորա համար Քեբրոնը Կենեզեան Յեփոնէի որդի Քաղէբինը եղաւ իբրեւ ժառանգութիւն մինչեւ այս օրը, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուծուն բոլորովին հետեւեց։ 15  Եւ Քեբրոնի անունը առաջուց Կարիաթ–արբա էր, որ Ենակիմների մէջ մեծ մարդ էր։ Եւ երկիրը պատերազմից հանգստացաւ։

Ծանոթագրություններ