Հեսու 22։1-34

22  Այն ժամանակ Յեսուն կանչեց Ռուբէնեաններին, Գադեաններին, եւ Մանասէի կէս ցեղին,  Եւ նորանց ասեց. Դուք այն ամենը պահեցիք ինչ որ Տիրոջ ծառայ Մովսէսը ձեզ հրամայել էր. եւ իմ խօսքին լսեցիք ամեն բանի մէջ, որ ձեզ պատուիրեցի։  Այսչափ շատ օրեր մինչեւ այս օրը ձեր եղբայրներին չ’թողեցիք, եւ ձեր Տէր Աստուծոյ պատուիրանքի պահպանութիւնը պահեցիք։  Եւ հիմա ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրներին հանգստացրեց, ինչպէս որ նորանց ասեց. ուրեմն հիմա ետ դառէք, եւ գնացէք ձեր վրանները դէպի ձեր կալուածքի երկիրը, որ Տիրոջ ծառայ Մովսէսը Յորդանանի այն կողմումը ձեզ տուաւ։  Միայն թէ շատ զգուշութիւն արէք որ գործադրէք այն պատուիրանքը եւ այն օրենքը, որ Տիրոջ ծառայ Մովսէսը ձեզ պատուիրեց, որ ձեր Տէր Աստծուն սիրէք, եւ նորա ամեն ճանապարհներումը գնաք, եւ նորա պատուիրանքները պահէք, եւ նորան յարիք, եւ նորան պաշտէք ձեր բոլոր հոգիովը։  Եւ Յեսուն օրհնեց նորանց եւ արձակեց. եւ նորանք գնացին իրանց վրանները։  Եւ Մանասէի կէս ցեղին Մովսէսը տուել էր Բասանի մէջ, եւ կէսին էլ Յեսուն նորանց եղբայրների հետ Յորդանանի այս կողմումը տուաւ դէպի արեւմուտք։ Եւ երբոր Յեսուն նորանց վրաններն ուղարկեց, նորանց օրհնեց.  Եւ նորանց հետ խօսեց ասելով. Շատ հարստութիւնով ետ դառէք ձեր վրանները եւ խիստ շատ անասուններով, արծաթով, ոսկիով, պղնձով, երկաթով եւ խիստ շատ հանդերձներով, եւ ձեր թշնամիների աւարը ձեր եղբայրների հետ բաժանեցէք։  Եւ ետ դառան գնացին Ռուբէնի որդիքը, Գադի որդիքը եւ Մանասէի կէս ցեղը Քանանի երկրումն եղող Սելովումը Իսրայէլի որդիներից, որ գնան իրանց ժառանգութեան երկիրը՝ այսինքն Գաղաադի երկիրը, որ Մովսէսի միջոցով եղած Տիրոջ հրամանովն առել էին։ 10  Եւ եկան Յորդանանի կողմերը որ Քանանի երկրումն է եւ Ռուբէնի որդիքը, Գադի որդիքը եւ Մանասէի կէս ցեղը այնտեղ Յորդանանի մօտ մէկ սեղան շինեցին՝ մի մեծ սեղան երեւութով։ 11  Եւ Իսրայէլի որդիքը լսեցին թէ ահա Ռուբէնի որդիքը, եւ Մանասէի կէս ցեղը սեղանը շինել են Քանանի երկրի դէմ Յորդանանի կողմին Իսրայէլի որդկանց անցքի մօտ. 12  Եւ երբոր Իսրայէլի որդիքը լսեցին, Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը Սելովի մէջ ժողովուեցան, որ նորանց վերայ գնան պատերազմի։ 13  Եւ Իսրայէլի որդիքը Ռուբէնեանց, Գադեանց եւ Մանասէի կէս ցեղի մօտ Գաղաադի երկիրը ուղարկեցին Եղիազարի որդի Փենէհէս քահանային, 14  Եւ նորա հետ տասը իշխան, այսինքն Իսրայէլի ամեն ցեղերի ամեն մի նահապետութիւնից մէկ իշխան, որոնց ամեն մէկը Իսրայէլի հազարաւորների մի նահապետութեան իշխան էր։ 15  Եւ նորանք գնացին Ռուբէնի որդկանց, Գադի որդկանց եւ Մանասէի կէս ցեղի մօտ՝ Գաղաադ, եւ նորանց հետ խօսեցին ասելով. 16  Տիրոջ բոլոր ժողովքը այսպէս են ասում. Դա ի՞նչ մեղք է որ դուք Իսրայէլի Աստուծոյ դէմ գործեցիք՝ այսօր Տէրիցը խոտորուելով, եւ այսօր Տիրոջ դէմ ապստամբութիւն անելով ձեզ համար սեղան շինեցիք։ 17  Մի՞թէ Փոգովրի անօրէնութիւնը քիչ էր մեզ համար, որից մինչեւ այս օրը չ’մաքրուեցանք, եւ Տիրոջ ժողովքի վերայ եկաւ այն հարուածը։ 18  Եւ դուք այսօր Տէրիցը խոտորուեցաք, ուրեմն եթէ դուք այսօր Տէրիցն ապստամբուէք, նա էլ էգուց Իսրայէլի բոլոր ժողովքի վերայ կ’բարկանայ։ 19  Սակայն եթէ ձեր կալուածքի երկիրն անմաքուր էք համարում, անց կացէք Տիրոջ կալուածքի երկիրը, ուր կանգնած է Տիրոջ խորանը եւ մեր միջում ժառանգութիւն առէք. եւ Տիրոջ դէմ մի ապստամբիք մեր Տէր Աստուծոյ սեղանիցը ջոկ ձեզ համար սեղան շինելով։ 20  Չէ որ Զարայեան Աքարը նզովածիցն առնելով մեղք գործեց, եւ բարկութիւնն Իսրայէլի բոլոր ժողովքի վերայ եկաւ եւ այն մարդը մինակ չ’մեռաւ իր անօրէնութեան մէջ։ 21  Եւ Ռուբէնի որդիքը, Գադի որդիքը ու Մանասէի կէս ցեղը պատասխանեցին եւ ասեցին Իսրայէլի հազարապետներին. 22  Աստուածների Աստուածը Եհովան, աստուածների Աստուածը Եհովան գիտէ. եւ Իսրայէլը թող գիտենայ. եթէ այս բանն ապստամբութեամբ կամ Տիրոջ դէմ յանցանք գործելով արինք՝ (մեզ այսօր չ’փրկես* 23  Մեզ համար սեղան շինեցինք Տէրիցը ետ դառնալու համար, կամ նորա վերայ ողջակէզ եւ հացի նուէր մատուցանելու համար, եւ կամ նորա վերայ խաղաղութեան զոհեր անելու համար, Տէրն ինքը քննութիւն անէ։ 24  Եթէ որ մենք այս մեր վախիցը չ’շինեցինք, ասելով. որ էգուց ձեր որդիքը մեր որդկանցը կ’ասեն. թէ Դուք Իսրայէլի Եհովայ Աստուծոյ հետ ի՞նչ կապ ունիք. 25  Ով Ռուբէնեանք եւ Գադեանք, Եհովան մեր ու ձեր մէջ Յորդանանը սահման դրաւ. դուք Տէրիցը բաժին չ’ունէք. եւ ձեր որդիքը մեր որդիներիցը Տիրոջ երկիւղը կ’դադարեցնեն։ 26  Այս պատճառով ասեցինք. Մեզ համար մէկ սեղան շինենք, ոչ թէ ողջակէզի համար, ոչ էլ զոհի համար, 27  Այլ որ վկայ լինի մեր ու ձեր մէջ, եւ մեզանից յետոյ մեր սերունդների մէջ, որ մեր ողջակէզներովը, մեր պատարագներովը եւ մեր խաղաղութեան զոհերովը Տիրոջ ծառայութիւնը՝ նորա առաջին անենք, եւ էգուց ձեր որդիքը չ’ասեն մեր որդկանցը՝ թէ դուք բաժին չ’ունէք Տէրիցը։ 28  Եւ ասեցինք. Եթէ մեզ կամ մեր սերունդին էգուց ասելու լինեն, մենք էլ կ’ասենք թէ Տեսէք Եհովայի սեղանի օրինակը որ մեր հայրերը շինեցին, ոչ թէ ողջակէզի համար կամ զոհի համար, այլ մեր ու ձեր մէջ վկայութիւն լինելու համար։ 29  Քաւ լիցի մեզ որ մենք Տէրիցը ապստամբուենք, եւ այսօր Տէրիցը ետ դառնալով սեղան շինենք ողջակէզի համար, հացի նուէրի համար եւ զոհի համար բացի մեր Տէր Աստուծոյ սեղանիցը որ խորանի առաջին է։ 30  Եւ Փենէհէս քահանան եւ նորա հետ եղող ժողովքի իշխանները եւ Իսրայէլի հազարապետները լսեցին այն խօսքերը, որ Ռուբէնի որդիքը, Գադի որդիքը եւ Մանասէի որդիքը խօսեցին, եւ հաճոյ երեւեցաւ. 31  Եւ Եղիազարի որդի Փենէհէս քահանան Ռուբէնի որդկանցը, Գադի որդկանցը եւ Մանասէի որդկանցն ասեց. Այսօր իմացանք որ Տէրը մեր մէջն է, որովհետեւ դուք Տիրոջ դէմ չ’գործեցիք այս հանցանքը, եւ ազատեցիք Իսրայէլի որդկանցը Տիրոջ ձեռքիցը։ 32  Եւ Եղիազարի որդի Փենէհէս քահանան եւ իշխանները ետ դառան Ռուբէնի որդկանց եւ Գադի որդկանց մօտից Գաղաադի երկրիցը Քանանի երկիրը Իսրայէլի որդկանց մօտ եւ լուր բերին նորանց։ 33  Եւ այս բանը Իսրայէլի որդկանցը հաճոյ երեւեցաւ, եւ Իսրայէլի որդիքն օրհնեցին Աստուծուն, եւ չ’ասեցին որ նորանց վերայ գնան պատերազմելու, որ կործանեն Ռուբէնի որդկանց եւ Գադի որդկանց բնակած երկիրը։ 34  Եւ Ռուբէնի որդիքը եւ Գադի որդիքը այն սեղանին անունը Վկայութիւն դրին, որովհետեւ նա մեր միջումը վկայ է որ Եհովան է Աստուած։

Ծանոթագրություններ

22։23 չ’ապրեցնես։