Հեսու 23։1-16

23  Եւ շատ օրերից յետոյ, որ Տէրը հանգստացրել էր Իսրայէլին նորա շրջակայքում եղած ամեն թշնամիներիցը, Յեսուն ծերացել էր եւ օրերն անց կացրել,  Այն ժամանակ Յեսուն կանչեց բոլոր Իսրայէլին՝ այսինքն նորա ծերերին, իշխաններին, դատաւորներին եւ ոստիկաններին, եւ նորանց ասեց. Ես ծերացել եմ, եւ օրերս անց եմ կացրել.  Եւ դուք տեսաք այն ամենը, ինչ որ ձեր Տէր Աստուածը ձեր առաջին արաւ այս բոլոր ազգերին. որովհետեւ ձեր Տէր Աստուածը ինքն էր ձեզ համար պատերազմողը։  Նայեցէք, ես ձեզ համար բաժանեցի այս մնացած ազգերը վիճակով իբրեւ ժառանգութիւն ձեր ցեղերի համեմատ, եւ այն ամեն ազգերը որ ես ջարդեցի, Յորդանանից մինչեւ Մեծ ծովը դէպի արեւմուտք։  Եւ ձեր Տէր Աստուածն ինքը կ’հալածէ նորանց ձեր առաջիցը եւ կ’քշէ, եւ նորանց երկիրը դուք կ’ժառանգէք, ինչպէս որ ձեր Տէր Աստուածը ձեզ ասեց։  Ուրեմն շատ ժիր եղիք, որ պահէք եւ անէք բոլոր ինչ որ գրուած է Մովսէսի գրքումը, որ նորանից չ’խոտորուէք աջ կամ ձախ.  Որպէս զի ձեզ մօտ մնացած այս ազգերի մէջ չ’մտնէք եւ նորանց աստուածների անունները չ’յիշէք, եւ նորանցով երդում չ’անէք եւ նորանց երկրպագութիւն չ’անէք.  Այլ ձեր Տէր Աստծուն յարիք, ինչպէս որ մինչեւ այս օրը արել էք։  Եւ Տէրը ձեր առաջից մեծ ու զօրաւոր ազգեր քշեց. եւ մինչեւ այս օրը ոչ մէկը ձեզ դէմ չ’կանգնեց։ 10  Ձեզանից մէկ մարդ հազարը կ’հալածէ, որովհետեւ ձեր Տէր Աստուածը ինքն է ձեզ համար պատերազմողը, ինչպէս որ ձեզ ասել է։ 11  Ուրեմն ձեր անձերին շատ զգուշութիւն անէք, որ ձեր Տէր Աստուծուն սիրէք։ 12  Բայց եթէ նորանից ետ դառնաք, եւ ձեզ մօտ մնացած այս ազգերի մնացորդին յարիք, եւ նորանց հետ խնամութիւն անէք, եւ դուք նորանց հետ խառնուիք եւ նորանք էք ձեզ հետ, 13  Ստոյգ գիտացէք, որ ձեր Տէր Աստուածը այլ եւս այս ազգերին ձեր առաջից չի հալածիլ. այլ նորանք ձեզ համար որոգայթ ու գայթակղութիւն կ’դառնան, եւ ձեր կողերի համար խթաններ, եւ ձեր աչքերի համար փուշեր, մինչեւ որ բնաջինջ լինէք այս բարի երկրի վերայից, որ ձեր Տէր Աստուածը ձեզ տուաւ։ 14  Եւ ահա ես այսօր գնում եմ ամեն երկրի ճանապարհը, եւ դուք ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը գիտէք, որ ձեր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր, նորանցից մի բան չ’պակասեց, ամենն էլ ձեզ վերայ կատարուեցաւ. նորանցից ոչ մէկ խօսք գետինը չ’ընկաւ։ 15  Եւ ինչպէս որ ձեզ վերայ եկաւ ձեր Տէր Աստուծոյ ձեզ համար արած ամեն բարի խօսքերը, նոյնպէս էլ Տէրը կ’բերէ ձեզ վերայ այն ամեն չար խօսքերը, մինչեւ որ բնաջինջ անէ ձեզ այս բարի երկրի վերայից, որ ձեր Տէր Աստուածը ձեզ տուաւ։ 16  Եթէ ձեր Տէր Աստուծոյ ձեզ պատուիրած ուխտը զանց անէք, եւ գնաք օտար աստուածներ պաշտէք. եւ նորանց երկրպագութիւն անէք, Տիրոջ բարկութիւնը ձեզ վերայ կ’բորբոքուի, եւ այն ձեզ տրուած բարի երկրի վերայից շուտով կ’կորչէք։

Ծանոթագրություններ